Ամերիկյան քաղաքատնտեսություն

Ամերիկան նախագահ ընտրեց: Արդյունքն անսպասելի էր շատերի համար: Բացառությամբ, իհարկե, մեր իշխող կուսակցության հայտնի դեմքերի: Նրանք վաղուցվանից են պնդում, որ «Հանրապետականի դեմ խաղ չկա»: Կատակը` կատակ, բայց աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրի նախագահական ընտրությունները նույնքան անսպասելի ու տարօրինակ ազդեցություն թողեցին համաշխարհային տնտեսության վրա:

Հանրահայտ բոլոր բորսաներում անկումային տրամադրություն է: Ռուսաստանը չհասցրեց կարգին ուրախանալ ու վայելել ընտրության արդյունքները (ՌԴ-ում արված սոցիոլոգիական հարցումներով պարզվել էր, որ այդ երկրի քաղաքացիները հենց Թրամփին էին գերադասում տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում): Նավթի բորսայական գինը գահավիժում է: Մեկ գիշերվա ընթացքում նավթն էժանացավ չորս տոկոսով: Նավթ արդյունահանող երկրները, չնայած իրենց նախնական խոստում-հայտարարություններին, արտադրությունը կրճատելու փոխարեն` ավելացրել են արդյունահանման ծավալները:

Փոխարենը` նույն ժամանակահատվածում ուղիղ չորս տոկոսով թանկացավ ոսկին: Ոսկու գնաճը փորձագետները միշտ էլ համարել են տնտեսական պասիվության ցուցանիշ: Ոսկին սովորաբար թանկանում է այն ժամանակ, երբ խոշոր ներդրողները բորսայական արժեթղթեր ձեռք բերելը համարում են ռիսկային և իրենց դրամական միջոցները փորձում են պահուստավորել ավանդական ու ամենահանրահայտ ապրանքի՝ ոսկու տեսքով:

Դոնալդ Թրամփն իր նախընտրական ելույթներում պարբերաբար խոստանում էր ընտրվելու դեպքում խստացնել ներգաղթը կարգավորող օրենսդրությունը, Մեքսիկայի սահմանին պարիսպ կառուցել: Ավելին, նա մի քանի անգամ հայտարարել է, որ արտաքսելու է ԱՄՆ-ում ապօրինի հայտնված 90 հազար մեքսիկացիներին: Այսօր դժվար է միանշանակ պնդել, որ նոր նախագահը` իշխանության գալուց, կկատարի իր խոստումը: Փոխարենը` կարելի է արձանագրել, որ մեկ գիշերվա մեջ մեքսիկական ազգային դրամը՝ պեսոն, արժեզրկվեց 11 տոկոսով: Մեքսիկայի տնտեսությունն էլ, մեր տնտեսության նման, կախված է տրանսֆերտներից: Կարճ ասած՝ համաշխարհային շուկան ցնցումների մեջ է:

Թրամփը խոստացել է նոր արգելքներ դնել ամերիկյան ներմուծումների ոլորտում: Իսկ դա նշանակում է, որ նվազելու է հանքահումքի գինը: Էժանանալու են արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների արժեթղթերը: Համաշխարհային տնտեսական մամուլը հեղեղված է լուրերով, որ ներդրողները խուսափում են արժեթղթերից և իրենց ֆինանսական միջոցներն ուղղորդում են ոսկու և պետական պարտատոմսերի շուկա: Արդյունքում` ոսկին թանկանում է: Իսկ պետական երկարաժամկետ պարտատոմսերի շահութաբերությունը նվազում է, որովհետև նկատելիորեն աճել է դրանց պահանջարկը:

Ամենապահանջվածը Ճապոնիայի պետական արժեթղթերն են: Հենց ճապոնական իենի փոխարժեքը դոլարի նկատմամբ երեք տոկոսով արժևորվել է:
Փաստորեն, դոլարի փոխարժեքը ևս իր բաժին հարվածը ստացավ նախագահական անսպասելի ընտրություններից: Դոլարի փոխարժեքը բոլոր հանրահայտ դրամների նկատմամբ արժեզրկվում է: Մեր ազգային վճարամիջոցը ևս մեկ դրամով «էժանացրեց» ամերիկյան դոլարը: Կատարվածը, իհարկե, տհաճ, բայց լուրջ հարված չէ ամերիկյան տնտեսությանը: Ամերիկյան ֆինանսական իշխանությունները հայտարարում են, որ իրենք դիտարկել են այս սցենարը, և իրավիճակը շտկելու քայլերն արդեն մշակված են:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, իր անդրանիկ ելույթում հայտարարեց, որ «Ամերիկան երբեք չի համաձայնի ոչնչի հետ, լավագույնից բացի»: Բոլոր դեպքերում ակնհայտ է մի բան, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունն անսովոր իրավիճակում է հայտնվել: Շատերն էին սպասում, որ այս տարի ԱՄՆ-ը կընտրի առաջին կին նախագահին: Բայց ամերիկացիները գերադասեցին ընտրել իրենց ամենատարեց նախագահին: Մարդու, ում անունը երբեք հայտնի չի եղել քաղաքական շրջանակներում:

Թրամփը նաև Ամերիկայի ամենահարուստ նախագահն է: Թե ի՞նչ ճակատագիր ունեցավ նախորդ հարուստ նախագահը՝ Քենեդին, բոլորին է հայտնի: Բայց, ի տարբերություն Քենեդիի՝ Թրամփը հարստությունը ժառանգություն չի ստացել: Նա գործարար է, ով ինքն է ստեղծել իր կարողությունը: Փաստորեն, ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ երկիրը կառավարելու է ոչ թե քաղաքական հմտություններ, ուսում ու կրթություն ստացած անձ, այլ մարդ, ով հաջողակ գործարար է և խորթ ու օտար է քաղաքական գործիչների դասին: Առ այսօր Ամերիկան երբեք նման փորձ-էքսպերիմենտ չէր արել իր կառավարման ոլորտում: Շոկը համընդհանուր է:

Եվրամիության երկրներում կատարված սոցիոլոգիական հարցումներից հայտնի էր, որ եվրոպացիների համար ԱՄՆ գերադասելի նախագահը Թրամփի մրցակիցն էր: ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունը, իհարկե, իր մեջ քաղաքական բաղադրիչ ունի: Բայց, միևնույն է, այդ երկիրն է համաշխարհային տնտեսության առաջատար ուժը: Ամերիկյան տնտեսության մեջ թույլ հարբուխը միշտ էլ լրջագույն թոքաբորբ է համաշխարհային տնտեսության համար: Եվ դա ամենևին էլ չափազանցություն չէ: Վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը հենց ամերիկյան բանկային համակարգի «հարբուխի» հետևանք է: Ճգնաժամ, որ առ այսօր հաղթահարված չէ:

Տեսանյութեր

Լրահոս