«Եվ այդ մեկ ընտրողը դու ես…». Ալլահ աքբար
Նախընտրական քարոզչության հիմնական ուղեկիցները խաբկանքներն ու պատրանքներն են: Ընտրություններին մասնակցող ուժերը վաճառում են խաբկանքներ, ընտրողների՝ ոչ թե ուղեղով, այլ ականջներով դատող հատվածը պատասխանում է պատրանքներով:
Պետության կործանումը տեղի է ունենում խաբկանք-պատրանք հարթությունում, որովհետև ինչպես խաբկանք վաճառողները, այնպես էլ պատրանքով ինքնախաբվողները թքած ունեն պետության վրա:
Խաբկանքների ամենամեծ վաճառականն իշխանությունն է:
Նիկոլ Փաշինյանը՝ կրկեսային թափառախմբի նման բակից-բակ շրջելով՝ խաբկանքներ է վաճառում՝ առանձնապես հիմարաբար խաբվողներին որպես լրավճար բաժանելով Հայաստանի քարտեզի ծաղր հիշեցնող քաղցրավենիքները:
Եվ ամենևին պատահական չէ, որ նախընտրական քարոզչության միջնամասում խոսակցության բառապաշարն իջել է ոչ թե՝ անգամ փողոցային, այլ՝ բազարային մակարդակի: Գռեհկությունը, որ ամեն օրվա հետ ավելանում է իշխանական խաբկանքների ու անուղեղ պատրանքների փոխանակության շղթայում, անգամ շուկայի զբաղմունք չէ, դա ամենացածր բազարում պատահող առևտուր է, որտեղ կողմերից յուրաքանչյուրը խաբում է դիմացինին՝ խաբվողի տգիտության մակարդակի հանգույն:
Բազարային հայհոյախոսությամբ այս օրերին Նիկոլ Փաշինյանը հնչեցնում է Հայաստանի Հանրապետության դամբանականը: Ու դա անում է հայհոյանքով՝ ոչ միայն սեռական փողոցային բնույթին համապատասխան, այլև՝ որովհետև հայհոյանքի առաջացրած թամաշան թույլ չի տալիս ականջակախ լսողներին արձանագրել, որ իրենց բակերում ու իրենց բակերից Հայաստանի ղեկավարը նախընտրական խոստումներ է հղում ոչ թե իրենց՝ ընտրողներին, այլ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Նա արդեն հասցրել է տարբեր վայրերում հայտարարել, որ ընտրություններից հետո Ադրբեջանին է «վերադարձնելու», այսպես կոչված, «անկլավները»՝ Տավուշի մի քանի գյուղերից՝ մինչև հայ-իրանական ռազմավարական ճանապարհին գտնվող Տիգարանաշեն: Հենց սա է Հայաստանի ընտրական գործընթացի հիմնական բնութագրիչն ու արատը՝ իշխանությունը ձևավորվելու է ոչ թե ընտրողների քվեարկությամբ, այլ Հայաստանի «անվտանգության երաշխավոր» հռչակված Ադրբեջանի կամքով:
Ադրբեջան ասելով՝ պետք է հասկանալ, բնականաբար, առաջին հերթին՝ բուն Ադրբեջանը, բայց միաժամանակ, ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում՝ հավաքական Արևմուտքին, որի շահերից է բխում Հայաստանում ադրբեջանական իշխանության վերահաստատումը: Այսպիսով, 2018 թվականի «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դրել է այնպիսի վիճակում, որ ի դեմս իրեն՝ դրա ղեկավարի ընտրությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Իլհամ Ալիևն է:
Այս պահի դրությամբ քաղաքական դաշտի ստատուս-քվոն այնպիսին է, որ ընտրությունը՝ ոչ թե էլեկտորալ, ընթացակարգային, այլ քաղաքական իմաստով, կայացած է համարվելու այդ մեկ ընտրողի մասնակցությամբ և այդ մեկ ընտրողի՝ ՔՊ-ին տված ձայնով, որը դառնալու է այս օրերին բակից բակ հիստերիկ ղժղժոցով ներկայացվող Հայաստանի դամբանականի վերջին արտահայտությունը՝ «Ամեն»-ի փոխարեն հնչելով՝ որպես «Ալլահ Աքբար»…



