Բաժիններ՝

Ներառական կրթության անցումն անհրաժեշտ է հենց հասարակությանը

«Կրթությունն է այն բացառիկ գործիքը, որով հնարավոր է կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց վերադարձնել հասարակություն՝ որպես լիիրավ անդամներ: Կրթությունն է այն բանալին, որը բացելու է այդ անձանց համար ավելի լավ ապագա, քան այսօր ունեն»,- ասաց ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը Մանկավարժական համալսարանի կազմակերպած «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի բացման ժամանակ: Նախարարը նկատեց, որ ներառական կրթության համակարգը բովանդակային առումով բոլորիս ավելի բարի ու համերաշխ դարձնելու լավագույն գործիքներից է: «Մենք դա անում ենք նախևառաջ մեզ համար, մեր հասարկության համար, որովհետև այն բարոյահոգեբանական փոփոխությունները, որոնք անդարձելիորեն կատարվում են ներառական կրթության գործընթացին զուգահեռ՝ նախևառաջ բարիացնում են մեզ»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նախարարը ներկայացրեց պետական մոտեցումն այս հարցում. ոչ մի կազմակերպական, ֆինանսական դժվարություն չի կարող առիթ հանդիսանալ մեր հասարակության մաս կազմող հազարավոր երեխաներին ապագայից զրկելու: Խոսելով դպրոցները համապատասխան ունակություններ և կարողություններ ունեցող կադրերով համալրելու մասին՝ Արմեն Աշոտյանը կարևորեց հենց Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի դերը: Հավելելով, որ խիստ կարևոր է, որպեսզի մանկավարժական ուղղվածության ունեցող բուհերը ներդնեն այս համակարգը որպես մանկավարժական կրթության բաղկացուցիչ մաս:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր խոսքում արձանագրեց՝ վերջին տարիներին ՀՀ-ում ներառական կրթության ոլորտում մեծ առաջընթաց է գրանցվել, արգասիքներից մեկն էլ այս գիտագործնական գիտաժողովի կազմակերպումն է, որում եղած քննարկումներն ու նոր մոտեցումները կունենան գործնական և կիրառական նշանակություն:

«Կրթության առանձահատուկ կարիք ունեցողները խնդիր ունեն ինտեգրվելու հասարակությանը: Ներառական կրթությունը ներառական հասարակության կարևորագույն բաղադրիչն է և մեր բոլորիս խնդիրն է տալ ու ստեղծել հավասար հնարավորություններ, որ նրանք էլ իրականացնեն և օգտվեն իրենց հավասար իրավունքներից»,- ասաց

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը , և այդ ոլորտում հաջողության հասնելու համար՝ կարևորեց սոցիալական ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ որևէ պետության զարգացման մասին վկայում է դեպի սահմանափակ կարիքներ ունեցողների հանդեպ այդ պետության հասարակության վերաբերմունքը: Ռեկտորը վստահեցրեց, որ երկրում ներառական կրթությունը կունանա անհրաժեշտ հաջողությունը և այդ ճանապարհին անպայման հաշվի կառնվեն տեղական կրթական, ազգային առանձնահատկությունները՝ չմոռանալով նաև առաջավոր միջազգային փորձը:

(ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչան էլ կարևորեց կրթության դերակատարումը բոլորի՝ այդ թվում, առանաձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների կյանքում, նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է անհատական աշխատանք տարվի: Վերջինս բարձր գնահատեց հատուկ կրթության ոլորտի հայ ներկայացուցիչների իմացությունն ու պատրաստվածությունը, ապա կոչ արեց աշխատել միասին՝ ներգրավելով տարբեր կազմակերպությունների ու հատկապես նման խնդիրներ ունեցող երեխաների ընտանիքներին:

«Ներառական կրթությունը հանդիսանում է ժամանակակից կրթական համակարգի գերական միտումը: Սա միայն մի ձևն է և այն պետք է ոչ թե գերակայի, այլ գոյակցի մյուս՝ ավանդական և ինովացիոն մեթոդների հետ»,- իր ելույթում նշեց ՌԴ կրթության ակադեմիկոս, Շտկողական մանկավարժության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Մոլոֆեևը: Վերջինս ներկայացնելով «Ներառական կրթության ապահովումը.Ռուսաստանի Դաշնության փորձը» թեմայով զեկույցը՝ անդրադարձավ ոուսաստանաբնակ կրթության առանաձնահատուկ կարիքներ ունեցողների ներկայիս կրթական պահանջներին, և այդ առումով օրենսդրական դաշտում կատարված փոփոխություններին: Նիկոլայ Մոլոֆեևն ընդգծեց, որ նախորդ 20 տարիներին շատ հաճախ ընդունվել և կիրառվել են անհաջող որոշումներ ու մեթոդական սխալներ, իսկ գլխավոր խնդիրը համարեց ոլորտում արտերկրի փորձի ուղղակի արտատպումը:

Պրոֆեսորը գիտաժողովի անցկացումն ու նմանատիպ քննարկումները կարևորեց, նկատելով, որ ներկառական կրթության փորձն ամբողջ աշխարհում նոր է՝ ընդամենը 20-25 տարվա: Նա կարևորեց թեմայի նկատմամբ հասարակության լայն շերտերի հետաքրքրվածությունը, ապա նկատեց, որ Հայաստանն այն երկրներից է, որը դեռևս 80-ականներին ունեցել է առանձնահատուկ կարիքներով մարդկանց հետ աշխատելու լավ փորձ, և անկախ երկրի տնտեսական վիճակից արել ու անում է ամեն ինչ ոլորտում նոր ձեռքբերումներ գրանցելու համար. «Նախկին խորհրդային միության երկրները թեպետ չունեն արևմուտքի ֆինանասական հնարավորությունները, տարբեր են իրենց մենթալիտետով, արժեքներով, սակայն նրանցից շատ բան կա փոխառնելու. պետք է հարգել սահմանափական հնարավորություններով երեխաների, նրանց ընտանիքների իրավունքներն ու լավ վերաբերվել նրանց»:

ԱՄՆ-ի Ապպալաչիան համալսարանի Ընթերցանության կրթության և հատուկ կրթության ամբիոնի պրոֆեսոր Քեյթ Սմիթը «Դրական վարքագիծ և սոցիալական հմտություններ ձևովորող օժանդակ տեխնոլոգինները» թեմայով զեկույցում ներկայացրեց այն օժանդակ տեխնոլոգիաներն ու 4 հիմանկան մեթոդները, որոնք կիրառվում են հատուկ դպրոցներում:

Ի դեպ, պրոֆեսորը հաճախ դասախոսություններով հանդես է գալիս նաև ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետում, իսկ Հայաստանի փորձն ու պոտենցիալը դրական է գնահատում՝ նկատելով, որ այն բաց երկիր է՝ պատրաստ զարգացման և փորձի տարածման:

ՀՀ ազգային ժողովի առողջապահության, մանկության և մայրության մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն անդրադարձավ ՀՀ զարգացման առանձնահատկություններով երեխաների վաղ հայտնաբերման և միջամտության ներդրմանը՝ հետահայաց վերլուծելով անցած 20 տարիների փորձը: Պրոֆեսորը նկատեց, որ ներառական կրթության գաղափարախոսությունը սկիզբ է առել Հայաստանում երկրաշարժի տարիներից հետո՝ համագործակցելով բազում կազմակեպությունների և ծառայությունների հետ:

Գիտաժողովին մասնակցում էին 100-ից ավելի մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ֆինլյանդիայից, Շվեյցարիայից, Շոտլանդիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից. այդ թվում` բուհերի պրոֆեսորներ, ներառական հաստատությունների տնօրեններ, բազմամասնագիտական թիմերի անդամներ, ոսուցիչներ, հասարակական կազմակերպությունների, ծառայություններ մատուցող կենտրոնների, կլինիկաների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս