Բուժիչ ոսկեխնձորը

Salanum lycopersicum կամ Lycopersicum esculentum. Լոլիկ ուտելի, ոսկեխնձոր, տոմատ։ Բնության մեջ բույսը հանդիպում է Հարավային Ամերիկայի արեւադարձային գոտու հյուսիս-արեւմտյան մասում։ Եվրոպայի բուսաբաններից առաջինը բույսը նկարագրել է Մատտիոլին։ Նա անվանել է տոմատը «mala insana», անառողջ միրգ։ Տասնամյակներ շարունակ մասնագիտական գրականության մեջ տոմատը դասվել է թունավոր բույսերի շարքին։ Մատտիոլին չէր սխալվում։ Բույսի կանաչ մասերը իրոք որոշ քանակությամբ թույն են պարունակում։ Բացի այդ, իր դերն է կատարել այն հանգամանքը, որ լոլիկը պատկանում է մորմազգիների ընտանիքին, որն ընդգրկում է նաեւ խիստ թունավոր բույսեր, որոնց հետ լոլիկի բույսն արտաքին նմանություն ունի։ Նման սնահավատությունը ակամայից փրկեց ԱՄՆ-ի առաջին նախագահ (1789-1797թթ.) Ջորջ Վաշինգտոնի կյանքը 1776 թվականին։ Ամերիկայի անկախության համար պատերազմի ժամանակ նրա խոհարարը դավաճանել էր իր հրամանատարին եւ անցել անգլիացիների կողմը։ Որոշվել էր սպանել Վաշինգտոնին, իսկ որպես թույն ընտրվել էր տոմատը։ Դավաճանը ապագա նախագահի` մսով պատրաստված կերակուրը առատորեն համեղացրել էր լոլիկով։ Գրավոր տեղեկատվությունն այդ մասին, որն ուղարկվել էր անգլիական զորքերի հրամանատարին, գտնվել է 1816 թվականին։ Լոլիկը բազմամյա բույս է, սակայն այն մշակում են` որպես միամյա։

Եվրոպայում լոլիկը սկսել են մշակել գյուղատնտեսության մեջ մոտ մեկ դար առաջ։ Եվ այն հասցրել է զբաղեցնել իր արժանի տեղը բանջարեղենների, համեմունքների եւ սննդային ներկանյութերի շարքում։

Լոլիկի հյութի քիմիական բաղադրությունը շատ բազմազան է։ Այն պարունակում է խնձորի, կիտրոնի, թրթնջուկի, գինու, օրգանական թթուներ։ Լավ հասունացած լոլիկը պարունակում է նաեւ առավել օգտակար եւ արժեքավոր սաթաթթու։

Լոլիկի հյութը պարունակում է նաեւ սպիտակուց, ճարպ, ածխաջուր, սննդային մանրաթել, սակայն այդ նյութերն ունեն չնչին կալորիականություն (45 կկալ` 100 գրամի մեջ), որի պատճառով լոլիկը շատ հարմար է դիետիկ սննդի մեջ ընդգրկելու համար։ Լոլիկը պարունակում է կալիում (մոտ 300 մգ), կալցիում, ֆոսֆոր, մագնիում, այն աչքի է ընկնում իր մեջ պարունակվող միկրոտարրերի լայն սպեկտրով` ծծումբ, յոդ, քլոր, քրոմ, մարգանեց, կոբալտ, բոր, երկաթ, ցինկ, ռուբիդիում, մոլիբդեն, ֆտոր, սելեն, պղինձ, նիկել, արծաթ։ Կալիումի բարձր պարունակության շնորհիվ լոլիկի հյութը կարգավորում է օրգանիզմի փոխանակման գործընթացները, նյարդային համակարգի աշխատանքը, կանխարգելում սրտի հիվանդությունները։ Լոլիկի հյութը պարունակում է ասկորբինաթթու (10 մգ), կարոտին (0,5 մգ), տիամին (0,03 մգ), ռիբոֆլավին 0,03 մգ), պանտոտենաթթու (0,12 մգ), նիկոտինաթթու (0,3 մգ), պիրիդոքսին (0,12 մգ), ֆոլացին (6 մգ)։ Լոլիկի պտուղները հիմք են կազմում բազմաթիվ թանձր կերակրահյութերի (սոուս, կետչուպ), որոնց մեջ վիտամինների բաղադրությունն աճում է 4-6 անգամ։ Բացի այդ, պարունակվում են տոկոֆերոլներ (1 մգ) եւ բիոտին (4,5 մկգ)։

Կարդացեք նաև

lolik

Լոլիկի մեջ պարունակվող առավել հետաքրքիր նյութը լիկոպինն է, որի հակաօքսիդանտ հատկությունները շատ ավելի ազդեցիկ են, քան բետտա-կարոտինինը եւ հատկապես տոկոֆերոլինը (վիտամին E)։

Շագանակագեղձը տղամարդու օրգանիզմի այն օրգանն է, որտեղ լիկոպինի բաղադրությունը ամենաբարձրն է։ Լիկոպինով է բացատրվում լոլիկի կարմիր գույնը, լիկոպինի քանակությունը բարձր է ոչ ջերմոցային պայմաններում աճեցրած հասունացած լոլիկի մեջ։ Լայնածավալ հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը կանխող մթերքների շարքում արդյունք են տալիս միայն թարմ լոլիկը, լոլիկի սոուսը եւ ելակը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ լիկոպինը վնասազերծում է թթվածնի ռադիկալները, կանխարգելում շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող ինսուլինանման գործոնի ավելացմանը։ ԱՄՆ-ի եւ Կանադայի բժշիկների ստացած վիճակագրական տվյալները ապացուցում են, որ նույն տարիքի տղամարդկանց մոտ շագանակագեղձի ուռուցք ունեցող հիվանդների մոտ լիկոպինի բաղադրությունը արյան մեջ ավելի ցածր է։

Պարզվել է, որ լիկոպինը անմիջականորեն ազդում է այն գեների վրա, որոնք պատասխանատու են բջիջների բաժանման համար` ապահովելով դրանց անխափան աշխատանքը։ Հետաքրքիր է, որ տոմատի փոշին շատ ավելի արդյունավետ է, քան լիկոպինը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ լոլիկը պարունակում է որոշ դեռեւս չհետազոտված նյութեր, որոնք ուժեղացնում են լիկոպինի դրական ազդեցությունը։ Այս հրաշալի նյութի բուժիչ հատկությունները առավել ցայտուն են այն ուռուցքների դեպքում, որոնք ունեն տարածվելու եւ մետաստազ առաջացնելու հատկություն։ Հայտնի է, որ շաբաթը հինգ անգամ լոլիկի կամ սննդի մեջ դրանից պատրաստված մթերքների օգտագործման դեպքում զգալիորեն նվազում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Կան տեղեկություններ, որ լոլիկի կանոնավոր օգտագործումը սննդակարգի մեջ օգտակար է կանանց անպտղության դեպքում։

Լոլիկը նպաստում է օրգանիզմում «երջանկության հորմոնի»` սերոտոնինի արտադրմանը։

Լոլիկը պարունակում է քրոմ, որը ստեղծում է կուշտ լինելու պատրանք, ինչն օգտակար է գեր մարդկանց համար։ Նախկինում կարծիք կար, որ թրթնջկաթթվի եւ պուրինի պարունակության պատճառով լոլիկը ցանկալի չէ ուտել հոդատապով եւ պոլիարթրիտով հիվանդներին։ Սակայն այսօր բժշկությունը գտնում է, որ դա այդպես չէ, քանի որ մի շարք այլ մթերքներում այդ նյութերի պարունակությունն անհամեմատ բարձր է։

Բժիշկները լոլիկի հյութը համարում են սննդակարգային ըմպելիք։ Քանի որ այն շատ օգտակար է հիպերտոնիայի դեպքում, նպաստում է աչքի ճնշման կարգավորմանը, օգտակար է սակավարյունության, շաքարային դիաբետի, լյարդի որոշ հիվանդությունների դեպքում։ Լոլիկի հյութը լավ միզամուղ է, դրա օգտագործումը կանխարգելում է դեմքի եւ վերջույթների այտուցմանը, ունի թույլ լուծողական հատկություն, լավացնում է ախորժակը, դրական ազդեցություն ունի ենթաստամոքսային գեղձի վրա։ Ունի մանրէասպան, հակասկլերոտիկ, հակառեւմատիկ հատկություն։

lolik1

Օգտակար է արյան շրջանառության խանգարման դեպքում։ Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ 200 մլ տոմատի հյութի օգտագործման դեպքում արյան խտությունը նվազում է 70 տոկոսով։ Ընդ որում, այդ վիճակը պահպանվում է 18 ժամ։ Ենթադրվում է, որ այս երեւույթը պայմանավորված է լոլիկի սերմիկները պատող դեղնավուն նյութի ազդեցությամբ։ Այդ նյութը պարունակում է ֆլավոնների այնպիսի խումբ, որը հեղուկացնում է արյունը, որի հետեւանքով կանխարգելվում է թրոմբի առաջացումը, նվազում ինսուլտի եւ ինֆարկտի առաջացումը։ Լոլիկի հյութի օգտագործումը կարեւոր է մոլի ծխողների, հաճախակի օդային տրանսպորտից օգտվողների համար։

Լոլիկը հատկապես օգտակար է ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում, այն նպաստում է ֆոսֆատային քարերի հեռացմանը լյարդից, ինչը կարեւոր է այն դեպքում, երբ կիրառվում է ձմերուկով սննդակարգ։ Լոլիկում պարունակվող քոլինի զգալի քանակության շնորհիվ կարգավորվում է խոլեստերինի մակարդակը, կանխարգելվում լյարդի ճարպակալումը։

Զգուշացում։ Լոլիկը լեղամուղ է, այդ պատճառով դրա օգտագործումը վտանգավոր է լեղապարկի քարերի առկայության դեպքում։ Աղը նվազեցնում է լոլիկի օգտակար ազդեցությունը, փոխարինեք այն սխտորով, մաղադանոսով։

Լոլիկի հյութը հակացուցված է` ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի, պանկրեատիտի, խոլեցիստիտի սրացման դեպքում։ Այն չի կարելի օգտագործել նույնիսկ թեթեւ թունավորումների դեպքում։

Հոդատապի դեպքում

Լոլիկի 3 ճ/գ տերեւները 5 րոպե եփեք 0,5 լ եռջրում։ Քամեք, լցրեք ոտքերի համար նախատեսված տաք լոգանքի ջրի մեջ։ Մեղմացնում է ցավերը։

Գիրության դեպքում

Քամեք եւ խառնեք թարմ, որակյալ խնձորի, դդումի, լոլիկի եւ կիտրոնի հյութերը (4։2։2։1), խմեք 200-ական մլ առավոտյան եւ երեկոյան։ Հյութերը խմեք պատրաստելուց հետո 10-15 րոպեի ընթացքում, պարտադիր չէ, որ քամեք։ Հյութը նպաստում է սրտի աշխատանքի կարգավորմանը։

Սնունդը` դեղ

1-1,5 կգ մաքրած դդմիկն անցկացրեք խոշոր քերիչով եւ լավ քամեք։ Պտղամսին ավելացրեք 200-400 գ ալյուր, 2 ձու, մեկական ճ/գ աղ եւ կերակրի սոդա։ Խառնեք, մինչեւ դառնա քամած մածունի խտության։ Պատրաստեք 5-10 հատ բլիթ, տապակեք 2 կողմից, վրայից քսեք մայոնեզ, մանրացրած սխտոր, լոլիկի պտղամիս։ Մինչեւ մատուցելը 7-8 ժամ պահեք սառնարանում։

lolik
Գեղարարություն

Արեւելքում մազարմատների ամրացման եւ աճի համար դրանց ներմերսում են լոլիկի տրորած պտղամիսը։

Մաշկի ծերացումը կանխարգելող միջոց. Ազատեք լոլիկը կեղեւից, տրորեք 1 ձվի դեղնուցի եւ 1 ճ/գ օսլայի հետ` մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Քսեք դեմքին, լվացեք 20 րոպե անց։

Ճարպոտ մաշկը թարմացնող միջոց

– Խառնեք 2 թ/գ լոլիկի պտղամիսը 1 թ/գ կարտոֆիլի օսլայի հետ։ Քսեք դեմքին, 15 րոպե անց լվացվեք։

– Խառնեք 3 մաս տոմատի հյութը 1 մաս մաղադանոսի հետ։ Լցրեք կաղապարիկի մեջ եւ սառեցրեք սառնարանի սառցախցիկում։ Մերսեք օրը 1-2 անգամ։

Ուշադրություն։ Վերջին շրջանում դեմքի մերսումը սառցե խորանարդիկների միջոցով լայն տարածում է ստացել, սակայն դեմքի նույն հատվածում սառույցը չի կարելի պահել 1-2 վայրկյանից ավելի, այլ կերպ հնարավոր է հայմորիտի առաջացում։

– Լվացեք դեմքը տաք ջրով եւ օճառով։ Պատեք դեմքը սնուցող քսուքի բարակ շերտով։ Վրայից դրեք օղակաձեւ կտրատած լոլիկը, ծածկեք թանզիֆով, 20 րոպե անց սրբեք դեմքը սառը ջրում թրջած բամբակե խծուծով։

– Մեկ միջին լոլիկի հյութը խառնեք 1 ճ/գ կաթնաշոռի հետ, 15 րոպե պահեք դեմքին, լվացվեք սառը ջրով։

Կորյակների դեպքում. Օգտակար է մշակել դեմքը լոլիկի եւ բժշկական գլիցերինի խառնուրդով (3։1)։

Չոր մաշկի համար. Լավ հասունացած լոլիկը ընկղմեք եռման ջրի մեջ, հանեք կեղեւը, տրորեք քամիչի վրա, հավասարապես քսեք դեմքին եւ պարանոցին, շրջանցելով աչքերը։ 15 րոպեից սրբեք դիմակը անձեռոցիկի օգնությամբ եւ մաքրեք բամբակե խծուծով։ Այս գործողությունից հետո 3 ժամ չի կարելի օգտագործել որեւիցե գեղարարական միջոց։ Դիմակը կարելի է դնել շաբաթը մեկ անգամ եւ կրկնել առնվազն 10 շաբաթ, որից մաշկը կդառնա նուրբ եւ թավշյա։

Նորմալ մաշկի դեպքում.
Խառնեք 1 միջին լոլիկի պտղամիսը 2 ճ/գ կաթնաշոռի, 1 ճ/գ կաթի եւ 1 թ/գ արեւածաղկի յուղի հետ։ Պահեք դեմքին 15-20 րոպե։ Լվացեք գոլ ջրով։ Դիմակն ունի թարմացնող, սնուցող հատկություն։

– Խառնեք մեկական թ/գ լոլիկի պտղամիսը, թթվասերը եւ ձվի դեղնուցը։ Պահեք դեմքին 20-30 րոպե։ Լավացնում է մաշկի առաձգականությունը։

Դեմքի կարմրատակման դեպքում. 1 միջին լոլիկի պտղամիսը խառնեք 2 ճ/գ ցորենի ալյուրի հետ, ավելացրեք քառորդ թ/գ կիտրոնի հյութ։ Դիմակը 20 րոպե պահեք դեմքին, լվացեք սառը, ապա գոլ ջրով։

Տեսանյութեր

Լրահոս