Բաժիններ՝

Տիեզերական աչք

Երկնային մարմինները և երևույթները մեծ չափով ազդել են հնագույն մարդու գիտակցության վրա, և աստղագիտական անվանումները շատ հաճախ արտացոլվել են տարբեր ազգերի մշակույթներում` կրոնական պատկերացումներից՝ մինչև բանահյուսություն և արվեստի տարբեր տեսակներ: Մարդկության գոյության վաղ ժամանակներից քաղաքակրթությունները հիմնել են կրոնական համոզմունքներ, որոնք զգալի չափով ներառում են Արևի նշանակությունը։ Արևի խորհրդանիշը կարելի է գտնել գրեթե բոլոր մշակույթներում՝ նրանց ողջ պատմության ընթացքում։ Քանի որ նոր քաղաքակրթությունների զարգացման բազմաթիվ հոգևոր համոզմունքների հիմքն անցյալ մշակույթն է, տեղի է ունեցել Արևի նշանակության էվոլյուցիա ամբողջ մշակութային զարգացման ընթացքում։ Ուսումնասիրելով հնագույն մշակույթները` տեսնում ենք, որ կրոնական համոզմունքները վաղ քաղաքակրթություններում ամենևին էլ Արևակենտրոն չեն (մասնավորապես, օրացույցներն ավելի հաճախ լուսնային էին), ինչպես, օրինակ, շումերականն է, վաղ շրջանում նրանց մշակույթն Արևակենտրոն չէր, բայց ունեին Արևի աստված։ Դարերի ընթացքում շումերական Արևի աստծո ազդեցությունն աճել է, իսկ այլ աստվածներինը՝ նվազել. սա կապված է օրացույցների հետ։ Իսկ Հին Եգիպտոսում երկրպագել են Արևի աստծուն՝ Ռային, առավել, քան մյուս աստվածներին։ Արևի երկրպագությունը հատկապես դրսևորվել է ացտեկների և մայաների քաղաքակրթություններում, իսկ ինկերի մշակույթն ամբողջությամբ կազմված է արևապաշտության տարրերից։

Վաղնջենական ժամանակներից հնդեվրոպացիների նախահայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում ապրող ցեղի ուղղակի ժառանգորդը` հայ ժողովուրդը, հազարամյակներ շարունակ ապրել և երկրպագել է իր առաջին աստծուն` Արևի աստված Ար-Արային: Ար աստծո պաշտամունքը տարածված էր նաև հարևան երկրներում: Հին Եգիպտոսում տարածված էր Ռա աստծո պաշտամունքը, ըստ Լ․Քինգի և Վ․ Ֆիլդներսի՝ Ռա անվանումն ու աստծո պաշտամունքը մուտք էր գործել Ասորեստանից` այժմյան Սիրիայի կողմերից, որն էլ հարևան էր Հայաստանին: Ուշագրավ է, որ չինարեն 孫 (Ռի) բառը, որը վերցնում է նույն եգիպտական հիերոգլիֆային ձևը, հին չինարենում նույնպես կազմված է շրջանից և ներսում կետից (¤), որը չինարենում նույնպես նշանակում է «արև» (աստղագիտության մեջ այդ նշանն օգտագործվում է՝ որպես Արեգակի նշան)։ Անգլերեն Ray (ռեյ) բառը, որը նշանակում է ճառագայթ, ծագել է լատիներեն Rayon (ռեյոն) բառից, որը շատ մոտ է Արև բառին։ Այսպիսով կարելի է ենթադրել, որ անգլերեն Ray (ճառագայթ) բառն առաջացել է եգիպտական Ռա արևի աստծո անվանումից։ Հայտնի է, որ լատինական Ra նախածանցով կազմված բառերը (ռադիոն, ռադիա, ռադիացիա և այլն) առաջացել են լատիներեն Rayon բառից, որն էլ՝ եգիպտական Ռայից, և վերջինս էլ ծագել է հայկական Ար աստծո անունից (լեզվաբանության մեջ հայտնի է տառերի փոխատեղումը)։ Արաբական բարբառներից` Եմեներենում Ռա ( رع ) բառը նշանակում է՝ տեսնել, որը կրկին խորհրդանշական կապ ունի Արև բառի հետ, քանի որ լեզվի ձևավորման ընթացքում՝ հազարավոր տարիներ առաջ, չեն եղել լույսի այլ աղբյուրներ, և առանց արևի լույսի մարդիկ չեն կարողացել տեսնել որևէ բան։ Արևի աստվածը նույն խորհրդանիշն է ունեցել նաև հունական դիցաբանությունում։ Հելիոսը դիտվել է նաև կույրերի ամոքիչ և կուրությամբ պատժող աստված։ Ռա բառը, բացի դրական իմաստից, միևնույն ժամանակ, ունի նաև բացասական նշանակություն, ինչպես, օրինակ, արաբական Հադրամուտ բարբառում այն ունի մահ և չար իմաստները, այստեղ խորհրդանշական կապը նույնպես ենթադրելի է, քանի որ Արաբստանում միշտ շոգ է եղել, մարդիկ գտնվելով անապատում առանց ջրի՝ անիծել են արևն ու շոգը։ Արև բառը հազարամյակներ առաջ ունեցել է աստված, կյանք, լույս, տղամարդկային ուժ, պտղաբերություն և աչք խորհրդանիշերը։

11178473_10204469991414033_1765497115_n

Մեր օրերում պահպանվել է միայն լույս նշանակությունը։ Հին մշակույթներում Արևը համարվել է Տիեզերքի աչք և հենց Արեգակ բառում (որն աստղագիտության մեջ գործածվում է՝ որպես այդ երկնային մարմնի անվանում) ակ-ը ոչ թե փոքրացնող վերջածանց է, այլ գրաբարյան ակն (աչք) բառն է։ Ինչպես Աճառյանն է նշում իր Հայերենի արմատական բառարանում, նման մոտեցում միայն հայերը չէ, որ ունեին, նույնն ունեին նաև այլ ազգեր, ինչպես՝ պարսիկները, համարում են Արամազդի աչք, եգիպտացիները՝ Տիմիուրղոսի աջ աչք, հույները՝ Դիոսի աչք, Հին գերմանները՝ Վուոդանի աչք, իսկ Հյուսիսային Գերմանիայի բնիկներն Արևին «երկնքի գոհար» էին անվանում։ Հայերենում Արևին հոմանիշ է նաև Արփի բառը, ըստ հին պատկերացումների՝ Արփին երկնային լուսեղեն գոտի է, որի մեջ գտնվում է Արեգակը։

Կարդացեք նաև

Արևը մարդուն հետաքրքրել է նաև նրանով, որ ամեն օր մեռնում ու հարություն է առնում: Արևի մեռնելը, անհետանալն անվանել են մայրամուտ, իսկ նորից ծագելը` հարություն առնել, և նույնիսկ այս երևույթը փոխանցվել է Քրիստոնեությանը. չէ՞ որ Քրիստոսն էլ ծնվեց և հարություն առավ: Աստվածների եռյակը կամ երրորդությունը բաբելոնյան կրոնի գլխավոր բաղադրիչներից է եղել: Եռյակը կազմված էր երկնային մարմիններից․ Սին (լուսնի աստված), Շամաշ (արևի աստված) և Իշտար (պտղաբերության և պատերազմի աստվածուհի): Քրիստոնեական աշխարհն էլ իր եռաստվածությունն ունի՝ Սուրբ Երրորդությունը։ Հայոց աշխարհում մարդը նկատում էր, որ ինչպես արևն է մեռնում ու հարություն առնում, այնպես էլ տարին է ձմռանը մահանում ու մահից հետո գարնանը հարություն առնում: Անտարբեր չմնալով այս գաղափարին` հայն իր գլխավոր աստծուն օժտել էր նաև մեռնող և հառնող հատկությամբ: Ար աստվածը մեռնող և հառնող բնության աստվածն էր` հետագայում ձեռք բերելով նաև ռազմի և քաջության աստվածության նկարագիր:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս