Ի՞նչ են պայմանավորվել Սերժն ու Գագիկը. «ՀԺ»
«Հայկական Ժամանակի»-ի տեղեկություններով, իշխանությունը, այդուամենայնիվ, շարունակելու է թուլացնել Աժ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությանը՝ հնարավոր անակնկալներից իրեն ապահովագրելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցը։
Տեղեկություններ կան, որ նա նույնպես պետք է հրաժարվի պատգամավորական մանդատից։
Բացի այդ, խոսվում է, որ չնայած հաշտությանը, մի քանի այլ գործարար պատգամավորներ ևս առաջիկայում պետք է դուրս գան ԲՀԿ խմբակցությունից։
Քննարկվում է խորհրդարանում գործարար պատգամավորների խումբ ստեղծելու հարցը, և չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցությունից էլ մի քանի գործարար պատգամավոր դուրս գան և ընդգրկվեն այդ խմբում, որպեսզի ԲՀԿ-ականների դուրս գալը արժանապատիվ դիտվի։
Այս պահին ԲՀԿ-ից նշվում են ՄԱԿ նախագահ Գուրգեն Սրսենյանի և Արշակ Մխիթարյանի՝ Բռլյանտի Արշակի անունները։ ԲՀԿ-ական այն պատգամավորները, ովքեր այսպես թե այնպես Սերժ Սարգսյանի ազդեցության տակ էին, առայժմ կմնան ԲՀԿ խմբակցությունում։
Սարգսյան-Ծառուկյան հանդիպման ընթացքում հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ական պատգամավորները այսուհետ հայտարարություններ անելիս պետք է բացառապես կոռեկտության սահմաններում արտահայտվեն։ Նույնը վերաբերում է նաև ՀՀԿ-ական պատգամավորներին։
Հանրաքվե
Այսպիսով, Սերժ Սարգսյանը կատարյալ իրավիճակ ու մթնոլորտ է ստեղծում սահմանադրական հանրաքվեի անցկացման համար, ինչից էլ, ըստ քաղաքագետների, սկսվել էր առճակատումը։ Տեղեկություններ կան, որ արդեն խիստ թուլացած ԲՀԿ-ն իր անդամներին ազատ կթողնի՝ սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին մասնակցելու ընթացքում։
Հիշեցնենք, ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում նշել էր, որ կողմ է խորհրդարանական համակարգին անցում կատարելուն։ Հենց ծրագրային սույն դրույթն էլ որպես պատճառ է նշվելու՝ բովանդակային քննարկումներին մասնակցելու համար։
Սերժ Սարգսյանն ուժերի այս նոր դասավորվածությամբ, ըստ էության, ապահովում է Վենետիկի հանձնաժողովի նշած քաղաքական լայն կոնսոլիդացիան։ Վենետիկի հանձնաժողովը, ինչպես տեղեկացրել էինք, հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիայի պայմաններում։
Առավել մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։