Պատերազմ և խաղաղություն՝ «հանուն ժողովրդի»
Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև պատերազմը տևեց ուղիղ մեկ շաբաթ: Ինչպես անցած գրեթե բոլոր օրերին, երեկ ևս իրադարձությունները զարգացան կայծակնային արագությամբ: Նախօրեին Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կայացած հանդիպումից կամ հանդիպումներից հետո, երեկ ԲՀԿ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որի իմաստը մեկ բառով կարելի է բնորոշել՝ «հանձնվել»:
Դրան հետևեց ԲՀԿ-ի հայտարարությունը՝ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին: Ամենահետաքրքիրը Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետևյալ հատվածն է. «Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին՝ մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ: Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն»:
Սա նշանակում է, որ Գ. Ծառուկյանին ուղիղ ասվել է՝ իր հայտարարած գործողություններից տուժելու են ոչ միայն ինքն ու իր կուսակիցները, այլև հասարակությունը: Ընդ որում, ոչ թե ֆինանսական կամ քրեական հետապնդումներով, այլ շատ ավելի կոնկրետ՝ ֆիզիկապես: Այսինքն՝ իշխանությունը սպառնացել է հրապարակային միջոցառումների, հանրահավաքների դեպքում՝ ուժ կիրառել: Ծառուկյանն էլ՝ որպես քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքով մտահոգ մարդ, որոշել է հրաժարվել մի քանի օր առաջ իրեն նետված մարտահրավերից: Այս ողջ պատմության հետ, հասկանալի է, ժողովուրդը, հասարակությունն ի սկզբանե կապ չուներ:
Կապը միայն այնքանով էր, որ «հաշտեցման» չկայացման դեպքում մի կողմը ժողովրդին հանելու էր հրապարակ, մյուս կողմն էլ՝ բռնություն էր գործադրելու: Հասարակությունը վաղուց է Հայաստանում քաղաքական գործընթացների սուբյեկտից վերածվել օբյեկտի, և, փաստորեն, հերթական անգամ կարող էր դառնալ ընդամենը «թնդանոթի միս»: Իսկ թե կողմերից ո՞ր մեկն է ավելի շատ «մտածում ժողովրդի մասին», իշխանությո՞ւնը, որ «ուժ կիրառելուց» առաջ մեծահոգաբար զգուշացնում է, թե՞ ոչ իշխանությունը, որ հրաժարվում է «բարի տեղ չտանող ուղղությունից», կարող է դատել հասարակությունը:
ՀՀԿ-ԲՀԿ պատերազմը գուցե ավարտվեց, կամ սառեցվեց: Հարցը, թե կողմերից ո՞ր մեկը հաղթեց կամ պարտվեց, արդեն գրեթե տեղափոխվում է սպորտային հետաքրքրության տիրույթ: Քանի որ բովանդակային առումով հերթական անգամ պարտվեց հասարակությունը՝ նման որակի պետություն ու քաղաքական համակարգ ունենալու իմաստով: