Ինչի շուրջ է կայացել Սարգսյան-Ծառուկյան «հաշտեցումը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը, դրան հետևած ԲՀԿ քաղխորհրդի որոշումը՝ փետրվարի 20-ի հանրահավաքից հրաժարվելու վերաբերյալ, բնականաբար, առաջին հայացքից՝ թողնում են նահանջի տպավորություն: Բայց այդ երկու հայտարարություններին հետևեց նաև ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը շարունակելու է մնալ քաղաքականության մեջ և չի պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատից: Եվ ուրեմն, եթե Ծառուկյանը շարունակում է մնալ քաղաքականության մեջ, հարց է առաջանում՝ ի՞նչ կարգավիճակով՝ այլընտրանքային ուժի ղեկավարի՞, թե՞ ընդդիմության առաջնորդի, որպիսին Ծառուկյանին դարձրել էին նաև նրա ոչ իշխանական գործընկերները:

Գոնե հիմա նրանք Ծառուկյանի կողքին չեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը սպասում է Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակի պատասխանին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ուրբաթ օրը գնալ Ազատության հրապարակ: Այսինքն՝ գոնե այս պահին ոչ իշխանական ուժերի եռյակը, որպիսին այն կար մինչև վերջին օրերը, այլևս գոյություն չունի:

Ամենահետաքրքիրն այն է, թե մնալով քաղաքականության մեջ՝ Գագիկ Ծառուկյանն ինչպես է վերաբերվելու սահմանադրական փոփոխություններին, որի մասին, թերևս, կհայտարարվի առաջիկայում: Նա շարունակելու է դրանք համարել Սերժ Սարգսյանի կողմից իշխանության վերարտադրությանն ուղղված քայլ և պայքարե՞լ դրա դեմ, թե՞ որևէ հիմնավորմամբ՝ հակառակը, պայքարողից կարող է վերածվել սահմանադրական փոփոխությունները սատարողի: Առաջին հայացքից՝ դա անհավանական է թվում, սակայն անցած մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններ շատ ավելի անհավանական կարող էին թվալ:

Ի վերջո, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը պետական շահի անվան տակ Սերժ Սարգսյանին առաջարկում է դեմ առ դեմ հանդիպել, ինչո՞ւ չպետք է Գագիկ Ծառուկյանը՝ կրկին «պետական շահի» վկայակոչմամբ, Սերժ Սարգսյանին չառաջարկի սատարել սահմանադրական բարեփոխումները:

Բոլորը գրում և խոսում են, որ Սարգսյանի ու Ծառուկյանի միջև հաշտությունը կայացել է: Սակայն տեղեկություններ չկան, թե ինչի շուրջ է այն կայացել: Եվ եթե հաշվի առնենք, որ պատերազմի հիմքում սահմանադրական բարեփոխումներն էին, ապա կարելի է գոնե ենթադրել, որ «հաշտությունը» ևս կայացել է այդ հիմքով:

Տեսանյութեր

Լրահոս