Հոգեբուժարանում երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

2014թ. մայիսի 5-ին «Ավան հոգեբուժական կենտրոնում» մահացել էր 33-ամյա Էդգար Շաթիրյանը: Նրա հարազատները բաց նամակով դիմել էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ինչպես նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. հարազատներն Առողջապահության նախարարությանը խնդրել էին այն դիտարկել որպես մի քանի բուժաշխատողների նկատմամբ ծառայողական քննություն հարուցելու մասին հաղորդում, իսկ Դատախազությանը՝ որպես «անձին անզգուշությամբ մահ առաջացնելու փաստով քրեական գործ հարուցելու հաղորդում»:

Երիտասարդի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական սպասարկում և օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Հարուցված քրեական գործի վարույթը, սակայն, կարճվել է: Ինչպես մեզ հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործը կարճվել է «բուժանձնակազմի աշխատակիցների արարքում հանցակազմի բացակայության հիմքով»:

«Նշանակված դատաբժշկական, դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններով պարզվել է, որ Է. Շաթիրյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր կորոնար անբավարարությունը, որը պայմանավորված է սրտամկանի ծանր դիստրոֆիայով՝ միկրոնեկրոզով, կարդիոմիոցիտների դիֆուզ ֆրագմենտացիայով, ծալքավորման խոշոր օջախներով, հիպերտրոֆիայի մանր օջախներով, թույլ արտահայտված կորոնար սկլերոզներով՝ լուսանցքների նեղացումով, երակային գերարյունությամբ՝ էրիթրո-լեյբորիստներով ու պատանցումներով, իսկ մի մասում` նաև արյան ֆիբրինային զանգվածների առկայությամբ, մանր արյունազեղման օջախներով, հյուսվածքի այտուցով և սակավարյունությամբ: Փորձագետների պնդմամբ՝ 2014թ. մայիսի 5-ին «Ավան հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ ստացիոնար բուժման ընդունված Է. Շաթիրյանի ախտորոշումը եղել է ճիշտ, իսկ նրա վերակենդանացմանն ուղղված միջոցառումները՝ բավարար»,- ի պատասխան մեր հարցման` հայտնել են Քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեի պատասխանում նշված է նաև. «Այսպիսով՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շաթիրյանի մահվան պատճառ է հանդիսացել նրա կենդանության օրոք ունեցած հիվանդությունների հետևանքով առաջացած սուր կորոնար անբավարարությունը, իսկ Ավանի «Հոգեբուժական առողջության կենտրոն» ՓԲԸ-ի բուժանձնակազմի աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք չի դրսևորվել, ուստի նման պայմաններում վերջիններիս արարքում բացակայում է հանցակազմը»: Քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազին՝ կարճման օրինականությունը ստուգելու համար. որոշման օրինակներն ուղարկվել են նաև Շաթիրյանի հարազատներին:

Նշենք, որ իրենց բաց նամակում հարազատները նշել էին, որ եթե բժիշկները պատշաճ կատարեին իրենց աշխատանքը, «ապա այսօր Էդգարը կլիներ իր ընտանիքի կողքին»: «Հոգեբուժարանում Էդգարը հայտնել է, որ երկար տարիներ զբաղվել է մարտարվեստով, ժամանակին տարել է գլխուղեղի վնասվածք, վերջին ժամանակներն ունի սրտային խնդիրներ, իսկ ներկա պահին՝ գլխի և սրտի ցավ: Ժամը 18:00 սահմաններում Արման Շաթիրյանին արգելել են տեսակցել Էդգարին՝ պատճառաբանելով, թե քնած է:

Անհասկանալի պատճառներով մահվան լուրը մեզ՝ հարազատներիս, հայտնել են մահանալուց երեք ժամ անց՝ 23:20-ին: Իսկ Էդգարի մահվան հանգամանքների վերաբերյալ հարցերին ի պատասխան` հայտնել են, որ նկարել են Էդգարի մահանալու ողջ պրոցեսը հեռախոսով, և իրենք անմեղ են: Փաստորեն, մահացող Էդգարին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, Ավան հոգեբուժական կենտրոնի բժշկական անձնակազմը զբաղվել է իրենց դիմած քաղաքացու մահը հեռախոսով նկարելով: Արդյո՞ք ցինիզմի նման աստիճանը համահունչ է Հիպոկրատի երդմանը:

Ըստ մեր տեղեկությունների, Էդգար Շաթիրյանին ներարկել են ուժեղ հոգեմետ դեղ՝ Տիզերցին: Մասնագետների կարծիքով, Էդգարի ալկոհոլ օգտագործած լինելու, գլխուղեղի վնասվածք ու սրտային խնդիրներ ունենալու փաստը պետք է ահազանգ հանդիսանար բժիշկներին` հոգեմետ դեղեր ներարկելիս»,- բաց նամակում նշել էին Է. Շաթիրյանի հարազատները:

Հոգեբուժարանի նախկին տնօրեն Արմեն Սողոյանն էլ, պատասխանելով մեր հարցին՝ արդյոք հիվանդին ցուցաբերվե՞լ է անհրաժեշտ բժշկական օգնություն, պատասխանել էր. «Հիվանդը եկել է, ունեցել է սուր հոգեշարժական գրգռվածություն, որի վիճակը նկարագրված է հիվանդության պատմությունում, որը նույն օրը ոստիկանները սահմանված կարգով վերցրել են: Դա իրավական փաստաթուղթ է, և միակ թուղթը դա է, որը գոյություն ունի այսօրվա վիճակով, այն մեզ մոտ չէ: Այնտեղ այդ բոլորը հստակ նշված է, իսկ ծառայողական քննությունը նայելու է այդ պատմությունը, եզրակացություններ է անելու, այսինքն՝ իր վիճակին համապատասխան իր բուժումն իրականացվել է: Մահը, որը վրա է հասել, այդ բուժման հետ որևէ առնչություն չունի, բայց վերջնական մոտ 1 ամիս կամ մեկ ու կես ամսում կիրականացվեն հիմնական բոլոր հետազոտությունները, և ամեն ինչի վրա լույս կսփռեն: Մինչ դա ցանկացած բան բամբասանք է և ինչ-որ մարդկանց ենթադրություն»:

Տեսանյութեր

Լրահոս