Ստեփան Գրիգորյան. Ռուսաստանը կլուծի Ղարաբաղի հարցն այնպես, ինչպես լուծեց Կարսի հարցը
Հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության
վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ
– Ի՞նչ փոխվեց եվրասիական նախագծին Հայաստանի անդամակցության գործընթացում մայիսի 29-ի Աստանայի ժողովից հետո:
– Նախ դա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող դառնալ այդ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հիմնադիր անդամ, քանի որ հիմնադիր գագաթաժողովն անցավ, և Հայաստանն այնտեղ միայն դիտորդի կարգավիճակով էր: Մեծ տարբերություն կա անդամ և հիմնադիր անդամ լինելու միջև: Ես կասկած չունեմ, որ այդ կառույցի կանոնադրության համաձայն` հիմնադիր անդամը կունենա իրավունք վետո դնել ցանկացած որոշման վրա, բայց անդամը կարող է օժտված չլինել այդպիսի լիազորություններով:
– Թեև նկատենք, որ իշխանությունները հավաստիացնում էին, որ Հայաստանը դառնալու է հիմնադիր անդամ:
– Այո: Իշխանության այդ քաղաքականությունը հասկանալի էր: Ես համաձայն չեմ այդ քաղաքականության հետ, բայց հասկանում եմ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո իշխանության տրամաբանությունը: Այդ որոշումից հետո նրանք շատ արագ տեմպերով գնում էին դեպի եվրասիական ինտեգրացիա, որպեսզի հասցնեն դառնալ հիմնադիր անդամ: Բայց, ցավոք, Հայաստանը չկարողացավ դառնալ, քանի որ այդ միության մեջ են նաև Բելառուսը և Ղազախստանը, որոնք Հայաստանի նկատմամբ վերապահումներ ունեն: Եթե մինչ այդ մի փոքր կասկածում էի` ճի՞շտ է Հայաստանի անդամակցությունը, թե՞ ոչ, այս ժողովից հետո ընդհանրապես իմաստ չեմ տեսնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մեջ:
– Ինչո՞ւ:
– Այստեղ ուզում եմ մեր քննարկումը բաժանել մի քանի մասի: Առաջինը` կապված Մաքսային միության հետ: Հիմա դրանք խառնում են իրար, մտածում են` նույնն է, բայց տարբերություն կա: Մաքսային միությունը (ՄՄ) շատ կոնկրետ միավորում է` Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան: Ազատ առևտրի գոտի է: Հիմնադրվել է 2009 թ., բայց իրապես սկսեց աշխատել 2012 թվականից: Նախկինում էլ ես ասում էի, որ իմաստ չունի անդամակցել ՄՄ-ին, որովհետև Հայաստանը չունի ընդհանուր սահման, բացի այդ` այդ երեք երկրներից միայն Ռուսաստանի հետ ունենք շոշափելի առևտուր և համագործակցություն:
ՄՄ-ի մյուս թերությունը` այնտեղ մաքսատուրքերը, որոնք դրվում են ապրանքների վրա, սկսվում են 15 տոկոսից: Իսկ, օրինակ, Եվրամիության հետ աշխատելիս այսօր էլ տուրքերը 0-ից 10 տոկոս են: Ուրեմն ի սկզբանե ՄՄ-ում խաղի կանոններն ավելի ծանր են: Եթե նայում ենք Եվրասիական միությանը, պետք է ասել, որ իրոք գաղափարը շատ լուրջ է: Պարզ է, որ Եվրասիական միությունն իր մեջ պարունակում է և՛ քաղաքական, և՛ անվտանգության, և՛ տնտեսական բաղադրիչները: Բայց Աստանայում ստեղծվեց Եվրասիական տնտեսական միություն, ոչ թե Եվրասիական միություն:
Սրա պատճառն այն է, որ Ղազախստանը կտրականապես դեմ է, որ այդ միությունն իր մեջ պարունակի անվտանգության և քաղաքական հարցերը, և իրենք պահանջեցին հանել այն կետերը, որոնք կապված են սահմանների պահպանման ու անվտանգության հարցերի հետ: Հիմա պատասխանեմ Ձեր հարցին: Հայաստանի դեպքում տնտեսական, առևտրային այդ հարաբերություններն այդքան էլ արդյունավետ չեն: Մեզ համար շատ ավելի կարևոր էր, եթե ստեղծվեր Եվրասիական միություն, որն իր մեջ պարունակեր քաղաքական անվտանգության բաղադրիչը: Այդպիսի միության հետ համագործակցելը, անդամակցելն իմաստ կունենար, բայց իմաստ չունի միանալ ԵՏՄ-ին նույն պատճառներով, որոնք նշեցի ՄՄ-ի պարագայում:
– Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք միանալու այդ կառույցին: Սա նշանակում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին այլևս կապ չունի՞ անվտանգության հարցերի հետ:
– Ճիշտն ասած` ես զարմացած եմ նրա այդ խոսքից, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ գնում է դեպի եվրասիական ինտեգրացիա և ուզում է անդամակցել ՄՄ-ին, կարող եք նայել բոլոր հայտարարությունները, այդ թվում` Սերժ Սարգսյանի, բոլոր պաշտոնյաները` այն մարդկանց, ովքեր դեմ էին, օրինակ` մեզ, ասում էին` «նայեք, մենք ունենք անվտանգության խնդիրներ, Ղարաբաղի խնդիր, հենց դրա պատճառով Ռուսաստանը մեզ առաջարկեց, մենք չենք կարող ասել` ոչ, մենք գնում ենք այդ միություն»:
Բոլորը` առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ դեմքերը հենց դա էին ասում` մենք կմտնենք Եվրասիական միություն Ղարաբաղով: Հիմա չեմ հասկանում` ինչու են հետ կանգնել: Այն ժամանակ հասարակության զգալի մասի համար այդ բացատրությունը բավարար էր: Մարդիկ ասում էին` «պարոն Գրիգորյան, մի՞թե հայրենասեր չեք, մի՞թե չեք հասկանում, որ մեզ համար ձեռնտու է Ղարաբաղով Մաքսային միություն մտնելը»:
Մենք ասում էինք, հիմա էլ ես կրկնում եմ` երբ դու ինչ-որ մի երկրի ձեռքն ես տալիս քո անվտանգության, տնտեսական, առևտրի ողջ համակարգը, դրանից հետո այդ մեկն ինչ ուզում` անում է, և դու այլևս հետաքրքիր չես նրա համար: Դրա վկան մայիսի 29-ինն էր: Հիմա այնպես ստացվեց, որ այնտեղ, որտեղ սպասում էինք, թե կպաշտպանվի Ղարաբաղը, ի լուր աշխարհի հայտարարեցին` եթե մտնում եք Եվրասիական միություն, առանց Ղարաբաղի պետք է մտնեք: Կներեք, դա մեզ համար ուղղակի կործանարար է:
– Բայց գուցե Սերժ Սարգսյանի հաշվարկն այն է, որ, միևնույն է՝ Ղարաբաղը Հայաստանի հետ մնալու է նույն տնտեսական տարածքում:
– Եթե Նազարբաևի կողմից այդ հարցը հրապարակայնորեն չհնչեցվեր, ես Ձեզ հետ կհամաձայնեի: Բայց քանի որ հարցը հնչեցվեց պաշտոնական մակարդակով, և այժմ ողջ աշխարհն է քննարկում այդ հարցը, ասեմ` ինչ է լինելու հետագայում, հետո կարող եք ստուգել: Եթե Հայաստանը դառնա անդամ, ինչ-որ ժամանակ հետո Ադրբեջանը նորից նամակ կգրի Նազարբաևին, Պուտինին և Լուկաշենկոյին և կասի` հիշո՞ւմ եք, որ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը Ղարաբաղով չի մտնում ԵՏՄ, հիմա ցույց տվեք այն մաքսակետը, որը դրված է Հայաստանի և Ղարաբաղի միջև: Եվ նա կհասնի նրան, որ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի երկրները դիտորդներ կուղարկեն` ստուգելու` մաքսակետ կա՞, թե՞ ոչ:
Միջազգային հանրությունն էլ կաջակցի, ոչ միայն Ռուսաստանը: Բացառվում է, որ Աստանայի նիստում Նազարբաևը հնչեցներ Ալիևի նամակը` առանց Պուտինի համաձայնության: Իսկ ինչո՞ւ նա ստացավ Պուտինի համաձայնությունը, քանի որ Հայաստանն այլևս հետաքրքիր չի Ռուսաստանի համար: Ինչո՞ւ մենք մեր վերջին խաղաքարտը տվեցինք Ռուսաստանին: Ո՞րն էր վերջին խաղաքարտը: Հրաժարվեցինք եվրոպական ինտեգրումից: Հիմա սա էլ տվեցինք, և այլևս հետաքրքիր չենք: Եվ դա օբյեկտիվ է: Ինչո՞վ պետք է հետաքրքիր լինենք: Պուտինի ռեակցիան շատ տրամաբանական էր: Ես ցավում եմ, որ Պուտինը Հայաստանի նկատմամբ հարգալից վերաբերմունք չի ցուցաբերում: Հայաստանն այլևս արժեք չունի Ռուսաստանի համար: Զրո՛ արժեք: Այժմ Ռուսաստանը կփորձի սիրաշահել Ադրբեջանին: Ադրբեջանի ցանկացած պահանջ կկատարվի: Կտեսնեք` մաքսակետ կդնեն:
– Դա կապվա՞ծ է ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հետ:
– Ո՛չ, Ադրբեջանը չի լինի անդամ, չի դնում այդ խնդիրը: Ավելին, Ռուսաստանի վերջին պաշտոնական ուղերձներին Ադրբեջանը կրկին պաշտոնապես պատասխանեց: Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը կշահի այդ վեճերում, քանի որ չի դառնում այդ միության անդամ և չի էլ ծրագրում: Դրա համար ունի արժեք Ռուսաստանի համար: Ադրբեջանը Ռուսաստանին տալու բան ունի, մենք այլևս չունենք: Օրինակ, Ադրբեջանը կարող է խաղալ շատ հասարակ հարցում: Կարող է ասել` լավ, իմ գազի կեսը կարող է Ռուսաստանի տարածքով անցնել Եվրոպա:
Միայն դրա համար Ռուսաստանը միանշանակ քայլեր կանի` հօգուտ Ադրբեջանի: Ադրբեջանը նույնիսկ կարող է հայտարարել, թե անդամ չի դառնա, բայց կարող է դիտորդ լինել: Ադրբեջանն ունի հնարավորություն սակարկելու Ռուսաստանի հետ, մենք այլևս չունենք: Դրա համար այսօր էլ ես դեմ եմ, որ միանանք ՄՄ-ին, միանանք ԵՏՄ-ին: Մեզ մայիսի 29-ին տշեցին այնտեղից, բայց մենք նորից ասում ենք` ուզում ենք մտնել, դրանից հետո պարզ է, որ դու այլևս արժեք չունես:
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան մտահոգված Հայաստանի անդամակցությամբ:
– Ես դա չէի բնորոշի «մտահոգություն» բառով: Պարզապես աղմկոտ ռեակցիա է, որը կապված է շատ հասարակ բաների հետ. իրենք ցանկացած ձևաչափում ձգտում են աշխարհին հիշեցնել Ղարաբաղի հարցը: Իրենք ուզում են հիշեցնել Ռուսաստանին, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որ մենք դժգոհ ենք, և այլն, և այլն: Որևէ այլ նպատակ Ադրբեջանը չունի:
– Հարցիս իմաստը հենց դա էր, որ Ադրբեջանը մտավախություն ունի, որ Հայաստանի անդամակցությամբ ինքը վերջնականապես կորցնելու է Ղարաբաղը:
– Ճիշտ հակառակը, իրենք լավ հասկանում են, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին գրեթե հավասար կլինի Ղարաբաղի կորստին:
– Մե՞զ համար:
– Այո՛: Բացատրեմ` ինչու: Եթե դու բոլոր գործառույթները հանձնում ես Ռուսաստանին, Ռուսաստանը հետո կլուծի Ղարաբաղի հարցն այնպես, ինչպես լուծեց Կարսի հարցը: Այն ժամանակ էլ հայերը ողջ փաթեթը տվեցին Ռուսաստանին` հույս ունենալով, որ ռուսները գոնե մի հարց կլուծեն ի օգուտ մեզ (ես խոսում եմ բոլշևիկյան Ռուսաստանի մասին, ոչ թե ցարական): Իսկ բոլշևիկյան Ռուսաստանը հարցը լուծեց հօգուտ իր շահերի. Կարսը տվեց թուրքերին, Ղարաբաղն ու Նախիջևանը` Ադրբեջանին: Սա շատ կոնկրետ հարց է:
Նույնն այս դեպքում կարող է լինել: Օրինակ, եթե Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ (հիշեցնում եմ` ողջ փաթեթն արդեն տվել ենք Ռուսաստանին), այդ դեպքում Ռուսաստանը, առանց մեզ, Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններով կլուծի Ղարաբաղի հարցը: Եվ ես համոզված չեմ, որ այդ լուծումը կլինի հօգուտ մեզ:
– Իսկ սահմանային վերջին միջադեպերը, մասնավորապես` հայ զինծառայողների սպանությունը Նախիջևանի հետ սահմանին, որևէ կերպ կապվա՞ծ են նշված գործընթացների հետ:
– Մի ընդհանուր գաղափար կա, որը կարելի է կապել ամեն ինչի հետ: Ինչո՞ւմ է կայանում Ադրբեջանի իշխանությունների ընդհանուր գաղափարը: Անընդհատ լարված պահել Հայաստան-Ադրբեջան սահմանները և ԼՂՀ-Ադրբեջան շփման գիծը: Ինչո՞ւ, որպեսզի աշխարհը չմոռանա Ղարաբաղի հարցի մասին: Պետք է հասկանաք այսօրվա իրավիճակը: Այսօր կա ուկրաինական ճգնաժամ, Սիրիա, և այդ ֆոնի վրա Ղարաբաղը պարզապես կոնֆլիկտ չի համարվում: Եկեք իրար չխաբենք: Դա ի՞նչ կոնֆլիկտ է` Ուկրաինայի և Սիրիայի դեպքերի հետ համեմատած: Սա է պատճառը, որ իրենք ձգտում են անընդհատ լարված պահել վիճակը սահմանին: Բայց Նախիջևանի սահմանում այդ փորձերը նոր երանգ ունեն` կապված Թուրքիայի հետ:
Դուք գիտեք, որ 1921 թ. Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի անկախության կամ անվտանգության երաշխավորը Ռուսաստանը և Թուրքիան են: Եվ եթե այնտեղ լարվածությունը մեծանում է, նշանակում է` Թուրքիան, ոչ միայն Ռուսաստանը, ի պաշտոնե պարտավոր է արձագանքել: Այսինքն` Նախիջևանում լարվածություն սադրելու նպատակը նաև այն է, որ Ադրբեջանն ուզում է ավելի ակտիվ ներգրավել Թուրքիային ղարաբաղյան գործընթացի մեջ:
–
Եթե ԵՏՄ-ին անդամակցության գործընթացում այս զարգացումները բացասական բնույթ ստանան` մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, հնարավո՞ր է, որ Հայաստանը կասեցնի անդամակցության գործընթացը:
– Ճիշտն ասած` այո, չեմ բացառում, որ կկասեցվի: Եթե իմ խորհուրդը կընդունեն, իմ կարծիքով` Հայաստանը պետք է ի պաշտոնե հայտարարի, որ դադարեցնում է այդ գործընթացը, քանի որ մայիսի 29-ի գագաթաժողովում արձագանքներն ադեկվատ չէին, և Հայաստանը վերականգնում է իր բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի շրջանակներում: Այդ դեպքում Ռուսաստանը կրկին լուրջ կնայի մեզ, և այդտեղ է, որ պետք է Ռուսաստանի հետ նստենք, խոսենք, թե Ղարաբաղը մեզ հետ կմտնի՞ ԵՏՄ, թե՞ ոչ: Եթե չի մտնում, մենք իրոք այնտեղ անելիք չունենք: