«Սյունիքի հատվածում ադրբեջանցիներն աննախադեպ գործողությունների են անցել». Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանի տեղեկություններով՝ վերջին օրերին աննախադեպ գործողությունների են անցել ադրբեջանցիները:

«Երեկ ինձ տեղեկացրին, որ ադրբեջանցիներն ավելի աննախադեպ գործողությունների են անցել և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հատվածից մի քանի անգամ հայկական օդային տարածքները խախտվել են, և ռազմական թռչող սարքերը կարողացել են Նախիջևանի տարածքից թռիչքներ իրականացնել և սահմանը հատելով՝ հասնել մինչև օկուպացված Արցախ: Սա խոսում է մի բանի մասին, որ ՀՀ ԶՈւ-ն Սյունիքի մարզում որևէ հսկողություն չի իրականացնում, ավելի շուտ երևի ՀՕՊ համակարգը վերջնականապես անջատել են, և Ադրբեջանն այս հատվածը որպես օդային միջանցք՝ կարողանում է օգտագործել իր ռազմական նպատակների համար:

Սա չափազանց մտահոգիչ հանգամանք է, որովհետև նաև վերջին տարիների փորձը ունենալով, տեսնելով, թե ինչպիսի հանդգնությամբ Փաշինյանը կարողացավ թե՛ Արցախը հանձնել թշնամիներին, թե՛ Տավուշի մարզից հատվածներ հասցնել թշնամիներին, այսօր արդեն պարզ երևում է, որ նա վերջնականապես գնացել է այդ գործարքին, որ կարողանա Սյունիքն ամբողջությամբ դնել Ադրբեջանի տրամադրության տակ: Շատ կուզենայի, որ ՊՆ-ն իմ խոսքերը հերքեր, բայց վստահ եմ, որ չի հերքելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարապետ Պողոսյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերջնականապես բաժանում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև. «Այս պահին, ցավոք, կարող ենք արձանագրել, որ դարձել ենք թուրքական աշխարհի ազդեցության պետություն, և ուղղակի մնացել է ձևական որոշակի հատվածներ և այդ թվում՝ ՀՀ հասարակությանը պատրաստել այդ գերեվարված ապրելու կարգավիճակին: Ցանկացած գործողություն, որ անում է Փաշինյանը, ամբողջությամբ կրկնում է Ալիևին: Ալիևը և՛ Ադրբեջանի համար է որոշում սահմանադրական փոփոխություններ, և՛ Հայաստանի:

Կարդացեք նաև

Ալիևը որոշում է այնտեղ ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և մեր մյուս հայ պատվարժան քաղաքացիներին, ռազմաքաղաքական գործիչներին, նույնը այստեղ կատարվում է Սամվել Կարապետյանի, հոգևոր առաջնորդների դեմ, երեկ էլ տեսանք, թե ՀՅԴ նկատմամբ ինչպիսի բռնություն կիրառվեց: Իրենք շատ սինքրոն աշխատում են, և չզարմանաք, եթե վաղը-մյուս օրը  մեզ մոտ սկսեն մարդկանց ձերբակալել՝ ուղղակի Բաքվին արտահանձնելու համար, ուղղակի Ալիևի քմահաճույքները կատարելու համար»:

Նա չի զարմանա, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, օրինակ, Սամվել Կարապետյանին հանձնել Ադրբեջանին.

«Եթե ձեզ թվում է, թե Փաշինյանը հերթական ռեպրեսիաների ալիք է գործադրում, որից հետո նա կփափկի, այդ մարդկանց ազատություն կտա, ոչ, իրականում դա չի լինելու: Գյումրիում ունեցել եմ ահազանգեր, երբ մարդկանց հրավիրել են հատուկ քննչական ծառայություն՝ զուտ ֆեյսբուքյան հրապարակումների տակ որոշակի գրառումներ անելու համար: Այսինքն՝ մարդը կարող է մտնել և գրել, որ՝ «Սրբազան ջան, դու իմ առաջնորդն ես», դրա համար իրեն կանչել են, ասել են՝ «առաջնորդ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, եթե ինքը գնում է ահաբեկչության, դուք իր հետևի՞ց եք գնալու»: Մենք բոլորս լուրջ վտանգի տակ ենք: Հասել ենք մի էտապի, երբ սկսելու են մեզ նաև ֆիզիկապես բնաջնջել: Ամբողջովին թուրքական ձեռագիրն է, թուրքական գործելաոճն է այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս