
F-35 կործանիչների և С-400 համակարգերի հարցը դարձյալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում է

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը թուրքական բանակին F-35 կործանիչների մատակարարման հարցը դարձյալ փոխկապակցել է այնտեղ ռուսական С-400 զենիթահրթիռային կայանների առկայության խնդրին։
Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։Այդ թեմայի վերաբերյալ ռուսական գործակալության հարցմանը Թուրքիայի նախագահի վարչակազմից պատասխանել են, որ F-35-երի մատակարարման ծրագրին երկրի վերադառնալու կոնկրետ ժամկետները դեռ որոշված չեն, քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը գործընկերների հետ քննարկում է F-35 կործանիչներին առնչվող ծրագրին վերադառնալու հարցը։ Նա նույնիսկ փակված էր համարել Թուրքիայում ռուսական С-400 համակարգերի հարցը՝ ընդգծելով, որ ակնկալում է թուրքական օդուժին F-35 կործանիչների մատակարարման վերսկսում։
«Հուրիեթ» թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքն այդ առիթով նշել է․ «Թուրքիան ունի ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ բանակը և զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Այն զգալի առաջընթաց է գրանցել պաշտպանական արդյունաբերությունում։ Այժմ, եթե լուծվեն С-400-ին առնչվող խնդիրները, ապա F-35-երի մատակարարումը կարող է վերադառնալ օրակարգ։ Նախագահ Թրամփը ճկունություն է ցուցաբերել այս հարցում։ Կարծում ենք, որ ապագայում մեր համագործակցությունը Թուրքիայի հետ կընդլայնվի»։
2017 թվականին կնքած պայմանագրով Ռուսաստանը 2019-ի ամռանը և աշնանը գնդի հաշվարկով С-400 համակարգեր էր մատակարարել Թուրքիային։ Ավելին, Անկարան մերժել էր ԱՄՆ պահանջը հրաժարվել ռուսական զինատեսակից՝ ի օգուտ ամերիկյան Patriot-ի։
Դրանից հետո ամերիկացիները Թուրքիային դուրս էին թողել F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ էին սահմանել այդ երկրի պաշտպանական արդյունաբերության համալիրի ղեկավարների նկատմամբ։