ՀԾԿՀ-ն միանում է ՀԷՑ-ի դեմ արշավին

ՀԷՑ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը գնալով թափ է հավաքում։ Դրան միացել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Դա, իհարկե, զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջին հայացքից  անկախ համարվող այս կառույցը  վաղուց վերածվել է կառավարության կցորդի և կատարում է այն, ինչ թելադրում են իշխանությունները։

Մինչև վերջերս հանձնաժողովն անգամ ակնարկ չէր արել, որ ՀԷՑ-ը պատշաճ չի կատարում իր պարտավորությունները և կարող է զրկվել լիցենզիայից։ Բայց, երբ գործարար Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն անցան ՀԷՑ-ը խլելու «հայրենանվեր» գործին, ակտիվացավ նաև հանձնաժողովը։ Օրերս կայացած նիստում մերժեցին ՀԷՑ-ի այս տարվա համար նախատեսված ներդրումային ծրագրում առաջարկվող փոփոխությունները։

Հանձնաժողովի նման մոտեցումն առնվազն տարօրինակ է. Պետք եղած դեպքում ՀԷՑ-ում տեխնիկական վերազինման, սարքավորումների թարմացման, ցանցի ընդլայնման անհրաժեշտությունից են խոսում, բայց մերժում են ներդրումներն ավելացնելու՝ ընկերության առաջարկությունը, առանց որի՝ դժվար է պատկերացնել էներգամատակարարման որակի բարելավումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Եթե առաջարկվող փոփոխությունները վերաբերեին ներդրումների կրճատմանը, գուցե կարելի էր հասկանալ։ Սակայն մերժեցին ներդրումներն ավելացնելու նախաձեռնությունը։

Դժվար է ասել, նախկինում երբևէ նման բան եղե՞լ է, երբ հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունը լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն է տեսնում, ցանկանում է  հավելյալ ներդրումներ անել, ու թույլ չեն տալիս։ Բայց այս անգամ այդպես էլ եղավ՝ մերժեցին ներդրումներն ավելացնելու՝ ընկերության առաջարկությունը։

Կարդացեք նաև

Հաշվի առնելով առաջացած կարիքը՝ ՀԷՑ-ը դիմել էր հանձնաժողովին՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի այս տարվա ծավալը փոփոխելու համար։

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե դա արվել էր ընկերության նկատմամբ իշխանությունների սանձազերծած վերջին հարձակումներից հետո, ասենք, որ ներդրումային ծրագիրը փոխելու առաջարկությամբ ՀԷՑ-ը հանձնաժողովին էր դիմել ամիսներ առաջ։ Առաջարկել էր ավելացնել 2025թ. համար նախատեսված ներդրումները։ Մինչ այդ հաստատված 47.6 միլիարդ դրամից ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել կատարել մինչև 53.98 միլիարդ դրամի ներդրումներ։ Նախկինի համեմատ՝ 6.38 մլրդ դրամով կամ 16 մլն դոլարով ավելի։

Ներկայացված ներդրումային ծրագրի փոփոխության անհրաժեշտությունն ընկերությունը պայմանավորել էր հաստատված նախկին ծավալների հստակեցման և նոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։

Թվում է, թե հանձնաժողովն ուրախությամբ պիտի ընդուներ լրացուցիչ ներդրումներ կատարելու ընկերության առաջարկությունը՝ հատկապես այն մեղադրանքների ֆոնին, որոնք վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում են։ Բայց մերժեց՝ պատճառաբանելով, որ դրա հետևանքով կավելանան պլանային անջատումներն ու խնդիրներ կառաջանան էներգեհամակարգի անվտանգության, հուսալիության ու ընկերության ֆինանսական կայունության համար։

«Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը որոշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող հաստատվել երկու հիմնական պատճառով։

Ըստ ընկերության կողմից ներկայացված հաշվարկների՝ առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի հաճախորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման: Հիմնական հուսալիության ցուցանիշները՝ համակարգի միջին ընդհատումների տևողության ինդեքսը (SAIDI) և համակարգի միջին ընդհատումների հաճախականության ինդեքսը (SAIFI)  զգալիորեն կվատթարանան ՀԷՑ-ի գործող հաստատված ծրագրով սահմանված 2025 թվականի նպատակների և 2021 թվականին սահմանված բազային ցուցանիշների համեմատ:

Այս արդյունքը հակասում է ՀԾԿՀ-ի հիմնադիր սկզբունքին՝ ապահովել սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը:

Բացի այդ, ընկերության կողմից առաջարկվող զգալիորեն ավելի բարձր ներդրումային գումարը (53.98 միլիարդ դրամ՝ 47.6 միլիարդ դրամի դիմաց) կհանգեցնի նրան, որ մաշվածության և սակագների միջոցով վերականգնվող թույլատրելի շահույթի համակցված գումարը կգերազանցի ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայով սահմանված առավելագույն սահմանաչափն ավելի քան 2 միլիարդ դրամով: Այս գերազանցումը կհանգեցնի ներդրումային ծախսերի ավելի քան 10 միլիարդ դրամի սակագների միջոցով վերականգնման զգալի ուշացման, ինչը ֆինանսական դժվարություններ կստեղծի ընկերության համար:

Սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների էական վատթարացումը և ավելացվող ներդրումների՝ ընկերության սակագնային մարժայով փոխհատուցման էականորեն հետաձգման արդյունքում ընկերության համար ֆինանսական խնդիրների հնարավոր առաջացումը կարող է բերել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության մակարդակի, էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական կայունության նվազման»,- ներդրումներն ավելացնելու ՀԷՑ-ի առաջարկության մերժումն այսպես է պատճառաբանել հանձնաժողովը։

Հանձնաժողովի այս հիմնավորումից ստացվում է, որ ընկերությունը պետք է ընդհանրապես հրաժարվի ներդրումներ կատարելուց ու ցանցի որակի բարելավելմանն ուղղված աշխատանքներից, որովհետև դրանց իրականացման ընթացքում միշտ էլ առաջանալու է պլանային հոսանքազրկումներ կատարելու անհրաժեշտություն։ Իսկ որ այսօր նման պատճառաբանություններով ներդրումները մերժելու պարագայում վաղը շատ ավելի ծանր իրավիճակի առաջ են կանգնեցնելու համակարգը՝ հանձնաժողովին կարծես քիչ է մտահոգում։

Մի կողմից՝ ուզում են, որ ընկերությունը կատարի իր առջև դրված էներգամատակարարման որակի բարելավման հետ կապված պարտավորությունները, մյուս կողմից՝ արգելում են ներդրումների իրականացումը։ Դրա հետևանքով, եթե վաղ վթարներն ավելանան, անջատումները շատանան ու անջատումների տևողությունը մեծանա, չեն ասելու, որ մերժել են ներդրումների իրականացումը, դրա համար էլ կանգնեցրել են նման խնդիրների առաջ, ասելու են՝ մեղավորը ՀԷՑ-ն է, պատշաճ չի կատարում իր պարտավորությունները։

Մերժելով ընկերության ներդրումային առաջարկը՝ հանձնաժողովը փորձում է տպավորություն ստեղծել, թե դրանով պաշտպանում է՝ ինչպես սպառողների, այնպես էլ՝ համակարգի շահերը։ Բայց իրականում ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին է լավություն անում։ Տուժելու են թե՛ սպառողները, և թե՛ համակարգը։ Ներդրումները հետաձգելով, ընդամենը հետաձգում են խնդիրների լուծումը՝ ավելացնելով հնարավոր ռիսկերը։

Մնում է հասկանալ, թե ո՞րն է սրանում հանձնաժողովի շահագրգռվածությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս