Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ. Դավութօղլու
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ճեպազրույցի ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ: Սերգեյ Լավրովի հետ այսօրվա բանակցություններում քննարկել ենք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:
Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանի «սառեցված» հակամարտությունների կարգավորման օգտին: Այդ տարածաշրջանը շատ մոտ է թե՛ Թուրքիային, թե՛ Ռուսաստանին: «Սառեցված» հակամարտությունները վտանգ են ստեղծում տարածաշրջանի երկրների համար:
Հուսով ենք, որ Ռուսաստանը կօգնի կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը և միաժամանակ ջանքեր չի խնայի՝ լուծելու համար տարածաշրջանի մյուս «սառեցված» հակամարտությունները:
Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը: Պետք է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ այդ հակամարտությունը կարգավորելու համար»:
Դավութօղլուն Մոսկվա է մեկնել Բաքվից, ուր նա մասնակցել է Ադրբեջանի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը: