Բաժիններ՝

Կինոն՝ պատմությունը ճանաչելի դարձնելու հզոր զենք. «Հայաստան-Թուրքիա կինոհարթակի» առաքելությունը

Ապրիլի 14-16-ը Ստամբուլում մի ընդհանուր հարկի տակ հանդիպման էին ռեժիսորներ, պրոդյուսերներ, կինոյի աշխարհի ներկայացուցիչներ Հայաստանից, Թուրիքայից և Սփյուռքից: Նրանք մասնակցում էին Ստամբուլի Անադոլու Քյուլտուր մշակութային կազմակերպության և Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի կողմից հիմնադրված Հայաստան-Թուրքիա կինոհարթակին:

Երկու երկրների միջև կինոյի միջոցով երկխոսություն ծավալող այս հարթակը հիմնադրվել է դեռևս 2009 թվականին: Վերջին տարիներին կինոհարթակի շնորհիվ 200-ից ավելի թուրք և հայ ռեժիսորներ, պրոդյուսերներ, աշխարհի ամենատարբեր անկյուններից հանդիպել են միմյանց, ներկայացրել են իրենց կինոնախագծերը: 2009-ից ի վեր Հայաստան-Թուրքիա կինոհարթակն աջակցել է 13 կինոնախագծի:
«Մենք Հայաստանը, Թուրքիան և Սփյուռքը ներկայացնող մարդիկ ենք, ում իրար է կապում կինոն: Մենք սիրում ենք կինոն ու ոչ միայն պարզապես սիրում ենք, այլև հավատում, որ կինոն ունակ է ցավերը բուժելու: Մենք կինոյի միջոցով ուզում ենք խոսել տասնամյակներ շարունակ չպատմված պատմության մասին: Կինոյի միջոցով ուզում ենք ճանաչել մեկմեկու»,- սա մեջբերում էր Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հայտարարությունից:

Հայաստան-Թուրքիա կինոհարթակն ընթացավ Ստամբուլի միջազգային 33-րդ կինոփառատոնին զուգահեռ և ֆիլմերի աջակցության իր աշխատաժողովն անցկացրեց արդեն 11-րդ անգամ: Այս տարի կինոհարթակը ստացել էր մասնակցության 38 հայտ՝ Թուրքիայից, Հայաստանից, Սփյուռքից, Գերմանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: Ընտրությամբ մասնակցության հնարավորություն ստացել է 12 կինոնախագիծ:

Ընտրված 12-ը կինոնախագծեր էին, որոնք Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն են ծավալում կինոյի լեզվով: Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների կինոռեժիսորները կինոհարթակի շնորհիվ էկրան են բարձրացնում ցավոտ հարցեր՝ առերեսվելով պատմական իրական փաստերին:
Միմյանցից տարբեր 12 նախագծերն ունեին մեկ ընդհանրություն. ներկայացված բոլորը թեմաները, ըստ էության, 1915 թվականի ցեղասպանության հետևանքն էին:
Ըստ կարգի՝ նախագծերը պիտի գնահատվեին միջազգային ժյուրիի կողմի, որից հետո նախագծերից մեկը միայն կարժանանար 10 000 ԱՄՆ դոլարի մրցանակի: Հայաստան-Թուրքիա կինոհարթակին այս տարի աջակցում էր Եվրոպական Միությունը՝ Հայաստան-Թուրքիա նորմալիզացման գործընթացի շրջանակներում:

Կարդացեք նաև

Իսկ կինոհարթակի այս տարվա ժյուրին հետևյալ կազմն ուներ՝ Համբուրգի կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիեդեսպիել, պրոդյուսեր և ռեժիսոր Մելեք Ուլագայ, կինոգետ Մելիս Բեհլիլ, ռեժիսոր Մահմութ Ֆազիլ Չոսկուն, պրոդյուսեր Էնիս Կյոսպեթեն, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյան և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյան:
Այս տարվա Ֆիլմերի աջակցության հիմնադրամի աշխատաժողովի մասնակից նախագծերը հետևյալն էին.

  • Stony Paths, Առնո Քայաջանյան. «Քարե Ուղիներ», Ֆրանսիա
  • Pişik, Այսե Փոլատ. «Փիսիկ», Գերմանիա
  • The Oud Maker, Էրիկ Նազարյան. «Ուդ պատրաստողը», ԱՄՆ
  • Hello Soldier, Էրոլ Մինթաս. «Ողջույն, Զինվոր», Թուրքիա
  • After This Day, Նիգոլ Բեզջյան. «Այս օրից հետո», Լիբանան
  • Where the Photos Are Taken, Սաբրի Կուսկոնմազ. «Որտեղ որ արվել են լուսանկարները»
  • Wohin/Nereye?, Սիլվինա Տեր Մկրտչյան. «Որտե՞ղ», Գերմանիա, Արգենտինա
  • Anamnesis: the View from Moush, Թյունա Յիլմազ. «Վերհուշ. Հայացք Մուշից», Թուրքիա, Իտալիա
  • Mndzuri- A World Never Destroyed, Դավիթ Մաթևոսյան. «Մնձուրի. Երբեք չոչնչացող աշխարհ», Հայաստան
  • The Gold of Infidels, Լևոն Մինասյան. «Անհավատների գանձը», Ֆրանսիա
  • More than Words, Սեգ Կիրակոսյան. «Ավելի քան բառեր», Հայաստան
  • Neither Here nor There, Յասին Ալի Թուրքերի. «Ոչ այստեղ և ոչ այնտեղ», Թուրքիա

Հայաստան-Թուրքիա կինոհարթակի մասնակիցները երեք օր շարունակ Ստամբուլի Չեզաիր սրահներում քննարկեցին, ներկայացրին իրենց կինոնախագծերը, միմյանց զարմացրեցին, հիացրեցին իրենց պեղած պատմություններով, սցենարներով, որոնց հիմքում ամբողջապես վավերագրություն է և դրանով էլ պայմանավորված՝ թերևս, այն, որ գրեթե բոլորը կինոնախագծերը դոկումենտալ շեշտադրում ունեն: Բոլոր, այդ թվում՝ թուրք և քուրդ ռեժիսորների/պրոդյուսերների կողմից ներկայացված կինոնախագծերն այս կամ այն չափով անդրադառնում էին Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1915 թվականի հայոց ցեղասպանությանը: Սակայն սա մրցույթ էր, որտեղ ժյուրին ստիպված էր իսկապես 12 լավագույն կինոնախագծերից միայն մեկին արժանացնել գլխավոր մրցանակի: Հայաստան-Թուրքիա կինոհարթակի այս տարվա գլխավոր մրցանակը բաժին ընկավ ԱՄՆ-ից մեր հայրենակից ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանին:

konohartak (3)

2008թ. Էրիկ Նազարյանի առաջին խաղարկային ֆիլմը` «Կապույտ ժամը», որի համաշխարհային պրեմիերան կայացել է Սան Սեբաստիանի ՄԿՓ-ում, արժանացավ Երևանի «Ոսկե Ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակին, ինչպես նաև Էկումենիկ ժյուրիի մրցանակին: Էրիկ Նազարյանը կինոդիտողին հայտնի է իր
«Հանգիստ կիրք» (1999), «Բոլշևիկի ռեքվիեմ» (1999), «Էրոտաս» (1999), «Կապույտ ժամը» (2007), «Պոլիս» (2011) ֆիլմերով:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին ներկայացրած իր կինոնախագիծն Էրիկն անվանել էր «Ուդի Վարպետը»: Այն բացահայտում է Թուրքիայի երբեմնի լավագույն ուդի վարպետներից մեկի՝ Օնիկ Կարիբյանի պատմությունը, որին ծանոթանում ենք նրա այսօրվա 80-ամյա աշակերտի հիշողությունների շնորհիվ: Ուդի վարպետի մասին պատմող ֆիլմի գաղափարը ծնվել է Էրիկի նախորդ՝ «Ստամբուլ» Ֆիլմից հետո, երբ նկարահանումների ընթացքում ռեժիսորը հանդիպել է մեծ վարպետի աշակերտին:
Իրականում միմյանց հետ մրցում էին 12 խիստ հետաքրքիր, էմոցիոնալ խտանյութով, ասելիքով ու գրավիչ պատմությամբ կինոնախագծեր: Առանձնացնենք մի քանիսը:

Ֆրանսիայից Լևոն Մինասյանն, օրինակ, ներկայացրեց կինոնախագիծ՝ կատակերգության ժանրում. թուրք գյուղացիները հեռադիտակով հետևում են մի հայի, վստահ լինելով, որ նա հերթականն է, ով եկել է այս հողում իր նախնիների գանձերը գտնելու:

Մալաթիայից Գերմանիա տեղափոխված ազգությամբ քուրդ Այսե Փոլատի կինոնախագիծը Վանա կատվի մասին է, որին քուրդ, հայ և թուրք ժողովուրդները հավասարապես իրենցն են համարում: Իտալացի Ռոբերտո Կավալինիի և թուրք Թյունո Յլմազի ֆիլմի նախագիծը երկու հայ կանանց մասին է, ովքեր փրկվելով Հայոց ցեղասպանությունից, կյանքի գնով փրկեցին նաև «Մշո Ճառընտիրը»: Ֆրանսիայից Առնո Քայաջանյանն իր կինոնախագծով նպատակ ունի ներկայացնել աջակողմյան թուքերի շնորհիվ փրկված ընտանիքների պատմությունը: Ռեժիսորը նրանց հետքերով բացահայտում է նաև իր ընտանիքի պատմությունը: Սեգ Կիրակոսյանը՝ Հայաստանից, իր «Ավելի քան բառեր» կինոնախագծով նպատակ ունի նախնիների երկիր Արևմտյան Հայաստան այցելած իր ֆիլմի իրական հերոսներին հետևելով՝ պատմել այն զգացողությունների ու մշակութային ընդհանրությունների մասին, որ կունենան այդ օրերին ֆիլմի հերոսները:

Սրանք 12 կինոնախագծերից առանձնացված օրինակներ էին, որոնցից մեկն էլ հատուկ պիտի առանձնացնենք: Լիբանանից ռեժիսոր Նիգոլ Բեզջյանի «Այս օրից հետո» կինոնախագիծը ստացավ երկրորդ մրցանակը՝ Համբուրգի Օպտիկալ Արթ ընկերությունը կինոնախագծին շնորհեց 3000 եվրո մրցանակ՝ ետ-նկարահանման աշխատանքներին աջակցելու համար:

Ստամբուլի Անադոլու Քյուլտուրի ու Երևանի «Ոսկե Ծիրանի» կողմից հիմնադրված Հայաստան-Թուրքիա կինոնախագիծը վստահաբար այն հաջողված ծրագրերից է, որի շնորհիվ ավելի է ընդարձակվում երկու երկրների միջև հնարավոր համագործակցությունն արվեստի միջոցով և միջմշակութային երկխոսությունը առավել առողջ հիմքերի վրա է դրվում: Հայաստան-Թուրքիա կինոնախագիծը ստանձնել է հայանպաստ արաքելություն՝ կինոյի միջոցով բացահայտելու պատմության ցավոտ, արգելված էջերը՝ ներկայացնելով դրանք նախևառաջ թուրք հասարակությանը՝ նաև իրենց իսկ մշակութային գործիչների ձեռքով: Կինոն պատմությունը ճանաչելի դարձնելու հզոր զենքն է, և Հայաստան-Թուրքիա կինոհարթակը ստեղծել-կայացրել է այդ խաղաղ զենքով երկխոսելու ռազմավարությունը:

ՄԵՐԻ ՄՈՒՍԻՆՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031