Ալեքսանդր Ռամմը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում
Միջազգային հեղինակություն վայելող թավջութակահար Ալեքսանդր Ռամմը հյուրախաղերով և վարպետության դասերով հանդես կգա Հայաստանում։
Հայաստանյան հյուրախաղերը կկայանան Վանաձորում և Երևանում։ Համերգային ծրագրերը կուղեկցվեն վարպետության դասերով՝ երիտասարդ երաժիշտներին հնարավորություն տալով հաղորդակցվել մեր ժամանակների ամենավառ թավջութակահարներից մեկի հետ։
Մայիսի 29-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում հանդես կգան Ալեքսանդր Ռամմը (թավջութակ) և Գարրի Եփրիկյանը (դաշնամուր)։ Կհնչեն Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի, Բենջամին Բրիտտենի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից։
Նախագիծն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մարզային համերգաշարի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հյուրախաղերի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 30-ին Երևանում՝ Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Երեկոյի ընթացքում Ալեքսանդր Ռամմը և Գարրի Եփրիկյանը կներկայացնեն թավջութակի և դաշնամուրի համար գրված դասական և 20-րդ դարի նշանավոր ստեղծագործություններ՝ ներառյալ Չայկովսկու «Պեցցո Կապրիչիոզո»-ն, Շոստակովիչի Թավջութակի սոնատը, Բրիտտենի «Չակոնա»-ն և Առնո Բաբաջանյանի «Վեց պատկեր»-ը։
Համերգը խոստանում է հանդիսատեսին պարգևել զգայական և բարձր կատարողական մշակույթով հագեցած երաժշտական երեկո՝ ընդգծելով «Առնո Բաբաջանյան» համերգասրահի յուրահատուկ մթնոլորտը։
Ալեքսանդր Ռամմը համարվում է իր սերնդի ամենահայտնի և պահանջված թավջութակահարներից մեկը։ Նա միջազգային ճանաչում ձեռք բերեց 2015 թվականին՝ Չայկովսկու միջազգային մրցույթում արժանանալով արծաթե մեդալի։ Նրա արվեստը բարձր գնահատականի է արժանացել միջազգային հեղինակավոր մամուլի կողմից․ The Strad-ը նրան բնորոշել է որպես «հիպնոսացնող և հերոսական մենակատար»։ Վերջին տարիներին լայն արձագանք է ստացել նաև Բենջամին Բրիտտենի թավջութակի սյուիտների նրա ձայնագրությունը, որը երաժիշտը կատարել է ծանր վնասվածքից հետո՝ հաղթահարելով ֆիզիկական բարդությունները և վերադառնալով բեմ առավել վառ արտահայտչականությամբ։
Ռամմը համագործակցել է ժամանակակից դասական երաժշտության խոշորագույն դիրիժորների և նվագախմբերի հետ՝ ելույթ ունենալով աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, այդ թվում՝ Philharmonie de Paris, Concertgebouw, Cadogan Hall և Mariinsky Theatre համերգասրահներում։ Նրա կատարողական արվեստն առանձնանում է հնչողության տպավորիչ ուժով և նուրբ երաժշտական մտածողությամբ։
Հայաստանյան համերգների նրան կնվագակցի Գարրի Եփրիկյանը՝ բազմակողմանի երաժիշտ, որը հայտնի է ոչ միայն որպես դաշնակահար, այլև որպես երգեհոնահար և կլավեսինահար։ Նրա արվեստը ձևավորվել է դասական երաժշտության խորը ըմբռնման և տարբեր դարաշրջանների երաժշտության նկատմամբ զգայուն վերաբերմունքի շնորհիվ։



