Որքանո՞վ են անհրաժեշտ հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսությունները
Որքանո՞վ են անհրաժեշտ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ երկխոսությունները, արժե՞ սահմանում հաճախակի դարձած միջադեպերից հետո նորից երկխոսել եւ որքանո՞վ են արդյունավետ այդ շփումները։ Այս հարցերի պատասխաններն են թերեւս փորձել ստանալ «Միասին» ծրագրի շրջանակներում իրականացված սկայպ-քննարկումների հայ եւ ադրբեջանցի մասնակիցները, ովքեր մի քանի անգամ հնարավորություն են ունեցել սահմանի մյուս կողմում բնակվող հասակակիցների հետ քննարկել իրենց հետաքրքրող մի շարք հարցեր։
Ղարաբաղում գործող «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ», հայաստանյան «Եվրոպական ինտեգրացիա» եւ ադրբեջանական «Հումանիտար հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ների կողմից ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող «Միասին» ծրագրի վերջին սկայպ-քննարկումն էր վերջերս. այս անգամ վիրտուալ տիրույթում հանդիպել էին Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի երիտասարդները։
Բոլոր կողմերում եզրակացությունը մեկն էր, որ նոր պատերազմ պետք չէ։ Ինչպես հիմնավորեց ղարաբաղյան կողմի կազմակերպիչ, «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ»-ի ղեկավար Իրինա Գրիգորյանը՝ «մեզ պետք է խաղաղություն ոչ այն պատճառով, որ չենք կարողանում պատերազմել, այլ որ պատերազմ չենք ուզում»։
Շատերն էին այն կարծիքին, որ շփումները կողմերի միջեւ անհրաժեշտ են, ինչը կարող է միայն խթանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Իսկ դրա համար նախ պետք է իրար չատել ու փորձել հասկանալ նաեւ դիմացինին։ Իր վերաբերմունքի մասին խոսեց ադրբեջանցի մի երիտասարդ, ով շեշտեց, որ ատելություն չունի հայերի նկատմամբ՝ տեղեկացնելով, որ պատերազմից հետո Ռուսաստանում էլ է շփվել հայերի հետ, ընկերներ ունի։ Նա հայտնեց այն կարծիքը, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են շատ հեշտ լուծել կոնֆլիկտn առանց Ռուսաստանի միջամտության։
Ադրբեջանցիների նկատմամբ ատելության բացակայության մասին կարծիք հնչեց նաեւ հայաստանյան կողմից. երիտասարդը շարունակելով թեման կոչ արեց ավելի հաճախակի խոսել համագործակցության մասին։ «Հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ընկերություն անել առայժմ»,-այս կարծիքին էր ղարաբաղյան մասնակցներից մեկը, ով հիմնավորեց ասածը. «Իհարկե, ուրախ եմ, որ Ադրբեջանում ձեզ նման մարդիկ կան, բայց դուք ցավոք փոքրամասնություն եք կազմում, ձեր իշխանություններն այլ դիրքորոշում ունեն»։ Ի պատասխան Բաքվից հնչեց այն տեսակետը, որ խոսքը ընկերության մասին չէ, այլ երկխոսության եզրեր գտնելու, իսկ դրա համար անհրաժեշտ է խոսել ոչ թե «քաղաքականության լեզվով, այլ հասարակ քաղաքացիների»: «Մենք գիտենք՝ ինչն է մեզ բաժանում, մենք այսօր պետք է խոսենք այն մասին, թե ինչը կարող է մեզ միավորել»,-շեշտեց ադրբեջանցի երիտասարդներից մեկը:
Սկայպ-քննարկումը, որը թեեւ ծրագրի եզրափակիչն էր, ավարտվեց մասնակիցների տարբեր առաջարկներով։ Կողմերը հուսով էին, որ ծրագիրը շարունակություն կունենա եւ հնչեցված առաջարկները կյանքի կկոչվեն։ Դրանց մասին առաջիկա օրերին։
karabakh-open.info