Հայաստանը ես եմ

Հայաստանում շատ քչերն են դեմքով ճանաչում ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանին: Նա բավական բարեկիրթ, մտավորական անձնավորություն է, հմուտ դիվանագետ: Մարտի 27-ին նա Հայաստանի Հանրապետության անունից «դեմ» է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Ղրիմի հանրաքվեի օրինականությունը չճանաչող բանաձևին: Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի թվով տասը երկրներում շատ քչերն են ճանաչում ՄԱԿ-ում իրենց պետությունների ներկայացուցիչներին:

Բայց մարտի 27-ի նրանց քվեարկություններն աշխարհում նոր բաժանարար գիծ քաշեցին` 11-ն ընդդեմ 158-ի, կամ` հակառակը: Հայաստանն այս տասնմեկ երկրների շարքում ամենաժողովրդավարականն է: Կամ է՛րգ Հայաստանի իշխանություններն իրենց որևէ հարցում քննադատողներին միշտ պատասխանում են` սա մեծամասնության կարծիքն է:

Հետևաբար, հասկանալի է, որ ոչ թե Զիմբաբվեն ու Սուդանն են հավասարվելու Հայաստանին, այլ Հայաստանն է հավասարվելու նրանց: Մեծամասնության օրենքներով:

Հայաստանի իշխանությունը երկրի ներսում մեծամասնությունը պահպանելու համար Հայաստանը դարձրեց աշխարհի փոքրամասնության անդամ: Բռնապետական, մերժված փոքրամասնության անդամ: Հայաստանի իշխանությունները դա արեցին այդ փոքրամասնության մեծ անդամի` Ռուսաստանի կամքին ենթարկվելով, որպեսզի Ռուսաստանը հանկարծ չմտածի Հայաստանում մեծամասնությունը փոխելու մասին:

Մենք դեմքով չենք ճանաչում Կարեն Նազարյանին, առավել ևս չենք ճանաչում այն մարդու կամ մարդկանց դեմքերը, ովքեր Հայաստանի իշխանությանն են փոխանցել Ռուսաստանի պահանջը կամ սպառնալիքը` «դեմ» քվեակել` այդ բանաձևին:

Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունում են մարդիկ, ում անուններն ու դեմքի արտահայտությունը մեզ հայտնի չեն կամ ոչինչ չեն ասում: Այս անդեմությունը Հայաստանի Հանրապետությանը զրկում է ինքնիշխանությունից, որպես ինքնուրույն միավոր ձայնի` որոշման իրավունքից, այսինքն` դեմքից: Այդ իրավունքը նրանց տվել է Հայաստանի հասարակությունը` անդեմությունը հանդուրժելու հարցում ցուցաբերած անդեմությամբ… «Հայաստանը դու ես»,- ասվում է վերջին տարիներին իշխանության հիմնը դարձած` անդեմ երգիչների երգում:

«Հայաստանը ես եմ»,- գրված է իշխանության տարբեր դեմքերի պատկանող փողոցային գովազդային վահանակների վրա:

Մարտի 27-ից այդ արտահայտության կողքին կարող է տեղադրվել նշված 10 դեմքերից յուրաքանչյուրը: Այլևս Հայաստան է նաև Սին սոն Խոն, Հայաստան է նաև Չիտսակա Չիպազիվան, Հայաստան են նաև Սերջիո Լորենտի Սոլիցը և Մարիա Ռուբյալե դե Չամորոն: Բայց առաջին հերթին` Հայաստան է Վիտալի Չուրկինը: Նա առանց խղճի խայթի կարող է ասել` «Հայաստանը ես եմ»:

Տեսանյութեր

Լրահոս