Բաժիններ՝

Ֆինանսների նախարարի սկանդալային հրամանը. խոշոր գործարարներն անհեթեթ վիճակում են

Օգոստոսի 1-ից 500-ից ավելի հայաստանյան խոշոր ընկերություններ, ինչպես նաև՝ ՀՀ պետական կառավարման մարմիններն ընկել են անհեթեթ և անտրամաբանական իրավիճակի մեջ: Պատճառը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հրամաններից մեկն է:

Սկսենք սկզբից: «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետական կառավարման մարմինների, պետական ընկերությունների կողմից հայտարարված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք ունեն նրանք, ովքեր ունեն.

մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը,

մասնագիտական փորձառություն,

տեխնիկական միջոցներ,

աշխատանքային ռեսուրսներ,

ֆինանսական միջոցներ:

Առաջին 4 պահանջները թերևս հասկանալի են, իսկ 5-րդ չափանիշը, համաձայն «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 10.02.2011թ. թիվ 168-Ն որոշման, սահմանում է ֆինանսների նախարարը: Այդ որոշման 83-րդ կետում նշված է. «հրավերով պահանջվում է, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը պետք է որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերով ներկայացնի ֆինանսական վիճակի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր: Ֆինանսական փաստաթղթերի գնահատման կարգը և ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը»:

Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելուց 1,5 ամիս անց՝ այս տարվա հունիսի 20-ին, հաստատում է վերոնշյալ «ֆինանսական միջոցներ» չափանիշը: Նախարարի՝ թիվ 500-Ն հրամանի համաձայն, այդ չափանիշը գնահատվում է հետևյալ փաստաթղթի հիման վրա. «այն ընկերությունների դեպքում, որոնց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջ՝ չձևափոխված /դրական/ աուդիտորական եզրակացություն»: Իսկ վերջինս պետք է տրված լինի ՀՀ կառավարության՝ 29.12.2011թ. թիվ 1931-Ն որոշմամբ նախատեսված «Աուդիտի միջազգային ստանդարտ 700»-ի պահանջներին համապատասխան:

Փաստորեն, ստացվել է անհեթեթ իրավիճակ. այն խոշոր ընկերությունները, որոնք իսկապես ունեն ֆինանսական միջոցներ, սակայն ինչ-ինչ պատճառներով չունեն դրական աուդիտորական եզրակացություն (օրինակ, ինչ-որ հաշվապահական ձևակերպում սխալ է տրված եղել), չեն կարող մասնակցել պետական գնումների գործընթացին: Փոխարենը, ըստ ֆինանսների նախարարի, այն փոքր ընկերությունները, որոնց համար աուդիտորական եզրակացությունը պարտադիր չէ, կարող են մասնակցել տենդերներին:

Հրամանը ստորագրելուց հետո Դավիթ Սարգսյանն այդ մասին տեղեկացնում է ՀՀ պետական կառավարման մարմիններին, Երևանի քաղաքապետարանին՝ տեղեկացնելով, որ այդ հրամանի դրույթն ուժի մեջ է մտնելու օոգոստոսի 1-ին: Նախարարը կից ներկայացրել է նաև այն ընկերությունների ցանկերը, որոնք ՀՀ կառավարության 29.11.2011թ. N 1931-Ն որոշմամբ նախատեսված «Աուդիտի միջազգային ստանդարտ 700»-ի պահանջներին համապատասխան պարտադիր ֆինանսական աուդիտ չեն անցել կամ պարտադիր ֆինանսական աուդիտ անցել են, սակայն դրական կարծիք չեն ստացել, այլ կերպ ասած՝ «սև ցուցակները»: Առաջին ցանկում ընդգրկված է 300-ից ավելի ընկերություն, երկրորդում՝ 200-ից ավելի: Ընդ որում, զարմանալին այն է, որ այդ «սև ցուցակներում» տեղ են գտել այնպիսի խոշոր ընկերությունների անվանումներ, որոնց ֆինանսական միջոցների մասին նման թյուր գնահատականը պարզապես անտրամաբանական է, օրինակ՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ, «Արսօյլ» ՀՁ, «Քեթրին Գրուպ» ՍՊԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Երևան հյուրանոց» ԲԲԸ, «Յունիքոմփ» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, մի շարք բանկեր, գրեթե բոլոր բուհերը և այլն:

Ընդ որում, ոչ մի պահանջ չկա նաև աուդիտն իրականացնող մասնագիտական ընկերության նկատմամբ, այսինքն կապ չունի՝ եզրակացությունը տվել է ցածր վարկանիշ ունեցող ինչ-որ աուդիտոր, թե՝ հեղինակավոր աուդիտորական ընկերություն:

Այսօր փաստի առաջ են կանգնած ոչ միայն այս ընկերությունները, որոնց մեծամասնությունն ավանդաբար մասնակցել է պետական տենդերներին, այլև՝ հենց պետական կառույցները, որոնք չգիտեն որտեղից իրականացնել իրենց գնումները: Մեկ հետաքրքրական փաստ ևս. «սև ցուցակում» հայտնված ընկերությունների մեծամասնությունն աուդիտորական եզրակացության ոչ դրական կարծիքն ստացել է մայիս-հունիս ամիսներին, այսինքն՝ մինչև ֆինանսների նախարարի վերոնշյալ հրամանը կամ էլ հրամանը ստորագրելուն հաջորդող օրերին, երբ հրամանը դեռ աղմուկ չէր բարձրացրել: Հակառակ դեպքում, այդ խոշոր ընկերությունները համապատասխան քայլերի կդիմեին՝ կա՛մ հրամանը կանխելու, կամ էլ՝ աուդիտորան դրական եզրակացություն ստանալու ուղղությամբ: Թեև այժմ էլ բացառված չէ, որ «սև ցուցակում» ընդգրկված ընկերությունների սեփականատերերը ինչ-որ ձևով պայքարեն Դավիթ Սարգսյանի հրամանի դեմ:

ԱՐՍԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս