Բաժիններ՝

Հայաստանում հնագիտական բազմաթիվ նյութեր կորչում են

«Հնագիտական արտե փաստերի ապագան պայծառ ու փայլուն է, որովհետև մեր հնագիտական դպրոցը շատ հզոր է, մեր մշակույթը շատ հետաքրքիր է, ուստի շատ ուրույն և շատ առանցքային նյութերն էլ ըստ առժանվույն դրված են թանգարաններում և պահպանվում են: Սակայն ինչ վերաբերում է ոսկրաբանական մնացորդներին, ապա դրանց վիճակը շատ անմխիթար է, որովհետև նյութն ավելի ծավալուն է, ռեստավրացիայի կարիք ունի, սակայն, այն իր մեջ նաև ահռելի գիտական տեղեկատվություն է պարունակում և շատ կարևոր է, որպեսզի այդ ամենը չկորցնի իր գիտական արժեքը»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի դասախոս Ռուզան Մկրտչյանը` նշելով, սակայն, որ այժմ, երբ հնագետը դամբարանից նյութը հանում է, հաճախ այն դեպի թանգարան ճանապարհին անհետ կորչում է:

«Ես ինքս էլ նմանատիպ տարբեր դեպքերի ականատեսն եմ եղել, բավականին շատ, զգալի թվով ոսկրաբանական նյութեր այդպես կորել են»,- ասաց Ռ. Մկրտչյանը: Նրա խոսքով` այդ ամենը այդքան էլ ֆինանսների հետ կապված չէ, որքան կուլտուրայի հարց է. «Պետք է բարեհաճ վերաբերվել ոչ թե միայն դամբարանից գտած գեղեցիկ իրի նկատմամբ, այլ ողջ դամբարանային նյութի նկատմամբ, որովհետև դամբարանը դա տեքստ է, որը կարելի է կարդալ, այստեղ կարևոր է ամեն մի «մանրուքը»` որպես պատմամշակութային ժառանգության ամբողջության մի մասնիկ»,- ասաց Ռ. Մկրտչյանը` նշելով, որ այդ ամենի կորուստն ոչ անփութությամբ է պայմանավորված, ոչ էլ ֆինանսներով, այլ պարզապես անհրաժեշտ է մեզանում  որոշակի ավանդույթներ ձևավերել: Ըստ մասնագետի` օրինակ, հնագիտության ոլորտում սովորող ուսանողները պետք է անցնեն  այդ պրակտիկան` խեցեղեն լվանան, նյութը շիֆրավորեն, պահեստավորեն և այլն:

Ռ. Մկրտչյանը նշում է նաև, որ, իհարկե, լավ նյութերի և գործիքների բացակայության խնդիր էլ կա, սակայն ոլորտի մասնագետներն այդ ամենը փորձում են տարբեր դրամաշնորհային ծրագրերի միջոցով ձեռքբերել:

«Մեղքը գցել նրա վրա, որ մենք չունենք այսինչ բանը կամ գումար չունենք նման բաների համար՝ սխալ կլինի, որովհետև այդ ամենը աշխատանքի կազմակերպման մշակույթ է: Ամբողջ աշխարհն իրագործում է դա ուսանողի ասիստենտական աշխատանքի միջոցով, որը շատ մեծ օգնություն է լինում գիտական լուրջ աշխատանքի ընթացքում, և ամբողջ բարեխղճությունը տվյալ դեպքում ապահովվում է հենց այդ ուսանողի շնորհիվ»,- ասում է Ռ. Մկրտչյանը: Նրա խոսքով` պետք է ստեղծել ոսկրաբանական գիտահետազոտական լաբորատորիա` մեծ սեղաններով և մեծ դարակներով, և պետք է հավաքագրել համապատասխան մասնագետների, որոնք կունենան իրենց լաբարանտական հաստիքները:

«Մենք հնագիտության միջավայրում այժմ նման լաբորատորիա չունենք, սակայն դրա առկայության դեպքում, կարծում եմ, պատկերը կարող է փոխվել»,- ասում է  Ռ. Մկրտչյանը` նշելով նաև, որ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրություն մշակել, որպեսզի այդ ամբողջ ժառանգության մեջ նաև ազգի գենոֆոնդը հավաքագրվի որտեղ նաև մոլեկուլյար մակարդակով հնարավոր կլինի հավաքագրել ազգի տարբեր ժամանակաշրջաններում ունեցած կեդանական և բուսական աշխարհը: Այդ նյութերը հավաքագրելու համար ընդամենը մեկ-երկու լաբորատորիա է անհրաժեշտ կամ կարելի է համապատասխան թանգարաններում տեղ հատկացնել այն իրականացնելու համար: Ըստ մեր զրուցակցի՝ այդ ամենը մեծ միջոցներ չի պահանջում, այլ պարզապես մեծ կազմակերպչական աշխատանք է պահանջում. «Դա մշակույթ է, որը աշխարհահայացքի փոփոխություն է պահանջում և անհրաժեշտ է, որպեսզի լինի մեկ- երկու լաբորատորիա, մեկ- երկու պահեստարան ստեղծել»,-ասում է Ռ. Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս