
SpaceX-ի օդաչուով կառավարվող տիեզերանավը պատմության մեջ առաջին թռիչքն է մեկնարկել Երկրի բևեռների վերևում

Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը, որում գտնվում են մասնավոր տիեզերագնացներ, ուղեծրով թռիչք է իրականացնում Երկրի Հյուսիսային և Հարավային բևեռների վրայով։ Այս մասին հաղորդում է SpaceX ընկերությունը:
Fram2 առաքելության անձնակազմը, որն իրականացնում է Երկրի բևեռների վրայով պատմության ընթացքում առաջին թռիչքը, ներառում է մալթացի, ծագումով չինացի ձեռնարկատեր Չուն Վանին, որը ֆինանսավորել է առաքելությունը, արկտիկական ռոբոտաշինության ոլորտի գերմանացի ինժեներ, տիեզերանավի օդաչու Ռաբեա Ռոգեին, ավստրալացի բևեռախույզ, առաքելության մասնագետ Էրիկ Ֆիլիպսին և նորվեգացի կինոռեժիսոր և օպերատոր, տիեզերանավի հրամանատար Յաննիկե Միկելսենին։
Թե որքան է Չուն Վանը վճարել առաքելությունը կազմակերպելու համար, հայտնի չէ: Նախագծի արժեքը չի հաղորդվում։
SpaceX-ի Crew Dragon-ն արձակվել է Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից տեղական ժամանակով մարտի 31-ին, ժամը 21:46-ին (Երևանի ժամանակով ապրիլի 1-ին, ժամը 5:46-ին):Առաքելությունը կտևի երեքից հինգ օր:
Թռիչքը կիրականացվի 425-450 կմ բարձրության վրա։ Միջազգային տիեզերակայանի հետ կցում չի նախատեսվում։
Նավի անձնակազմը տվյալներ կհավաքի բևեռային սառցաբեկորների և այդ հեռավոր շրջանների կլիմայական առանձնահատկությունների մասին։
Ակնկալվում է, որ Fram2 առաքելությունն արժեքավոր տեղեկատվություն կտրամադրի կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ: Բացի այդ, ուսումնասիրություններ կանցկացվեն անձնակազմի անդամների օրգանիզմի վրա տիեզերական թռիչքի ազդեցության վերաբերյալ։ Նախատեսվում է առաջին անգամ ստանալ տիեզերագնացների ռենտգենյան պատկերներ։ Ընդհանուր առմամբ, թռիչքի ընթացքում նախատեսված է 22 գիտական ուսումնասիրություն և փորձ։