
Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Գևորգ Պապոյանը շրջել է Հայաստանի «Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող ազգային տաղավարով, որը ներկայացնում է ութ «սյուներ», որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է Հայաստանը՝ հնագույն պատմությունից և ստեղծարար մտածողությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ և խաղաղությանն ուղղված հանձնառություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ տաղավարում ներկայացված են նաև «Խաղաղության խաչմերուկը», Գյումրու«Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»:
Տաղավարում ներկայացված են նաև Հայաստանի զբոսաշրջային կարևոր և տեսարժան ուղղությունները։
Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված են նաև կրթական նորարարական նախաձեռնությունները՝ ՔՈԱՖ, Արմաթ, ինչպես նաև Հայաստանի տեսլականն ուսուցման ապագայի վերաբերյալ: Մանրամասն ցուցադրված է Թումոյի միջազգային ցանցը՝ հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ։
Նշենք, որ համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները։ Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր, և ակնկալվում է 28 մլն այցելու։