Ինչո՞ւ է տարածված երկաթդեֆիցիտային անեմիան, երեխաներն ու կանայք ռիսկի խմբում են․ ո՞րն է պատճառը

Սակավարյունությունն առաջանում է, երբ արյունը չունի բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր բջիջներ՝ էրիթրոցիտներ։ Հիվանդության տեսակների, դրանց պատճառների, ինչպես նաև արյան դոնորության մասին զրուցել ենք «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մեծահասակների բարորակ արյունաբանական կլինիկայի ղեկավար Նատա Մելքիկյանի հետ։

Բժշկուհի, այսօր շատ են խոսում սակավարյունության մասին, սակայն քչերը գաղափար ունեն, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Ի՞նչն է ընկած դրա հիմքում։

– Սակավարյունության հիմքում էրիթրոցիտների և նրանց մեջ պարունակվող հեմոգլոբինի նվազումն է։ Սակավարյունությունները բազմազան են, գոյություն ունեն տարբեր դասակարգումներ՝ ըստ իրենց առաջացման․ հետարյունահոսական, էրիթրոցիտի ստեղծման խանգարումով պայմանավորված սակավարյունություն, որն էլ ունի երեք ճյուղ՝ դեֆիցիտային, ոսկրածուծի անբավարարությամբ, մետաստատիկ ուռուցքներով պայմանավորված։

Կարդացեք նաև

Էրիթրոցիտները ստեղծվում են յուրաքանչյուր օր, և ամեն օր նրանց մի հատվածը քայքայվում է։ Եթե քայքայման պրոցեսն արագանում է, ապա այն նույնպես նպաստում է սակավարյունության ստեղծմանը։ Այս սակավարյունությունները կոչվում են հեմոլիտիկ, որովհետև էրիթրոցիտի հետ քայքայումը կոչվում է հեմոլիզ։ Հեմոլիտիկ սակավարյունության խմբերը մեծ են, բայց ասեմ, որ լինում են ժառանգական ու ձեռքբերովի։ Ժառանգականները պայմանավորված են հեմոգլոբինի շղթաների ստեղծման, էրիթրոցիտի ֆունկցիոնալ գործողության խանգարումներով։

Ձեռքբերովիները լինում են, երբ էրիթրոցիտների դիմաց հակամարմիններ են զարգանում, ջախջախում։ Կան ինֆեկցիաներով, բակտերիալ վիրուսային հիվանդություններով պայմանավորված էրիթրոցիտների քայքայման արդյունքում զարգացած հեմոլիտիկ սակավարյունություններ։

Կա՞ն հիվանդություններ, որոնք սակավարյունության պատճառ են դառնում։

– Ուռուցքներն են, որոնք կարող են մետաստազներ ունենալ, ու արդյունքում՝ խանգարվի էրիթրոցիտների ստեղծումը։ Կամ՝ հեմոբլաստոզները։ Բայց ինքնուրույն զարգացող սակավարյունություններն ուրիշ են։

Տարածված է երկաթդեֆիցիտային անեմիան։ Ինչի՞ հետևանքով է այն զարգանում։

– Այն երևի ամենատարածված սակավարյունությունն է։ Բնակչության 1/3-ը տուժում է երկաթդեֆիցիտային վիճակի և երկաթդեֆիցիտային անեմիայի զարգացման պատճառով։ Գլխավորապես երեխաները, դեռահասները, ռեպրոդուկտիվ տարիքի կանայք են տուժում։ Իսկ մեծահասակները՝ կին և տղամարդ, արդեն հավասարաչափ։

Կհարցնեք՝ ի՞նչն է տարածվածության պատճառը․ առաջին հերթին կապված է սննդակարգի հետ։ Սննդակարգը պետք է լինի բավարար և ապահովի երկաթ պարունակող սննդի ներմուծումն օրգանիզմ։ Լիարժեք երկաթ պարունակվում է կարմիր մսի մեջ։ Բուսական սնունդը երկաթ քիչ է պարունակում։

Երկաթը շատ պատասխանատու գործ է կատարում օրգանիզմում։ Այն ողջ օրգանիզմի ֆունկցիայի հսկողությունն է կատարում, ապահովում է թթվածնի տեղափոխումը հյուսվածքներ, օրգաններ։ Հետևաբար՝ ապահովում է հյուսվածքային շնչառությունը, նպաստում է իմունիտետը բարձր դիրքերում պահպանելուն։ Իսկ երբ արյունահոսություն է լինում, այդ ժամանակ շատ մեծ քանակի երկաթ անվերադարձ կորչում է, չես կարող ոչ մի սնունդով, դեղով ներմուծել։ Ի սկզբանե տրված է և պետք է պահպանել ու արյունահոսության ժամանակ կորցրած մեծ քանակով երկաթը կարող է բերել հազար ու մեկ բարդությունների, անգամ մահվան, եթե ժամանակին օգնել չհասցնեն։

Չի պատահո՞ւմ, որ տեղը տեղին կարմիր միս են օգտագործում, սակայն երկաթի դեֆիցիտ են ունենում։

– Լինում է։ Պետք է օրգանիզմը յուրացնի դա, որի համար պետք է երկաթը ներծծվի։ Գուցե ներծծման խանգարում է տեղի ունենում կամ մարդը տառապում է էնտերիտներով (բարակ աղիի բազմագործոնային քրոնիկ բորբոքային հիվանդություն), կամ ունի գաղտնի աղեստամոքսային արյունահոսություն, որը տեսանելի չէ ու կաթիլ-կաթիլ կորցնելով՝ երկաթի պահեստի պակասություն է ստեղծվում։ Հնարավոր է՝ մարդն ունի ուռուցքային հիվանդություն, պոլիպներ, խոց, որոնք շատ համր կարող են ընթանալ։

Որո՞նք են երկաթդեֆիցիտային անեմիայի ախտանշանները։

– Տուժում են մակերեսային բոլոր բջիջները՝ մաշկը, մազերը, եղունգները, ունենում են տարօրինակ հակում հոտերի հանդեպ, որոնք նորմալ մարդուն դուր չեն գալիս։ Կարող է ուզենան կավիճ, գաջ կրծեն, սառույց կուլ տան։

Նաև սրտխփոց և օդի պակասի զգացում են ունենում, չէ՞։

– Սա բնորոշ է բոլոր սակավարյունություններին՝ անկախ նրանից երկաթի, ֆոլաթթվի, վիտամին B12-ի, թե հեմոլիտիկ սակավարյունություն է։ Առաջին հերթին խանգարվում է թթվածնի տրանսպորտը ողջ օրգանիզմում։ Ծանր վիճակում է հայտնվում օրգանիզմը․ սիրտ-անոթային համակարգը, լինում է մկանային շատ խիստ թուլություն։ Իհարկե, շատ բնորոշ է դեմքի մաշկի գույնը։ Սփրթնած է դեմքը, կարող է լինել մի փոքր դեղնավուն երանգ՝ բերանի մաշկի շուրջ։

Եթե մարդն ունի երկաթի դեֆիցիտ, դեղորայքի միջոցով կարո՞ղ են բարձրացնել հեմոգլոբինը։

– Առաջին հերթին պետք է ախտորոշել, որի համար կան շատ լավ մեթոդներ։ Հետազոտում ենք երկաթի ողջ նյութափոխանակությունը, ինչպես նաև այն, թե ինչքանո՞վ է ֆերիտինը ներկայացված արյան մեջ, որովհետև կարող է ունի երկաթի մեծ պահեստ և երկաթ պարունակող դեղ տալով ոչ թե կլավացնենք, այլ կվատացնենք վիճակը։

Երկաթ պարունակող դեղորայքի հետ պարտադի՞ր է ֆոլաթթվի և B12-ի ընդունումը։

– Ոչ։ Եթե երկաթի պակասությունը պայմանավորված է, ասենք, էնտերիտներով, այն կբերի նաև B12-ի պակասի։ Բայց ֆոլաթթվի պակասը ստեղծվում է բուսական ոչ լիարժեք սննդի տրամադրման դեպքում։

Կա կարծիք, որ եթե երկաթը լավ չի ներծծվում, կա պղնձի դեֆիցիտ։

– Դժվար է ասել։ Կա մի տրանսպորտային սպիտակուց՝ տրանսֆերին, որը կարող է կապել երկաթը, պղինձը։ Ընդհանրությունը դրա մեջ է։ Պղնձի անեմիան պարտադիր չէ, որ երկաթի հետ զուգորդված լինի։

Ո՞ր դեպքում են արդեն արյուն ներարկում մարդուն։

– Կախված է սակավարյունության աստիճանից, խորությունից։ Եթե սակավարյունություն զարգացել է սննդակարգի ոչ անբավարարության պատճառով, շատ դանդաղ ու երկար է զարգանում և հասնելով ցածր թվերի՝ մարդը լինում է դեռևս կոմպենսացված, օրգանիզմը հարմարվել է և դեղ տալով՝ կարող ենք բարձրացնել երկաթը, բայց պետք է գնահատենք վիճակը։ Գուցե անհրաժեշտ է արյուն ներարկել, ապա նոր դեղով բերել մինչև վերջ լավացման։ Իսկ եթե սակավարյունությունն արագ է զարգացել, արդեն շատ ծանր երևույթ է։ Այն տրավմաների հետևանք է, լինում է ծննդկանների մոտ։ Կարող է արագ սակավարյունություն զարգանալ ու պետք է շտապ ներարկել էրիթրոցիտար զանգված։ Հետևաբար, շատ կարևոր է դոնորության զարգացումը։ Մեր քաղաքացին պետք է հասկանա ու պատասխանատու լինի թե՛ իր, թե՛ շրջապատի համար։ Առողջ մարդը տարվա մեջ ամենաքիչը երեք անգամ կարող է արյուն հանձնել։ Առանց արյան՝ կյանք չկա։ Մենք կարող ենք կորցնել կյանքեր՝ չունենալով համապատասխան խմբի համատեղված արյուն։

– Ովքե՞ր չեն կարող արյան դոնոր դառնալ։

– Կան կոնկրետ հիվանդություններ՝ սրտային, լյարդային, երիկամային և այլն։ Եթե վիրուսային հեպատիտ է կրել՝ իրավունք չունի արյուն հանձնել։

– Բայց հիվանդին որ արյուն են տրամադրում, մաքրում են, չէ՞։

– Դա ուրիշ բան է։ Համատեղությունն ենք ստուգոմ, որ խմբային ամբողջ մանրուքներով համընկնի, իսկ դրանից հետո կատարում ենք էրիթրոցիտների լվացում, որ առանց այն հակամարմինների, որոնք չեն հայտնաբերվել՝ վերանան, և արյան ներարկումն ընթանա առանց բարդությունների։

Ովքե՞ր կարող են արյան դոնոր դառնալ։

– 18-60 տարեկանները, ովքեր պարտադիր պետք է լինեն առողջ։ Չպետք է կրած լինեն վիրուսային հեպատիտներ, երկուսի փոխարեն մեկ երիկամ ունենան, և այլն։ Հեշտ չէ այսօրվա իրավիճակում դոնոր ընտրել։

Մարդիկ կան՝ վախենում են, ասում են, թե իրենց արյունը չի վերականգնվի, եթե դոնոր դառնան։

– Այդպես չի լինում։ Ամեն օր տեղի է ունենում նոր էրիթրոցիտների ստեղծում, մեկը մյուսին փոխարինում է։ Պարզապես դոնոր հանդիսացող մարդը պետք է ուշադիր լինի իր սննդին։ Նշեմ, որ դոնորներն անվճար ստուգվում են։

Տեսանյութեր

Լրահոս