Եթե քննարկենք, թե որ տարածքը 100 տարի առաջ ում է պատկանել, թե ով ավելի շատ մարդ է սպանել մյուս ազգությունից, կհանգենք մեկ այլ հակամարտության․ Միրզոյանը՝ Բայրամովին

«Եթե մենք հիմա կենտրոնանանք խոչընդոտների, պատմական հարցերի վրա և սկսենք քննարկել, թե որ տարածքը 100 տարի առաջ ում է պատկանել, թե ով ավելի շատ մարդ է սպանել մյուս ազգությունից, մենք մեկ այլ հակամարտության կհանգենք։ Այնինչ Հայաստանի կառավարության ու ժողովրդի ցանկությունն է տևական խաղաղություն կառուցել ռեգիոնում, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ»,- այս մասին քիչ առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ընթացող «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա ասաց, որ նախընտրում է կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա՝ նշելով, որ երկար բանակցություններից հետո հաջողվել է վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը, ուստի առաջարկել են անհապաղ խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի վերաբերյալ։

«Արդյո՞ք խաղաղության պայմանագրի տեքստը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին, իհարկե ոչ։ Համոզված եմ, որ աշխարհում չկա որևէ մի համաձայնագիր, որը պատասխանում է և վերաբերում առկա բոլոր հարցերին ու խնդիրներին։

Սա հիմքն է, հարաբերությունների հաստատման սկիզբն է։ Իհարկե, բազմաթիվ մնացած հարցեր կան, և մենք կարող ենք շարունակել դրանց քննարկումը, քննարկել համագործակցության հնարավորությունները։

Կարդացեք նաև

Սա պարզապես սկիզբն է։ Պայմանագրի համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, ըստ որի՝ երկկողմ հանձնաժողով պետք է ստեղծվի այս բոլոր խնդիրները քննարկելու համար, այդ թվում՝ այն հարցերը, որոնք կարող են այս կամ այն կերպ մեկնաբանվել։ Կրկին՝ սա որոշման ու մոտեցման հարց է, մենք՝ որպես արտգործնախարարներ, ի՞նչ ենք առաջարկում մեր հասարակություններին, ի՞նչ ենք, որպես երկրներ՝ առաջարկում տարածաշրջանին և աշխարհին՝ նորից գնալ պատմության խորքե՞ր, թե՞ միասնական ապագա և բարգավաճում ապահովել մեր քաղաքացիների համար։

Ներկայումս կան բոլոր դրական նախապայմանները պայմանագիրը ստորագրելու, երկխոսության նոր փուլ սկսելու և խաղաղ հարաբերությունների, տարածաշրջանում բարգավաճման նոր էջ բացելու համար և դրանից այն կողմ։ Սա մեր մոտեցումն է»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի պահանջներին, որոնք քննարկման ընթացքում հնչեցրեց Բայրամովը՝ Միրզոյանն ասաց, որ հայկական կողմը մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել նախաձեռնել գործընթաց Մինսկի խումբը լուծարելու համար։

Նրա խոսքով, այս կառույցը կարող է լուծարվել, երբ այլևս հակամարտություն չլինի։

«Ուշագրավ հարց է՝ այժմ հակամարտություն ունե՞նք, թե՞ ոչ։ Գետնի վրա՝ ոչ, չունենք, բայց թղթի վրա խաղաղության ու հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր կնքվա՞ծ է։ Կարող ենք շարունակել փիլիսոփայել այս հարցի շուրջ, բայց մեր պատկերացմամբ լուծումն այն է, որ ստորագրենք պայմանագիրը, ինստիտուցիոնալ մակարդակում վերջ դնենք հակամարտությանը և եթե ուզենք, հենց նույն օրը, 10 րոպեում լուծարենք այն, մի փաստաթուղթը մյուսի հետևից ստորագրենք, ընդ որում՝ չեմ ասում, թե որն առաջինն անենք, որը՝ երկրորդը։ Եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ԵԱՀԿ անդամ երկրներին և քարտուղարությանն ուղղված համատեղ փաստաթուղթ ուղարկենք լուծարման մասին, երկկողմ հանձնաժողովը ստեղծենք և քննարկենք հնարավոր բոլոր հարցերը։

Նախարար Բայրամովը նաև խոսեց Հայաստանի Սահմանադրության մասին։ Շատ լավ՝ եթե ուզում եք, ապա կասեմ։ Մենք էլ մտավախություններ ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված և չենք ասում սրա մասին։ Ադրբեջանի Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում կա արված, որով Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակում է Ադրբեջանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն է, որոնց թվում նաև Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքներն են։

Կրկին մոտեցման հարց է, թե որտեղի՞ց ենք սկսում՝ գնում ենք բոլոր հնարավոր հարցերին պատասխաններ տալու ճանապարհո՞վ, թե՞ կառուցում ենք այն ամենի հիման վրա, ինչն հասել ենք։ Մենք աննախադեպ իրավիճակ ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել պայմանագրի տեքստի շուրջ՝ ընդունելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։ Սա պատասխանում է այնքան շատ հարցերի և մտահոգությունների։ Ի՞նչ ենք անում՝ գնում ենք սրա հիման վրա կառուցելու ճանապարհո՞վ, թե՞ գնում այս շոշափելի ձեռքբերումը փլուզելու և նորանոր հարցեր սեղանին դնելու ճանապարհով։ Այդ դեպքում գործընթացը երբեք չի ավարտվի։ Կենտրոնանում ենք անցյալի՞, թե՞ ապագայի վրա, սա է հարցը»,- հայտարարեց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս