Բացառիկ հոդվածներ Հայոց ցեղասպանության մասին՝ Շուշիում տպագրվող «Փայլակ» թերթից

Արցախի Շուշի քաղաքը հայտնի է իր գրատպության և մամուլի տպագրության հարուստ պատմությամբ: Դեռևս 1820-ականներից Շուշիում սկսվել է տպագրությունը:

Կարճ ժամանակում քաղաքը մեծ վերելք է ապրել նաև այդ ոլորտում: Գրատպությանը զուգահեռ՝ ժամանակի ընթացքում քաղաքում զարգացել է նաև քաղաքական, հասարակական, գրական և մշակութային թեմաներով թերթերի, պարբերականների հրատարակությունը: Այդ ցանկում իր բացառիկ տեղն ունի հատկապես «Փայլակ» թերթը:

Կարդացեք նաև

Թերթը լույս է տեսել 1915-1917 թվականների ընթացքում: Հատկանշական է, որ Արցախի քաղաքական, հասարակական, ինչպես նաև մշակութային կյանքի լուսաբանմանը զուգահեռ՝ Արցախում տպագրվող պարբերականը մեծ ուշադրություն է դարձրել հատկապես Արևմտյան Հայաստանի կացությանը վերաբերող հարցերին:

Թերթում բազմաթիվ հոդվածներ կան նվիրված թուրքական կառավարության վարած հակահայկական քաղաքականությանը ո՛չ միայն Արցախում, այլ նաև Արևելյան և Արևմտյան Հայաստանում:

Թերթի սկզբնավորումը համապատասխանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին: Շուշիում տպագրվող պարբերականը մանրամասն և բացառիկ տեղեկություններ է հայտնում ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստան հասած գաղթականների մասին: Ուսումնասիրելով թերթի 1915 թվականի սեպտեմբեր ամսվա մի քանի համարները՝ տեսնում ենք, թե ինչ քաոսային իրավիճակ էր այդ շրջանում ամբողջ Հայաստանում: Մասնավորապես համարներից մեկում կարդում ենք Էջմիածնում տիրող քաոսային իրավիճակի մասին.

«Էջմիածնից հեռագրում են, որ այժմ օրական 400 հոգի է մեռնում փախստականների մեջ: 500 դիակ ընկած մնացել են անթաղ: Խիստ կարիք է զգացվում կիրի: Թիֆլիսից ուղարկված է 1 վագոն, բայց հեռագրել են ուղարկել նաև 2 վագոն: Փախստականների կենտրոնացման վայրերից Թիֆլիս վերադարձած քաղաքագլուխ Ա. Խատիսյանի հաղորդած տեղեկությունների համաձայն Կովկասում ապաստանած բոլոր տաճկահայ փախստականների թիվը հասնում է 150.000-ի, որոնք տեղավորված են հետևյալ վայրերում. Ալեքսանդրապոլի շրջանում-7000, Էջմիածնում-35 000, Երևանում-20.000, Մարգարա գյուղում-15.000, Իգդիրում-6000, Գանձակի նահանգում-4000, Նոր Բայազեդի գավառ-15.000, Էջմիածնի գավառ-10.000, Երևանի գավառ-10.000, մնացորդները տեղավորված են Երևանի նահանգի մյուս տեղերում: Էջմիածնից Թիֆլիս եկավ մի սանիտարական գնացք, որով բերվել են 500 որբեր: Դրանցից 300-ը մնացին Էջմիածին, 100-ը թողվեց Թիֆլիսի համար, որոնք ուղարկվեցին Կրծանիսում վարձված բնակարանը: 20 հոգի հիվանդներ տարվեցին հիվանդանոց»: («Փայլակ», Շուշի, 1915, սեպտեմբերի 3):

«Փայլակ» թերթը 1915 թվականի համարներում գրեթե մանրամասն ներկայացնում էր գաղթականներ ընդունած քաղաքների վիճակը: Էջմիածնում քաոսային իրավիճակը սաստկանում էր ամեն օր: 1915 թվականի սեպտեմբերի 3-ի համարից ուղիղ 3 օր հետո՝ սեպտեմբերի 6-ի համարում կարդում ենք, որ ողբերգական վիճակը հատկապես Էջմիածնում շարունակվում է:

«Էջմիածնում քսանհինգ օրվա ընթացքին Ներսիսյան անտառի հարավային ծայրը, խրամատներու մեջ թաղված են փախստականների 3000 դիակներ և տակավին բանվորների պակասության հետևանքով 585 դիակներ բաց արևի առաջ մնացեր են: Մտահոգիչ է մանավանդ, որ մեռնողների թիվը օրըստօրե կավելանա մոտ 30 տոկոսով:

Վանեցիների մեջ մահացությունը հասնում է օրական 60-80 հոգու: Խոլերան սպառնալից կերպարանք է ընդունում: Ավելի թշվառ վիճակում են գտնվում գաղթականները Երևանում, քան Էջմիածնում: Չնայած, որ Երևանում գործող անձեր անշուշտ շատ կան, բայց և այնպես գրեթե բոլոր փողոցները լիքն են գաղթականներով, որոնք փոշիների մեջ պառկած մեռնում են անխնամ»: («Փայլակ», Շուշի, 1915, սեպտեմբերի 6):

Տարբեր քաղաքներից ստացված թղթակիցների լուրերն ու տեղեկություններն ամբողջական պատկեր են տալիս Արցախի ընթերցողների համար ցեղասպանության արհավիրքի մասին: Էջմիածնի հետ զուգահեռ՝ ծանր վիճակ էր ո՛չ միայն Երևանում, այլ նաև Դիլիջանում: Դիլիջանում կենտրոնացած գաղթականների հետ մեկտեղ՝ մեծ թիվ էին կազմում քաղաքում նաև որբերը: Դիլիջանում ողբերգական վիճակն ավելի է ահագնանում որբերի շրջանում առաջացած համաճարակից հետո.

«Դիլիջանից հեռագրում են, որ հավաքվել են մինչև 2000 փախստականներ: Ծայր է առել էպիդեմիա: Մահացությունը մեծ ծավալ է ստանում: Խնդրում են շտապով ուղարկել ֆելդշերներ, գթության քույրեր, հիվանդապահներ, ախտահանողներ, 5000 կոմպլեկտ սպիտակեղեն: Անհրաժեշտ է ախտահանության ենթարկել փախստականների բոլոր կայանները: Դիլիջանի որբանոցում առայժմ գտնվում են փախստականների 420 որբ երեխաներ: Դրանց մեջ մեծ թվով հիվանդներ կան, գլխավորապես ստամոքսային հիվանդությամբ, իսկ կեսից ավելին բռնված է աղիքացավով»: («Փայլակ», Շուշի, 1915, սեպտեմբերի 13):

Արևելյան Հայաստանում ստեղծված քաոսային վիճակին զուգահեռ՝ «Փայլակ» թերթը կոչ էր անում նաև Արցախի բնակչությանը հոգ տանել այնտեղ եկած գաղթականներին:

Թուրքական հակահայ քաղաքականության քննադատության հետ մեկտեղ՝ թերթը զբաղվում էր նաև Արցախի բնակչությանը համախմբելով, որպեսզի կազմակերպված լինի Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների փրկության գործը: Արցախի գրատպության և մամուլի տպագրության գլխավոր կենտրոն Շուշին կարողանում էր այդկերպ լուրջ քաղաքական և հասարակական գործունեություն ծավալել:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս