Բանկային համակարգը՝ վստահության ճգնաժամի շեմին

Վերջին շրջանում բանկային համակարգում «գողությունների» ու զեղծարարությունների իսկական շքերթ է։ Մինչ բանկերն աջ ու ձախ վարկեր են շռայլում, քաղաքացիներն ահազանգում են այլ անձանց կողմից իրենց անունով վարկեր ձևակերպելու ու պարտավորություններն իրենց վրա թողնելու մասին։ Բազմաթիվ քաղաքացիներ հանկարծ հայտնաբերել են, որ վարկեր ունեն, որոնցից իրենք տեղյակ չեն։

Ինչպե՞ս է դա հնարավոր եղել, հայտնի չէ։ Ոչ մի պատշաճ պատասխան ու բացատրություն չկա։

Բանկերը չեն ուզում պատասխանատվություն վերցնել նման դեպքերի համար և քաղաքացիներին հորդորում են դիմել իրավապահներին՝ համարելով, որ նրանք խարդախության զոհ են դարձել։

Գուցե և այդպես է, բայց դա խնդիր է, որը պետք է անհանգստացնի հենց բանկերին։ Անկախ նրանից, թե ինչո՞վ են պայմանավորված նման երևույթները, սա լուրջ ահազանգ է բանկային համակարգի անվտանգության առումով։ Առաջին հերթին Կենտրոնական բանկն ու բանկային համակարգը պետք է շահագրգռված լինեն այդպիսի երևույթները բացահայտելու, մեղավորներին հայտնաբերելու համար։ Այլապես ֆինանսական համակարգը շատ արագ կարող է բախվել անվստահության ճգնաժամի հետ, ինչը լրջագույն ռիսկեր կառաջացնի բանկերի համար։

Կարդացեք նաև

Առավել ևս, որ խնդիրները միայն կեղծ վարկերի ձևակերպումները չեն։

Քաղաքացիներն ահազանգում են նաև իրենց հաշիվներից գումարների անհետացման մասին։

Նման մի ահազանգ օրերս հնչեցրել էր նաև մեր գործընկերներից մեկը՝ հայտնելով, որ «Ինեկոբանկի» իր հաշվեհամարներից գումար են գանձել մի ծառայության համար, որից ինքը իրականում երբեք չի օգտվել։

«Ապրիլի 4-ին իմ հաշվից շուրջ 20 հազար դրամ է ելքագրվել Google-ի մի ծառայության համար, որը երբևէ չեմ ակտիվացրել։

Ամենակարևորն այն է, որ այն քարտը, որից գումարը ելքագրվել է, մի քանի օր առաջ եմ ստացել բանկից։ Ո՛չ CVV կոդը, ո՛չ քարտի հաշվեհամարը որևէ առցանց հարթակում չեմ նշել։ Ավելին՝ քարտը չի կցված եղել նույնիսկ Google Pay ծրագրին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր լրագրող Նարեկ Կիրակոսյանը։

Երկար փորձերից ու հետևողական ջանքերից հետո բանկը գումարը վերադարձրել է հաշվի համարին։ Այլ կերպ ասած՝ ընդունել է իր մեղքը։ Բայց ինչքան նման դեպքեր կան, երբ քաղաքացիներն անգամ տեղյակ չեն, որ իրենց հաշիվներից գումարներ են անհետացել։ Էլ չասենք՝ տեղյակ լինելու պարագայում՝ ինչքանով կկարողանան հասնել նրան, որ անհետացած գումարները վերականգնվեն։ Հեշտ չէ բանկերի հետ գործ ունենալը։

Անկախ նրանից, թե այսպիսի երևույթներն ում ձեռքի գործն են, դրանք վկայում են, որ բանկային համակարգի անվտանգությունն ու քաղաքացիների ֆինանսական պաշտպանվածությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Մի գեղեցիկ օր մարդիկ կարող են հայտնաբերել, որ բանկերում պահվող իրենց գումարներն անհետացել են, իսկ բանկային հաշիվները դատարկ են։

Սա լուրջ ահազանգ է բանկերի համար, որով պետք է օր առաջ զբաղվել, եթե չեն ուզում հետագայում ավելի ծանր իրավիճակների բախվել։

Վստահությունը բանկային համակարգի նկատմամբ ձեռք է բերվում երկար տարիների ընթացքում ու համառ աշխատանքի արդյունքում, սակայն կարող է մեկ ակնթարթում փլվել։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց գումարները գտնվում են անվտանգ տեղում, իսկ իրենք պատշաճ պաշտպանված են զեղծարարություններից։ Բայց այն, ինչ հիմա կատարվում է բանկային համակարգում, հեռու է այդպիսին լինելուց։

Այսպիսի երևույթները վաղը կարող են ազդել ոչ միայն ֆինանսական միջոցների ներհոսքի վրա, այլև մեծ արտահոսքի պատճառ դառնալ։ Դա կարող է բերել նրան, որ մարդիկ նախընտրեն իրենց միջոցները պահել ոչ թե բանկերում ու բանկային հաշիվներին, այլ բարձի տակ, ինչպես տասնյակ տարիներ առաջ, երբ բանկային համակարգի նկատմամբ վստահությունը մեծ չէր։

Վստահության արդյունքում է, որ բանկային համակարգում մեծ ծավալի ֆինանսական միջոցներ են գոյանում։ Եթե վստահություն չեղավ, չեն լինի նաև այդ գումարները։

Այն, որ այսօր բանկերն ի վիճակի են մեծ ծավալի վարկային միջոցներ տրամադրել ու անհավանական բարձր շահույթներ ստանալ՝ պայմանավորված է նաև վստահության գործոնով։ Այդ հանգամանքն էապես ազդում է բանկային համակարգի ֆինանսական կարողությունների ու հնարավորությունների վրա։

Ոչ ցանկալի իրավիճակներից խուսափելու համար, Կենտրոնական բանկը՝ բանկային համակարգի հետ միասին, պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն ի հայտ եկած բացասական երևույթները հնարավորինս արագ լուծելու համար, և ոչ թե քաղաքացիներին տարբեր տեղեր ուղղորդելով՝ համարեն, որ իրենց խնդիրը կատարել են։ Առավել ևս, որ խնդիրը շատ դեպքերում ուղղակիորեն կապված է բանկերի հետ։ Եթե բանկերում քաղաքացու անձը հստակ նույնականացնեին, հաստատ շատերն այսօր իրենց անունով անհայտ ծագման վարկերի հետ չէին բախվի։

Որքան էլ գուցե անհրաժեշտություն է առանձին վարկերի տրամադրման գործընթացը հնարավորինս արագ ու պարզ ընթացակարգերով կազմակերպելը, դա չի նշանակում, թե ով ուզենա, ում անունով ու գողացած տվյալներով ուզենա, կարող է վարկ ձևակերպել ու գումարներ հափշտակել։ Այստեղ բանկերը լուրջ անելիքներ ունեն՝ համակարգի ու քաղաքացիների պաշտպանության առումով։ Դժվար չէ արագ վարկեր տրամադրելուց առաջ՝ տարբեր միջոցներով ճշտել քաղաքացու ինքնությունը, հավաստիանալ, որ իրականում գործ ունեն նույն մարդու հետ, ում անունով փորձում են վարկ ձևակերպել։

Վերջին շրջանի ակտիվ վարկային թոհուբոհի մեջ, բանկերը շատ հաճախ մոռանում են տարրական անվտանգային կանոնները, ինչի պատճառով էլ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են փաստի առաջ ու չեն պատկերացնում, թե ինչպես պետք է դուրս գան այդ իրավիճակից։ Ստիպված մարում են իրենց չվերցրած վարկերի դիմաց գոյացող պարտավորությունները՝ հետագայում ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնելու համար։

Բայց դա հարցի լուծում չէ։ Բանկային համակարգի անվտանգությունը, քաղաքացիների գումարների ապահովությունը,  ֆինանսական պաշտպանվածությունը Կենտրոնական բանկի ու բանկերի համակարգի տիրույթում է։ Այն չպետք է թողնել քաղաքացու վրա, հակառակ դեպքում՝ դրանից բոլորն են տուժելու՝ ոչ միայն քաղաքացիները, այլև ամբողջ բանկային ու ֆինանսական համակարգը։ Քանի դեռ ուշ չէ, պետք է հետևություններ անել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս