
Իրանը կարող է սահմանափակել միջուկային ծրագիրը, եթե ԱՄՆ-ն թուլացնի պատժամիջոցները. WSJ

Իրանն ԱՄՆ-ի հետ Օմանում կայացած բանակցություններում փորձել է հասնել արևմտյան պատժամիջոցների թուլացման, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով հանդիպմանը ծանոթ աղբյուրներին։ Դրա փոխարեն իրանական կողմը կհամաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագրի զարգացումը։
WSJ-ի փոխանցմամբ՝ Թեհրանը պահանջում է Վաշինգտոնից մեղմացնել պատժամիջոցները, որոնք կապված են Չինաստանից իրանական նավթի գնորդների և միջուկային ոլորտի հետ։ Փոխարենը, Իրանը կարող է վերադառնալ ուրանի հարստացման այն մակարդակին, որը պահանջվում է 2015 թվականի Վիեննայի միջուկային համաձայնագրով:
Հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Իրանի վրա միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար:
Թրամփը կարծում է` Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Նա այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ, որ նրանց մոտ ամեն ինչ լավ է», – ասել է նա՝ մեկնաբանելով Օմանում իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի բանակցությունների առաջին փուլի արդյունքները։
Նախագահը հավելել է. «Ոչինչ կարևոր չէ, քանի դեռ չեք հասել ձեր ուզածին, այդ իսկ պատճառով ես չեմ սիրում խոսել այդ մասին»:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ միջուկային խնդրի շուրջ ամերիկյան և իրանական կողմերի բանակցություններն անցել են կառուցողական, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։
«Քննարկումները շատ դրական և կառուցողական էին»,- ասվում է ԱՄՆ վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արաղչին, իր հերթին, ասել է, որ «բանակցություններն անցել են միանգամայն հարգալից, հանգիստ և կառուցողական մթնոլորտում»։