
ԱԹՍ-ից քողարկող սարքերի, ջերմային ճառագայթման ֆոնը քողարկող թաղանթի պատրաստման ուղղությամբ լուրջ արդյունք ունենք․ Նարեկ Մարգարյան
«Ինձ համար ֆիզիկան ամենակարևոր առարկան է, քանի որ պատասխանում է բնության մեջ տեղի ունեցող երևույթներին վերաբերող բոլոր հարցերին՝ ի՞նչ է, ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս անել, որ այդպես չլինի։ Այն հնարավորություն է տալիս ճանաչել բնությունը, մեզ շրջապատող աշխարհը և մեր կյանքը դարձնել ավելի լավը»,- ասում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի Նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտության խմբի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Մարգարյանը, ում հետ զրուցել ենք գիտության, կատարվող հետազոտությունների մասին։
– Ավարտել եք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և հետաքրքրվել եք առարկայով դեռևս դպրոցական տարիներին։ Մեր օրերում երեխաները դժվարությամբ են սովորում առարկան։ Ձեր դեպքում սեր ինչպե՞ս առաջացավ ֆիզիկայի հանդեպ։
– Այո, դեռ մանկուց է սեր արթնացել ֆիզիկայի նկատմամբ։ Սակայն համաձայն չեմ, որ երեխաները չեն ընտրում այդ մասնագիտությունը։ Այս պահի դրությամբ Երևանի երկու տարբեր ավագ դպրոցներից դպրոցականները կամավորական սկզբունքներով ներգրավվել են մեր ինստիտուտի լաբորատորիայի աշխատանքներում, կատարում են հետազոտություններ, պատրաստվում են այդ արդյունքներով մրցույթների, ծրագրերի մասնակցել։
Չեմ կարծում, որ տեսնում են՝ ոլորտում գումար կա, դրա համար են ձգտում։ Երեխաների մոտ կա հետաքրքրություն դեպի ֆիզիկան, բնության երևույթները։
– Հետագայում նրանց մեծ մասն ընտրո՞ւմ է մասնագիտությունը, թե՞ բարդությունները տեսնելով՝ կեսից հիասթափվում են։
– Մոտ երկու տարի առաջ ծրագիր կար, որ ավագ դպրոցի երեխաները գալիս և մեկ օր անցկացնում էին գիտնականների հետ։ Ծրագրի շրջանակներում մեզ մոտ ավագ դպրոցի մի աշակերտ եկավ, հետագայում ինստիտուտ էին եկել Ֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները, որոնց շարքում տեսա այդ երիտասարդին։
– Ուսանողները գիտնականների հետ համատեղ փորձերի մասնակցո՞ւմ են, հետազոտություններ կատարում։
– Սլավոնական համալսարանում ունեի ուսանող, ով եկավ լաբորատորիա, գրեց դիպլոմային աշխատանք, ներգրավվեց թեմատիկ դրամաշնորհային ծրագրերում, հետագայում դարձավ լաբորատորիայի աշխատակից և մեր ակտիվ անդամներից է։
– Ձեր գիտական թեզը վերաբերել է կիսահաղորդիչների նանոկառուցվածքին։ Տեխնոլոգիաները միկրոէլեկտրոնիկայից տեղափոխում են նանոէլեկտրոնիկայի։ Տեխնիկան անցնում է նման փոքր չափերի։ Ի՞նչ է փոխվելու աշխարհում։
– Տանելու է դեպի դրականը՝ բոլոր ուղղություններով։ Նանոկառուցվածքները և նանոնյութերը շատ հետաքրքիր ֆիզիկական հատկություններով են օժտված, և գիտության առաջընթացը միայն դրական կարող է լինել։
– Նանոմասնիկներն ինչի՞ց են ստանում և ինչի՞ համար են օգտագործվում։
– Նանոմասնիկների ստացման տարբեր տեխնոլոգիաներ կան՝ կախված նրանից, թե ինչից են ուզում պատրաստել և ինչ չափի։ Կան նանոմասնիկների բազմապիսի կիրառություններ, օրինակ, մեր լաբորատորիայում օգտագործում ենք ոսկու նանոմասնիկներ՝ սիլիցիումից պատրաստված արեգակնային էներգիայի բջիջների աշխատանքային պարամետրերի բարելավման համար։ Այդ մասնիկներն այնքան հետաքրքիր են։ Պատկերացրեք, եթե նյութը մի գույնի է, բայց նրանից պատրաստում ես նանոմասնիկներ՝ գույնը փոխվում է։ Օգտագործում են արևային վահանակներում, դեդեկտորներում, պատրաստում են նաև նոր սերնդի էլեկտրոնիկա։
– Մեզ մոտ հնարավո՞ր է այդ ամենը պատրաստել, թե՞ շատ ճանապարհ ունենք անցնելու։
– Մեզ մոտ այդ ամենը պատրաստվում է գիտական մակարդակում։ Լաբորատորիայում մեկնարկել է նոր ծրագիր, որը նախատեսում է նանոնյութերի և չափման նյութերի հիմքով քվանտային դեդեկտորների նախագծում և պատրաստում։ Քվանտային դեդեկտորն իրենից ենթադրում է ազդանշանները գրանցող և վերլուծող սարք, որի աշխատանքի հիմքում ընկած են քվանտային ֆիզիկայի օրենքները, որը մի փոքր տարբերվում է աշխարհի դասական օրենքներից։ Ծրագիրը 5 տարով է, իրականացնում ենք ԱՄՆ Նոտր Դամի համալսարանից բավական նվաճում ունեցող գիտնականի հետ համագործակցությամբ։
– ԱԹՍ-ից քողարկվելու համար սարքավորում էիք պատրաստում, ո՞ր փուլում է ծրագիրը։
– Ունեինք երկակի նշանակության ծրագիր և այս պահին էլ ունենք։ Չեմ կարող շատ մանրամասներ հայտնել ընթացքից՝ հասկանալի պատճառով։ Գիտնականի խնդիրն է՝ ավելի գիտական ձևակերպում տալ, այն է՝ ջերմային ճառագայթման ֆոնը քողարկող թաղանթների պատրաստում։ Այո, այդ ուղղությամբ արդեն բավական լուրջ արդյունքներ ունենք։
– Ծավալուն արդյունքներ ունենալու համար մեզ ի՞նչ է պետք։ Կարո՞ղ ենք շատ պատրաստել նման սարքեր։
– Երբ դիմում ենք երկակի նշանակության ծրագրին, պարտադիր պայման է, որ գիտական խումբը պետք է համագործակցի Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ։ Նպատակն այն է, որ գիտական արդյունքները չդրվեն ինչ-որ մեկի դարակում, գնան արտադրության։ Հետևաբար՝ այո, այդ հնարավորությունները կան։
– Գիտնականները հաճախ են դժգոհում սարքավորումների պակասից․ նման խնդիրների բախվո՞ւմ եք։
– Չէ, սարքավորումների չլինելու խնդիր այլևս չկա։ Տարեկան առնվազն երկու անգամ իրականացվում են սարքերի տրամադրման դրամաշնորհներ։ Գիտական խմբերը դիմում են դրամաշնորհի համար և ձեռք են բերում սարքավորումներ։ Դրամաշնորհները տրվում են առանց ֆինանսական սահմանափակման․ եթե պետք է 1 միլիոն դոլարանոց սարքավորում, կարող ես դիմել դրա համար, եթե 100․000 դոլարանոց է, կարող ես դիմել դրա համար։ Կարևորը, որ անեք հետազոտություն։
– Հետազոտություն եք իրականացնում, ստանում մեկ սարք, հետո այդ ամենն ո՞վ է իրականացնում։
– Գիտնականի գործը գիտական մասն է։ Հետո կան զարգացնողներ, ինժեներներ, արտադրությամբ զբաղվող ընկերություններ։ Օրինակ, այս պահի դրությամբ համագործակցություն ենք սկսում մասնավոր ընկերություններից մեկի հետ, ովքեր հետաքրքրված են մեր խմբի հետազոտություններով։ Ինչ-որ էտապում կարելի է մտածել մեծածավալ արտադրության մասին։ Հետազոտությունը կապված է գրաֆենի և դրան հարակից նյութերի կիրառության հետ՝ ժամանակակից էլեկտրոնիկայում։
– Հանդիսանում եք «Մաքուր սենյակի» լաբորատորիայի ղեկավար։ Ի՞նչ սենյակ է այն։
– Աշխարհում տարածված են, կարևոր է, որ ներսում իրականացվի բարձր մակարդակի գիտություն։ Մեր դեպքում 1000 դասի մաքուր սենյակ է, և դա նշանակում է՝ 1 ոտնաչափ խորանարդ օդի ծավալում կես միկրոմետր և ավելի մեծ չափի մասնիկների քանակը չպետք է գերազանցի 1000-ը։ Մենք խոսում ենք նանոմասնիկների մասին, և փոշու հատիկը 1000-ավոր անգամ մեծ է չափերով, քան նանոմասնիկը, և եթե, փոշու հատիկը նստի նանոմասնիկի վրա՝ կծածկի այն, կխոչընդոտի դրա հատկություններին։ Շատ կարևոր է, որ նանոտեխնոլոգիաներին առնչվող հետազոտությունները կատարվեն մաքուր պայմաններում։
– Պատահե՞լ է, որ փոշին խանգարի հետազոտությանը։
– Եղել է, որ արդյունքներ ենք ունեցել, որոնք հետո վերլուծել ենք ու հասկացել, որ պետք է ավելի մաքուր պայմաններում իրականացվեր, իսկ հիմա ունենք «Մաքուր սենյակ» ու նման խնդրի չենք բախվում։ Սենյակ մտնում ենք հատուկ հանդերձանքով, որոնք նաև որոշակի նյութերից պաշտպանիչ հատկություն ունեն, քանի որ երբեմն քիմիական նյութերի հետ աշխատանքներ են կատարվում։
– Որպես ֆիզիկոս՝ ի՞նչ նպատակ ունեք, ի՞նչ հետազոտություն եք ուզում կատարել։
– Լինում են հետազոտություններ, որ պլանավորված են ապագայի համար։ Դերասաններ կան, չէ՞, որ ասում են՝ «Օթելլո» այդպես էլ չխաղացինք։ Ամեն գիտնական պլանավորում է իր Օթելլոն կամ Ռոմեոն, որ պետք է խաղա։