Բաժիններ՝

Ո՞ր հայերն են ավանդ ունեցել տիեզերքի յուրացման գործում

Հայաստանը, ինչպես խորհրդային մյուս հանրապետությունները, մեծ ջանքեր է գործադրել տիեզերքի զարգացման և յուրացման գործում։ Տիեզերագնացության օրը Ռուսական տունը ներկայացրել է խորհրդային տիեզերական ծրագրին հայերի մասնակցությունը:

«Խորհրդային շրջանում հայ գիտնականներն ու ինժեներները կարևոր ներդրում են ունեցել տիեզերական ոլորտի զարգացման գործում։ Աշխատանքների գաղտնիության և կոլեկտիվ բնույթի պատճառով նրանցից շատերը ստվերում են մնացել», – ասվում է հրապարակման մեջ։

Մասնավորապես, զգալի ներդրում է ունեցել ինժեներ-կոնստրուկտոր Պավել Աղաջանովը։ Նա Երկրի առաջին արհեստական արբանյակի, կրող և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծման գլխավոր մասնագետն էր։ Առաջին արբանյակն ու Յուրի Գագարինին տիեզերք արձակելիս օգտագործվել է նրա հրամանատարահաշվողական համալիրը։

Ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջիյանն իր հերթին մետաղական շասսի է մշակել պատմության մեջ առաջին մոլորակագնացի՝ «Լունոխոդ-1»-ի համար:

Տիեզերական կենսաբանության և բժշկության հիմնադիրներից էր Նորայր Սիսակյանը։ Հետագայում նա դարձել է Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի փոխնախագահ։ Ղեկավարել է մարդուն տիեզերական թռիչքի նախապատրաստող ծրագրի մշակումը (թեկնածուների ընտրություն, կենսապահովման համակարգեր, բժշկական հսկողություն, անվտանգություն, վերադառնալ երկիր և թռիչքից հետո առողջության ուսումնասիրություն):

Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի հիմնադիր Գրիգոր Գուրզադյանն իր ավանդն է ունեցել «Օրիոն» աստղադիտակների ստեղծման գործում: Դրանցից առաջինը՝ «Օրիոն-1»-ը, 1971 թվականին տեղադրվել է «Սալյուտ» տիեզերակայանում։

Անդրանիկ Իոսիֆյանը մասնակցել է հրթիռա-տիեզերական տեխնիկայի՝ հրթիռների, արբանյակների և տիեզերանավերի էլեկտրամեխանիկական սարքերի ստեղծմանը։ Նրա ղեկավարությամբ մշակվել և գործարկվել է «Օմեգա» արբանյակը։

Հայտնի է նաև տիեզերագնաց-փորձարկող Վլադիմիր Գևորգյանը, որը 1977 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության «Ալմազ» ուղեծրային կայանում թռիչքների նախապատրաստման ծրագրում։ Ծրագիրը, սակայն, փակվել է 1978 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս