Նախագահի աթոռը փոխանցիկ դրոշ չէ

Գաղտնիք չէ, որ մեր երկրի քաղաքական կյանքում ամենակարևոր իրադարձությունը նախագահական ընտրություններն են: Բայց քանի որ առաջիկա ընտրությունների ելքը կանխորոշված է, իսկ թեժ պայքար ակնկալող ու հուսախաբված լրագրողներն ու վերլուծաբանները չեն կարող թույլ տալ ձանձրալի դարձնել քաղաքականապես ակտիվ մեր քաղաքացիների կյանքը, ուստի արդեն սկսվել են քննարկումները, թե ո՞վ է նախագահ լինելու 2018-ին: Ի դեպ, երբ թեման ժամանակավրեպ ես համարում, դա դիտարկում են` որպես խուսափում հարցից, ուստի մնում է պարզապես մասնակցել քննարկմանը:

Գործող նախագահը երրորդ անգամ առաջադրվել չի կարող, ընդդիմադիրներն ու այլընտրանքը մրցակցային ընտրություններ չապահովեցին 2013-ի համար, առաջին նախագահն ասպարեզից դուրս եկավ, արդյունքում` միակ գործիչն, ում անունը կարող են ներկայումս շոշափել` որպես 2018-ի ֆավորիտ` Ռոբերտ Քոչարյանն է: Եվ պատահական չէ, որ նրա վերջին հարցազրույցից փորձեցին դուրս կորզել տողատակերում ասված մտքեր` երկրորդ նախագահի վերադարձի հայտը փաստող:

Այս անգամ չառաջադրվելու Քոչարյանի հիմնավորումը գուցե անկեղծ էր, բայց ոչ քաղաքական` երկու ղարաբաղցիների պայքարին ինքը դեմ է: Համենայնդեպս, 10 տարի ՀՀ նախագահ աշխատած ու ներկայումս նախագահական հավակնություններ ունեցող այդ տրամաչափի գործիչը նման անզգույշ արտահայտություն չպետք է թույլ տար: Այո, դա անընդունելի է նաև ինձ համար, չնայած նրան, որ ժամանակին թե՛ իմ հրապարակային ելույթներում, և թե՛ երկրորդ նախագահի հետ ունեցած առանձնազրույցների ժամանակ հորդորել եմ նրան` ակտիվ դերակատարություն ունենալ քաղաքական գործընթացներում:
Իսկ հիմա դիտարկենք, թե ո՞ր դեպքում է հնարավոր Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

Առաջիկա նախագահական ընտրություններից հետո Քոչարյանը հանդես է գալիս` որպես համախմբող գործիչ, և լրջորեն նախապատրաստվում գալիք խորհրդարանական ընտրություններին, ծանրակշիռ ներկայություն ունենում 2017-ի խորհրդարանում, և դրանից մի քանի ամիս հետո իր թեկնածությունը դնում նախագահական ընտրություններում:

Կարդացեք նաև

Եվ քանի որ Սերժ Սարգսյանն առաջադրվելու իրավունք չունի, Քոչարյանն է մնում երկրի ամենափորձառու գործիչն ու ամենաազդեցիկ ղարաբաղցին: Բայց դա կարող է իրականություն դառնալ, երբ այդ սցենարին հոժարակամ կամ հանգամանքների բերումով պարտադրված` համաձայն լինի Սերժ Սարգսյանը, այլապես Քոչարյանն ինչպե՞ս է պայքարելու իր ղարաբաղցի գործընկերոջ դեմ մինչև հաջորդ ընտրություն ընկած ժամանակահատվածում: Բայց, որպեսզի ամեն ինչ իրենց գծած գծագրով լինի, ուրեմն պետք է առաջիկա 5 տարում աշխարհաքաղաքական լուրջ կատակլիզմներ չլինեն, որոնք կանդրադառնան մեր երկրի վրա:

19-02

Տարաշաշրջանում ոչ մի էական բան չկատարվի, մասնավորապես` մեր հյուսիսիային հարևանի քայլերը չլինեն սցենարից դուրս, որպեսզի մեզ անցանկալի դիլեմայի առջև չկանգնեցնի: Իրանի նկատմամբ կետային հարվածների անհրաժեշտություն չառաջանա, քանի որ, եթե դա տեղի ունենա, դարձյալ հրատապ է դառնալու Թուրքիայի հետ սահմանի բացումը, իսկ դա այդ լարված իրավիճակում չի կարող չթարմացնել Ղարաբաղյան հարցի կարգավորման հրատապության թեման: Իսկ դա հազիվ թե տարաձայնություններ չառաջացնի գործող և երկրորդ նախագահների միջև: Լուրջ տարաձայնություններ կարող են լինել նաև ներքաղաքական հարցերում:

Եթե Սերժ Սարգսյանն, առանց անցանկալի պարտավորվածությունների, թևակոխելով պաշտոնավարման իր երկրորդ փուլ` երկրում իրականացնի արմատական բարեփոխումներ և շոշափելի հաջողություններ գրանցի, ապա դա որակվելու է նաև, որ առաջին ժամկետը նրան դա չհաջողվեց, քանի որ խանգարում էր Քոչարյանից տարանջատվել չկարողանալու հանգամանքն` ընդհանրապես, ու Մարտի 1-ը` առավելապես: Պայմանավորվածությունները չեն գործի նաև, երբ Սերժ Սարգսյանը լուրջ ձախողումներ թույլ տա, քանի որ այդ դեպքում ինչպե՞ս է ցանկալի իրավահաջորդին պաշտոնը հանձնելու, եթե ինքն է ընկնելու լուրջ բարդությունների մեջ: Այսինքն` այս սցենարը կարող է աշխատել թե՛ արտաքին քաղաքական, և թե՛ ներքաղաքական հանդարտ, անցնցում վիճակի պարագայում:

Բայց, ներքաղաքական այդ հանգիստ հնգամյակն արդյո՞ք կարող է գոհացնել տնտեսական ծանր վիճակում գտնվող մեր ժողովրդին: Իսկ դժգոհության ալիքի պարագայում ինքնըստինքյան առաջանալու են նաև ուժեր ու անհատներ, ովքեր փորձելու են տեր կանգնել այդ դժգոհ զանգվածին ու նրա աջակցությունն ակնկալել նաև ընտրություններում: Այսինքն, եթե այս տարիներին չձևավորվի պայքարի ունակ լուրջ ընդդիմություն, եթե ժողովուրդն այլևս ցանկություն չունենա անհաշտ պայքար մղել անարդարությունների դեմ, եթե վերը նշածս սցենարն առանց որևէ էական փոփոխությունների` կյանքի կոչվի, ապա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կարելի է համարել իրականություն: Եվ մեզ կմնա փաստել, որ կանխորոշված են ոչ միայն առաջիկա, այլև 2018-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

Բայց անձամբ ես ոչ միայն քիչ հավանական եմ համարում նման սցենարը, այլև համաձայն չեմ դրա հետ, քանի որ այս փոխադարձ պայմանավորվածությունների ու նրանց այդպես անխափան կյանքի կոչման դեպքում խաղից դուրս է մնալու ժողովուրդը` ըստ մեր սահմանադրության` իշխանության տերը: Անընդունելի է հաշտվել այն մտքի հետ, որ ժողովուրդն անտեսված է լինելու նաև մեր երկիրի անկախ պետականության 3-րդ տասնամյակում: Նախագահի աթոռը փոխանցիկ դրոշ չէ, որ Սերժ Սարգսյանը հանձնի նրան ումից ժամանակին ստացել է այն: Իսկ մրցակցային ընտրությունների պայմաններում ով էլ հաղթի` ողջունելի է, այդ թվում` նաև Ռոբերտ Քոչարյանը:

ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս