Ատկատ և «ատչյոտ»
Ազգային ժողովում այս օրերին ընթացող 2011 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները բավական տխուր են անցնում` տեղ-տեղ ընդմիջվելով որոշ ընդդիմադիր պատգամավորների, հիմնականում` ՀԱԿ-ի ներկայացուցիչների հարցադրումներով ու պաշտոնյաների՝ դրանց «տակից դուրս գալու» փորձերով: Երբեմն նաև ծիծաղելի երկխոսություններ են արձանագրվում, գործադիր իշխանության ներկայացուցիչները գուցե մի փոքր նեղսրտում են, սակայն, ընդհանուր առմամբ, այս գործընթացից ոչինչ չի փոխվում: Խորհրդարանի ընդդիմադիր ու իշխանական հատվածները կարծես գտել են համակեցության ձևը և երջանիկ գոյակցում ու աշխատում են կողք կողքի:
Բյուջեի կատարողականի քննարկումներում առանձին վերցրած որևէ ոլորտի կամ պաշտոնյայի հաշվետվություն առանձնապես մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Սակայն հետաքրքիր է առնվազն մի քանի բնագավառների ներկայացուցիչների կողմից խորհրդարանում հաշվետվություն ներկայացնելու փաստն ինքնին, որը հայաստանյան իրողությունների համատեքստում ընդամենը իմիտացիոն շքերթի մի մասն է դառնում: Խոսքը, մասնավորապես, մարզպետների կողմից խորհրդարանում ներկայացվող հաշվետվությունների մասին է, որոնք հատկապես ուշագրավ են այս ամիս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Այն իմաստով, որ Հայաստանում մարզպետների գործունեությունն իրականում գնահատվում է ոչ թե կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններով, այլ ընտրություններում նրանց ապահովված «արդյունքներով»:
Օրինակ, որևէ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ, ասենք, ԱԺ ընտրություններում՝ ՀՀԿ-ի համար ռեկորդային ձայներ, ՏԻՄ ընտրություններում էլ՝ ՀՀԿ-ական համայնքապետերի հաղթանակներ «կերտած» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կարող է պաշտոնանկ արվել «ինչ-որ» հաշվետվության կամ պլանավորված աշխատանքները ժամանակին ու որակով չկատարելու համար: Նա նույնիսկ անձամբ չէր եկել խորհրդարան` հաշվետվությունը ներկայացնելու համար ուղարկելով տեղակալին:
Իրականում Սուրեն Խաչատրյանից, մեծ հաշվով, հետ չեն մնում նաև մնացած մարզպետները, նրանք, ովքեր ընտրություններում կարողանում են ապահովել «հարազատ կուսակցության հաղթանակները»: Այդ մարզպետների համար, բնականաբար, առաջնային է ոչ թե Սահմանադրությամբ ու օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարումը, այլ ընտրություններում իշխող կուսակցության համար հնարավորինս շատ ձայների ապահովումը: Հատկապես, որ գործող մարզպետներից շատերը պաշտոնավարում են երկար տարիներ և իրենց «ուսերին» են կրել նաև անցած նախագահական ընտրությունների բեռը: Ով՝ ով, նրանք շատ լավ գիտեն, որ, եթե ամեն ինչ Սահմանադրությամբ և օրենքներով լիներ, ոչ միայն իրենք մարզպետի պաշտոն չէին զբաղեցնի, այլ գուցե նաև՝ իրենց նշանակող նախագահն ու վարչապետը:
Հետևաբար, նրանք իրենց հաշվետու են համարում ոչ թե Սահմանադրության ու օրենքների, կառավարության գործունեությունը «հաստատած» Ազգային ժողովի, այլ իրենց նշանակող նախագահի առաջ: Ընտրությունից ընտրություն՝ նրանք ոչ թե հաշվետվություն, այլ, ժամանակակից իշխանական բառապաշարով` «ատչյոտ» են տալիս իրենց կուսակցության շտաբի պետին կամ ղեկավարին: Ու քանի որ սեպտեմբերի 9-ի ու սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե ջախջախիչ հաղթանակ է տարել, մարզպետներն իրենց հասանելիք «ատչյոտը» տրված են համարում: Ի դեպ, հենց այդ տրամաբանությունն էր ընկած նաև Գյումրիի նախկին քաղաքապետի «ողբերգական պատմության» հիմքում: Վարդան Ղուկասյանն, իհարկե, մարզպետ չէր, բայց մինչև վերջին ժամանակներն իրեն ցանկացած մարզպետից ավելի մարզպետ էր համարում:
Տարիներ շարունակ նրան ներվում էր ամեն ինչ, քանի որ Ղուկասյանը կարողանում էր ապահովել ՀՀԿ-ի հաղթանակը Գյումրիում ու հարակից բնակավայրերում: Սակայն Վարդան Ղուկասյանի սլացքն իշխանական համակարգում ավարտվեց այն ժամանակ, երբ մայիսի 6-ին Գյումրիում ՀՀԿ-ն պարտվեց «Բարգավաճ Հայաստանին»: Վարդան Ղուկասյանի տեղակալը նույնպես այս օրերին ԱԺ-ում հաշվետվություն կներկայացներ, եթե ՀՀԿ-ն, ասենք, Սյունիքի մարզի չափ ձայն ստանար նաև Գյումրիում:
Ի դեպ, որքան էլ զարմանալի է, վերջին օրերին այդքան աղմուկ հանած «ատկատների» թեմայի շրջանակներում կարծես մարզպետների անուններ չհնչեցին: Այն դեպքում, երբ «ատկատի մեքենան» նույն արդյունավետությամբ տարիներ շարունակ գործում է նաև մարզերում: Պատճառը, թերևս, նույնն է. մարզպետները իրենց հիմնական` ընտրական առաքելությունը բավարար չափով կատարել ու դրա համար «ատչյոտ» արդեն տվել են` ստանալով մինչև հաջորդ ընտրություններ «ատկատով» զբաղվելու ինդուլգենցիաներ: