Տևական դադարից հետո «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը վերսկսում է իր աշխատանքը: 2015 թվականը Հայաստանի համար սկսվեց մի շարք ցավալի իրադարձություններով: Տարվա առաջին օրերից չի դադարում լարվածությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հասարակությունը դեռ ուշքի չի եկել Գյումրիի դաժան սպանությունից հետո, անցած շաբաթ հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, բողոքի ակցիաներ են անցկացնում փոքր և միջին ձեռնարկատերերը
Ինչպիսի՞ն էր անցնող՝ 2014 թվականը Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումների տեսանկյունից: Այս տարի հրաժարական տվեց նախորդ կառավարությունը, ձևավորվեց նոր կառավարություն, ոչ իշխանական քաղաքական ուժերը ձևավորեցին համագործակցության խորհրդարանական ու արտախորհրդարանական ձևաչափեր, Հայաստանը վավերացրեց Եվրասիական միությանն անդամակցության պայմանագիրը: «Ռ-էվոլյուցիայի» հյուրը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն է:
Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ ֆինանսական շուկայում: Այս և այսօր բոլորին հուզող բազմաթիվ այլ հարցերից շուրջ է մեր զրույցը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի հետ:
Ասում են` ամբողջ աշխարհում ֆուտբոլը և քաղաքականությունը կապված են իրար հետ: Իսկ որքանո՞վ է Հայաստանում սպորտը՝ ընդհանրապես և ֆուտբոլը՝ մասնավորապես կապված քաղաքականության հետ: Ֆուտբոլի, քաղաքականության և այս օրերին Հայաստանում կատարվող տարբեր իրադարձությունների մասին է մեր զրույցը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ:
Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանն առաջիկայում, որքա՞ն կարող է շարունակվել դրամի արժեզրկումը և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել դա: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ:
Հարցազրույց McKinsey &Company հեղինակավոր միջազգային խորհրդատվական ընկերության տնօրեն Ավետիք Չալաբյանի հետ, ով ղեկավարում է ընկերության ծանր արդյունաբերութան ոլորտի աշխատանքները ԱՊՀ տարածաշրջանում, ինչպես նաև աշխատում է ԱՊՀ մի շարք երկրների կառավարությունների հետ՝ տնտեսական բարեփոխումների բնագավառում:
Դեպքից 10 օր անց ԼՂՀ զինված ուժերը ինքնուրույն լուծեցին խնդիրը՝ տարհանելով ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդն ունեցել է երկու զոհ: Որքանով էին համարժեք միջազգային կազմակերպությունների արձագանքները տեղի ունեցած աննախադեպ միջադեպին, որքանո՞վ այն կսրի իրավիճակը սահմանին և արդյոք այսպիսով Ադրբեջանը պատերազմ վերսկսելու մարտահրավեր չի նետում հայկական կողմին: Մեր զրուցակիցը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է:
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ նախատեսում է տասը տարվա ընթացքում միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստել 2000 հայ ուսուցիչների, որոնք իրենց հերթին կվերապատրաստեն շուրջ 20.000 մանկավարժների: Ի՞նչ է իրենից ենթադրում այս ծրագիրը, ինչպե՞ս է այն իրականացվելու գործնականում, ո՞ւմ կողմից է այն ֆինանսավորվելու: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի կրթության հարցերով խորհրդական Տեր Մեսրոպ Արամյանի հետ:
Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ ընդդիմություն հասկացությունը ձևախեղվել ու արժեզրկվել է: Նաև այն պատճառով, որ պետության համար ճակատագրական փուլերում եղել են քաղաքական ուժեր, որոնք, հանդես գալով ընդդիմության դիրքերից, իրականում ծառայել են իշխանությանը՝ հուսախաբ անելով քաղաքացիներին: Այս երևույթի ամենացայտուն խորհրդանիշը «Օրինաց Երկիր» կուսակցությունն է, որը տարբեր փուլերում հանդես գալով որպես ընդդիմություն, վերջին պահին կանգնել է իշխանության կողքին: Այս տարվա գարնանից սակայն «Օրինաց Երկիրը» դուրս է եկել իշխող կոալիցիայից և իրեն հերթական անգամ հռչակել է ընդդիմություն:
Հետաքրքիր է, բայց փաստ. այսօր Ազատության հրապարակից հեռացել են գրեթե բոլոր այն ուժերը, ովքեր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին էին 2008 թվականի համաժողովրդական շարժման ժամանակ: Այսօր, սակայն, Ազատության հրապարակում նրա կողքին կանգնած են ուժեր, ովքեր նույն 2008 թվականին նրա հակառակորդներն էին: Ինչո՞ւ ընդամենը մի քանի տարվա ընթացքում 2008 թվականի շարժումն այսպիսի փոխակերպումների ենթարկվեց, ի՞նչն է միավորում այսօր կրկին հանրահավաքային պայքարի դուրս եկած ուժերին: Այս և բազմաթիվ հարցերի շուրջ է մեր զրույցը 2008 թվականի համաժողովրդական պայքարում ներգրավված հիմնական ուժերից մեկի ղեկավար՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հետ:
Հանրահավաքային պայքարը կրկին ակտուալ է դարձել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Անցած շաբաթ տեղի ունեցավ ոչ իշխանական ուժերի երկրորդ բազմամարդ հանրահավաքը, որտեղ, ինչպես խոստացել էր, ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով թեև որոշակի վերապահումներով, այդուհանդերձ հայտարարեց իշխանափոխության, արատահերթ ընտրությունների պահանջի, հասարակական մոբիլիզացիայի մասին: Որքանո՞վ են իրատեսական այս շարժման միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությունները, սա իսկապե՞ս նոր համաժողովրդական շարժում է, ինչպես ներկայացնում են դրա լիդերները, ի՞նչ դեր է վերապահված հասարակությանն այս գործընթացում
Հայաստանում ամենաշատը քննարկվող թեման շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Չնայած իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, ոգևորված` ներկայացնում են Եվրասիական միությունից ակնկալվող տնտեսական օգուտները, այդուհանդերձ դեռևս բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան: Ի՞նչ է լինելու հաջորդ տարվա հունվարից, երբ Հայաստանը վերջնականապես դառնա Եվրասիական միության անդամ, ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Հայաստանի տնտեսության վրա:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում վերջապես ստորագրվեց այդ միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ մինչ օրս պայմանագրի ստորագրման մի քանի ժամկետներ էին հայտարավել, որոնք, սակայն, տարբեր պատճառներով հետաձգվել էին: Ի վերջո, ի՞նչ պայմաններով է Հայաստանն անդամակցում այդ միությանը, ի՞նչ է ստանալու ու ի՞նչ է կորցնելու Հայաստանը դրա արդյունքում, արդյոք այդ գործընթացը կունենա՞ նաև ներքաղաքական ազդեցություն:
Ազգային ժողովի անցած շաբաթվա քառօրյան սովորականից թեժ անցավ: Պատճառը՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի» մասին նոր օրենքն էր, որի դեմ Երևանում և մարզերում պայքարում են մանր ու միջին բիզնեսով զբաղվող հազարավոր քաղաքացիներ: Բողոքի ակցիաներն, ի դեպ, տեղի էին ունենում նաև Ազգային Ժողովի դարպասների առջև: Խորհրդարանում ոչ իշխանական ուժերը փորձեցին այդ հարցով արտահերթ նիստ հրավիրել, որը հանրապետական մեծամասնության ջանքերով տապալվեց: Սակայն հանրապետականների շարքերում էլ կային պատգամավորներ, ովքեր կողմ էին օրենքը նախկին տեսքով պահպանելուն: Մեր զրուցակիցը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն է, ով ևս գտնում է, որ պետք է լսել ժողովրդի ձայնը և հրաժարվել նոր օրենքից:
Չնայած արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցող այս զարգացումներին, Հայաստանի քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ոչ իշխանական ուժերը, կենտրոնացել են առավելապես ներքին խնդիրների վրա և պատրաստվում են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Արտաքին քաղաքական գործընթացների և ներքաղաքական խմորումների մասին այսօր կզրուցենք «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ:
Ոչ իշխանական ուժերը, բացառությամբ Հայ Հեղափոխական դաշնակցության, կտրականապես դեմ են սահմանադրական փոփոխություններին, ինչին կողմ լինելու համար մեղադրում են դաշնակցականներին: Այս և ներքաղաքական կյանքին վերաբերող այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:
Հայտարավել է, որ Հայաստանը Մաքսային միության անդամ կդառնա հոկտեմբերի 10-ին: Արդյոք այս անգամ հայտարարված ժամկետը կպահպանվի՞, անդամակցության դեպքում ի՞նչ օգուտներ և վնասներ կարող է ստանալ Հայաստանը, Եվրասիական միության անդամ դենալուց հետո ի՞նչ փոփոխություններ կկրեն մեր տնտեսական հարաբերությունները երրորդ երկրների հետ: Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ
Մեր պետական ու քաղաքական համակարգը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին դպրոցն ու բուհը՝ ավելի շատ ձևական ու անբովանդակ: Թերևս նաև այն պատճառով, որ այսօր մեզանում քաղաքական ու պետական կառավարման համակարգում ավելի շատ են հայտնվում մարդիկ, ովքեր ոչ միայն բուհեր, այլ անգամ դպրոց չեն հաճախել: Մեր այսօրվա զրույցը Արմեն Աշոտյանի հետ է, ով, բնականաբար, չի համաձայնվի նշված տեսակետների հետ, քանի որ և՛ ՀՀ կրթության ու գիտության նախարարն է, և՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահը:
Կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքն, ըստ էության, քիչ է տարբերվում կրթության մասին ուղերձներ հղող պաշտոնյաների մոտեցումներից: Երկու դեպքում էլ կարևորվում է ձևը՝ բովանդակության հաշվին:
Քաղաքական սառը ամռան, թեժ աշնան ու մի շարք այլ հարցերի մասին այսօր կզրուցենք «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Ինչպե՞ս էր հնարավոր խորհրդային գրաքննության, գաղափարական սահմանափակումների պայմաններում ստեղծել անգամ արևմտյան աշխարհի կողմից գնահատվող մշակույթ, և ինչո՞ւ է այսօր՝ ստեղծագործական ազատության պարագայում, մեր արվեստն այնպիսին, ինչպիսին որ է: Այս և մի շարք հարցերի շուրջ այսօր կզրուցենք ամենատաղանդավոր հայ երգչուհիներից մեկի՝ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ, ով, դժբախտաբար, բնակվում է ԱՄՆ-ում, բայց, բարեբախտաբար, չի կորցնում կապը Հայաստանի հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայկական ինքնության պահպանումը ԱՄՆ-ի հետ պայմանավորելու մասին ակնարկներ անգամ չի անում, ինքն իր ելույթներում փորձում է հնարավորինս շատ հայերեն բառեր օգտագործել, ԱՄՆ դեսպանատունը անվճար անգլերենի ուսուցման դասընթացներ է անցկացնում Հայաստանի հեռավոր մարզերում: Նա ոչ միայն հակառուսական ելույթներ չի ունենում, այլև գրեթե մշտապես հայտարարում է, որ ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի հետ Հայաստանի բացառիկ հարաբերություններին:
Ի՞նչ ազդեցություն կունենա Ասադի հաղթանակը ընտրություններում, արդյոք այն կարո՞ղ է դառնալ երկիրը ճգնաժամից դուրս բերելու հնարավորություն, թե՞ հակառակը՝ այն ավելի կխորանա: Ու, ամենակարևորը, ինչպե՞ս այս իրադարձությունները կազդեն Սիրիայում բնակվող մեծաքանակ հայերի վրա: Այս և բազմաթիվ այլ հրատապ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի հետ:
Որքանո՞վ ենք մենք իրականում քրիստոնեա՝ ըստ էության: Որքանո՞վ է մեր հավատը բովանդակությամբ, և ոչ թե ձևով քրիստոնեական: Որքանո՞վ է Հայ առաքելական եկեղեցին կատարում իր առաքելությունները: Որքանո՞վ է եկեղեցին հավատացյալներինը, և՝ հակառակը: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց նոր կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրից գոհ են բոլորը՝ և իշխանությունը, և ոչ իշխանական ուժերը: Որոշակի հռետորական տարբերություններով, բնականաբար: Նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում առաջադրելիս հայտարարեց, որ նրա խնդիրը պետք է լինի կառավարության նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը:
Հայաստանում ամենաշատը քննադատվող երևույթը ընտրություններն են, որոնք մշտապես կեղծվում են, անցնում են կոպիտ խախտումներով: Նույնչափ քննադատության է ենթարկվում մենաշնորհը՝ ինչպես տնտեսական դաշտում, այնպես էլ քաղաքական ու պետական կառավարման համակարգում: Ընդդիմությունը միանգամայն արդարացիորեն քննադատում է իշխանությանը տնտեսական մենաշնորհներին հովանավորելու և քաղաքական մենաշնորհ հաստատելու համար: Բայց նույն ընդդիմությունը առանց որևէ բանական հիմնավորման առիթը բաց չի թողնում որևէ ընտրությունից խուսափելու, ընտրությանը չմասնակցելու համար:
Նախօրեին նշեցինք հաղթանակի օրը: Նշեցինք, ինչպես ամեն տարի՝ շնորհավորական նույն տեքստերով ու նույն պաթոսով: Նշեցինք, ինչպես ամեն տարի՝ միայն նշելու համար: Առանց խորությամբ իմաստավորելու այդ հաղթանակի արժեքը և հատկապես այն, թե ինչ ենք անում այսօր այդ հաղթանակի, դրա շնորհիվ ապահովված նվաճումների հետ: Որքանո՞վ ենք մենք պահպանում մեր հաղթանակաները:
Նոր կառավարությունը կազմավորված է: Քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում հնչում են ամենատարբեր գնահատականներ: Հիմնականում գերիշխում է այն կարծիքը, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձևավորվել է «նորը լավ մոռացված հինն է» սկզբունքով: Չնայած, թերևս ավելի տեղին կլինի հայտնի այդ արտահայտությունը վերափոխել «նորը լավ անիծված հինն» է ձևակերպման: Ոչ իշխանական ուժերը դեռևս չեն շտապում ամբողջական գնահատական հնչեցնել նոր կառավարութան հասցեին՝ հղում անելով հարյուր օրվա ռեժիմին: Տպավորություն է, որ այդ 100 օրը փրկօղակ է ոչ այնքան՝ Հովիկ Աբրահամյանի, որքան ոչ իշխանական ուժերի համար՝ նոր կառավարության քննադատությունից խուսափելու արդարացում գտնելու իմաստով:
Ինչո՞ւ են կուսակցությունները հրաժարվում իշխանությունից: Դա պատասխանատվությունից խուսափելու արտահայտությո՞ւն է, թե՞ առաջիկայում նոր իրադարձությունների սպասումով պայմանավորված՝ քաղաքական դաշտում դիրքավորվելու մարտավարություն: Այս հարցերի մասին է մեր զրույցն արդեն իրեն ընդդիմադիր հռչակած «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:
Տևական ժամանակ լճացած Հայաստանի քաղաքական դաշտում անցած երկու շաբաթներին տեղի ունեցան այնքան իրադարձություններ, որքան չէին եղել, թերևս, անցած 5-6 տարիների ընթացքում: Մյուս կողմից՝ այս նույն օրերին աշխարհում տեղի են ունենում ոչ պակաս կարևոր ու առանցքային զարգացումներ, որոնցից մենք կարծես կտրվել ենք՝ մեր մի քանի պաշտոնյաների նշանակման հարցը դարձնելով դարակազմիկ իրադարձություն: