Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 92
Ասում են` ամբողջ աշխարհում ֆուտբոլը և քաղաքականությունը կապված են իրար հետ: Իսկ որքանո՞վ է Հայաստանում սպորտը՝ ընդհանրապես և ֆուտբոլը՝ մասնավորապես կապված քաղաքականության հետ: Ֆուտբոլի, քաղաքականության և այս օրերին Հայաստանում կատարվող տարբեր իրադարձությունների մասին է մեր զրույցը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ:
Խոսելով ոչ իշխանական եռյակի մասին՝ նա ասել է. «Ես, Քոչարյան Անդրանիկը մի առիթով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զրուցում էինք, ու Տեր-Պետրոսյանն ասաց, որ երբևիցե եթե իշխանության գա՝ առաջին մարդը, ում դատելու է՝ Վարդան Օսկանյանն է լինելու»։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2018թ. նախագահական ընտրություններին: Մասնավորապես՝ խոսելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, այնուհետև գործարար Սամվել Ալեքսանյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հայտարարությունների մասին, նա ասել է.
«Գագիկ Ծառուկյանն ասաց, որ 5 թեկնածու ունի, կարող է՝ մեկն էլ ես եմ, ինչի՞ չէ։ Մեր տեսակը կարող է փորձանք դառնալ էս երկրի գլխին։ Երբ փողն է սկսում դեր խաղալ նախագահ դառնալու մեջ, դա արդեն խնդիր է, որը վտանգավոր է մեր երկրի ու հասարակության համար»։
Անդրադառնալով վերջին շրջանում ազատամարտիկների, ինչպես նաև հասարակական, քաղաքական գործիչների վրա տեղ ունեցած հարձակումների մասին, Ռուբեն Հայրապետյանն ասել է.
«Իշխանությունների դեմ խոսող մարդը վաղը ծեծ ա ուտում, պարզ չի՞, որ կասկածը միանգամից ընկնում է իշխանությունների վրա, թե՞ բոլորին թվում է, որ իշխանություններում խելոք մարդ չկա, ամենախելոքը հենց իրենք են։ Դա իշխանությունների ինչի՞ն է պետք»։