Բաժիններ՝

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձեռնպահ քվեարկեցին «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կտարելու մասին օրինագծին

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կտարելու մասին օրենքի նախագիծը: Փոխնախարարն ընդգծեց, որ դեռևս 2002 թ. գործող օրենքը սահմանում է, որ բարեգործական ծրագիրը որպես բարեգործական սահմանելու համար լիազորված մարմին պետք է լինի:

«Այս համատեքստում կառավարության համապատասխան որոշում է ընդունվել, որով բարեգործական ծրագրերի որակավորման հարցը վերապահվեց բարեգործական ծրագրերի որակավորման հանձնաժողովին: Այսինքն, այդ որոշմամբ՝ որպես իրավասու մարմին ճանաչվեց հանձնաժողովը, որի կազմը 2003 թ. որոշմամբ հաստատում էր վարչապետը: Վարչապետի որոշմամբ կարգը հաստատվել էր, և մինչ օրս հանձնաժողովն իրականացնում է իր առջև դրված խնդիրը:

Սակայն 2015 թ. Սահմանադրության փոփոխություններից հետո ակնհայտ է դարձել, որ այդ հանձնաժողովն իրավասու չէ վարչական ակտեր ընդունել, քանի որ այն պետական մարմին չէ, ուստի չի կարող նաև որակավորում տալ բարեգործական ծրագրերին»,- նշեց Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել, որ բարեգործական ծրագրի որակավորման իրավասու մարմինը կսահմանի կառավարությունը, որը կորոշի, թե պետական կառավարման որ մարմինն է լինելու լիազոր:

Փոխնախարարի խոսքով՝ ամեն դեպքում պետական մարմինը պետք է լինի իրավասու մարմին, որը համապատասխան վարչական ակտեր կընդունի:

«Օրենքով նաև առաջարկվում է, որ հանձնաժողովը մնա, սակայն արդեն այն խորհրդակցական բնույթի գործառույթներ կունենա, իսկ հանձնաժողովի խորհրդակցական բնույթի եզրակացության հիման վրա իրավասու մարմինը կկայացնի իր որոշումը»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ բարեգործները կամ բարեգործություն իրականացնող կազմակերպությունները որակավորման հանձնաժողովին դիմում են երեք հիմնական նպատակով. ցանկանում են բարեգործության դիմաց նախագահից համապատասխան կոչումներ ստանալ կամ օգտվել երկու տեսակի աջակցությունից՝ հարկերի տուրքերի պարտադիր վճարների գծով արտոնություններ ստանալ, կառավարության կամ համայնքի ավագանու որոշմամբ նյութատեխնիկական կամ դրամական աջակցություն ստանալ:

«Եթե նրանք չեն ցանկանում այս արտոնություններից օգտվել, ապա հանձնաժողովը նրանց ծրագրերը բարեգործական ճանաչելու որևէ անհրաժեշտություն չունի, իսկ բարերարներն ու կազմակերպությունները կարող են շարունակել իրենց ծրագրերը, որևէ սահմանափակում չկա: Նրանք հանձնաժողովին ընդամենը դիմում են, որպեսզի օգտվեն աջակցությունից, որի մասին ես խոսեցի»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը, Մարինա Մարգարյանը՝ նշելով, որ օրենքի նախագծով փորձ է արվում խոչընդոտել բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Արթուր Հովհաննիսյանը, սակայն, վստահեցրեց, որ օրենքի նախագծի ընդունումը բարեգործությունը սահմանափակելու, բարեգործական ծրագրերին խոչընդոտելու նպատակ չի հետապնդում:

Փոխնախարարը խոստացավ բարեգործական ծրագրերի որակավորման հանձնաժողովի վերաբերյալ կառավարության որոշումները ևս ներառել նախագծում, ինչպես նաև փոփոխություններ իրականացնել Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներում՝ հունիսի 19-ին մինչև ժամը 14:00-ն խորհրդարանին ներկայացնելով նախագծի լրամշակված տարբերակը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս