Ինչով են վտանգավոր մանկական խաղալիքները
Այն երեխաները, որոնք «չափազանց շատ խաղալիքներ» ունեն, ավելի շատ ունեն ուշադրության պակասի համախտանիշի հակում: Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի Թոլիդոյի համալսարանի հետազոտողները: Դիտարկումների արդյունքները մասնագետները հրապարակել են Infant Behaviour and Development հանդեսում։
Հետազոտությանը մասնակցել են երեքից ցածր տարիքի 36 երեխաներ, որոնց առաջարկել են խաղալ չորս կամ տասնվեց խաղալիքներով: Վերլուծելով երեխաների պահվածքը՝ մասնագետները պարզել են, որ նրանք, ում մոտ ավելի քիչ էին խաղալիքները, եղել են ավելի ստեղծագործող. խաղալիքներից յուրաքանչյուրի հետ նրանք անցկացրել են կրկնակի ավելի ժամանակ՝ դրանց համար զանազան դերեր հնարելով:
Հետազոտողները ծնողներին, մանկապարտեզների դաստիարակներին եւ ուսուցիչներին խորհուրդ են տվել երեխաների տեսադաշտից վերացնել խաղալիքների մեծ մասը եւ պարբերաբար դրանք փոխարինել մյուսներով՝ երեխայի մոտ երեւակայությունը եւ կենտրոնանալու ունակությունը զարգացնելու համար:
Ուշադրության պակասի համախտանիշը մանկական հասակում առաջացող՝ զարգացման խանգարում է, որն ուղեկցվում է գերակտիվությամբ եւ ուշադրության կենտրոնացման անկմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: