Գլոբալիզացիա. որտեղից է սկսվել և ուր է գնում
Առևտրի տվյալների վրա հիմնված հետազոտությունների մեծ մասը որպես գլոբալիզացիայի գործընթացի սկիզբ՝ մատնանշում են 1870 թվականը։ Այդ հետազոտությունները սովորաբար հիմնված են 1870 թվականից սկսվող տվյալների վրա։ Ինչպես գրում է weforum.org կայքը, գլոբալիզացիայի պատմությունն ավելի լավ հասկանալու համար համադրվել են երկկողմանի առևտրի համակողմանի տվյալները։ Դրանք խոսում են այն մասին, որ գլոբալիզացիան՝ որպես գործընթաց, սկսվել է Եվրոպայում 1840-ական թթ., և արդեն 19-րդ դարում տարածվել է մյուս մայրցամաքներում։ 19-րդ դարի երկրորդ կեսի տեխնոլոգիական նորարարությունները (օվկիանոսներում բեռներ փոխադրող նավեր, միջմայրցամաքային հեռագրեր) և առևտրային քաղաքականությունը (երկկողմանի համաձայնագրերն ազատ առևտրի մասին և ոսկե ստանդարտները) համարվում են գլոբալիզացիայի մեկնարկի պատճառները։ Առևտրի պատմության ժամանակագրությունը վեր հանելու համար հավաքվել է 1827-2014թթ. երկկողմանի առևտրի 1.9 մլն համաձայնություն։ Նախկինում 1827-1870թթ. տվյալները չեն հավաքվել։
Ինչի մասին են խոսում տվյալները
1827-1870 թթ. արտահանման ազատությունը, ուստի և՝ ծավալն աճել է 2 անգամ։ Համաշխարհային պատերազմի տարիներին թիվը նվազել է և հասել 19-րդ դարի սկզբին արձանագրված ցուցանիշից ցածր մակարդակի։ 1960թ. հետո արտահանումների ծավալը սկսել է կրկին աճել։ Միայն 1970-ականներին գրանցված ցուցանիշը վերադարձել է մեկ դար առաջ արձանագրված ցուցանիշին։
Առևտրի ազատության կամ, ինչպես հետազոտության հեղինակներն են սահմանում, առևտրի բացության միջին մակարդակը 110 երկրների համար 2014թ. կազմել է 22 տոկոս։ Առևտրի բացության ցուցանիշները զգայուն են տնտեսական ատիվության նկատմամբ։ Եթե երկրներից մեկը տնտեսական ակտիվություն է ցուցաբերում բոլոր ոլորտներում, ապա բացության ընդհանուր մակարդակը շատ ցածր կլինի, քանի որ բոլոր ապրանքները կարտադրվեն և կսպառվեն երկրի տարածքում։ Մյուս կողմից՝ միմյանցից անկախ տնտեսությունների պայմաններում երկրներն ավելի անկախ են, իսկ առևտուրն ավելի բաց է։
Միջազգային առևտրի խոչընդոտների գինը՝ գլոբալիզացիայի ցուցանիշ
Գլոբալիզացիան սկսվել է 1840-ական թթ.՝ մինչ օվկիանոսում նավարկող նավերը, հեռագիրը կամ ոսկե ստանդարտները և մինչև Արևմտյան Եվրոպայի երկրների միջև 1860-ականն թթ. կնքված երկկողմանի առևտրի պայմանագրերը։ Սա Եվրոպայում քաղաքական կայունության շրջան էր Վիեննայում 1815թ. տեղի ունեցած կոնգրեսից հետո։ 19-րդ դարի կեսերին համատեղ քայլեր էին ձեռնարկվում առևտրի ցուցանիշների պահպանման համար: 1870-ականներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի «մուտքը» Եվրոպա մայրցամաքում բարձր գների պատճառ դարձավ։ Առևտրի ծախսերը, սակայն, շարունակում էին նվազել, ինչը նշանակում է, որ դա փոխհատուցվում էր առևտրի այլ խոչընդոտների վերացման հաշվին։ 1918թ. հետո տոտալիտար ռեժիմներ հաստատվեցին ԽՍՀՄ-ում, Իտալիայում, Գերմանիայում, և պահպանողական քայլերը խոչընդոտեցին Ոսկեդար վերադառնալու բոլոր հնարավորությունները։ Իրավիճակը շարունակվեց անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից և 1947թ. կնքված Մաքսերի և առևտրի գլխավոր համաձանագրից հետո։ 1957թ. կնքված Հռոմի պայմանագրով վերսկսվեց եվրոպական ինտեգրացիան, և միջազգային խոչընդոտները վերացվեցին 1968թ.։
Որքան առևտուրն աճում է, այնքան հեռավորությունը նշանակություն է ունենում
Հետազոտությունը ցույց է տալիս, որ գլոբալիզացիոն գործընթացները նաև տեղայնացվում էին։ Եվրոպայում առևտրի խոչընդոտների վերացումը նախորդեց տրանսատլանտյան առևտրի խոչընդոտների նվազմանը, ինչը տեղի ունեցավ 1890թ.։ Ըստ հետազոտության՝ գլոբալիզացիոն երկու գործընթացներն էլ կապված էին եղել տարածության, «ճկունության» աճի հետ։ 1830թ. երկու երկրների միջև 10 տոկոս տարբերությունը երկկողմանի առևտուրը կնվազեցներ 3 տոկոսով։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին դա առևտուրը կնվազեցներ 13 տոկոսով, իսկ 2010-ին՝ 19 տոկոսով։
Ապագա գլոբալիզացիա և ռեգիոնալացում
19-րդ դարում միջազգային առևտրի ցուցանիշների բարձրացումն ուղեկցվում էր լիբերալ առևտրի եվրոպական քաղաքականությամբ, իսկ ավելի ուշ՝ տրանսպորտի և հաղորդակցության կատարելագործմամբ։ Համաշխարհային երկու պատերազմները մարտահրավեր նետեցին այս գործընթացներին. այդ ընթացքում առևտուր էր կատարվում մասամբ ավելի հեռավոր գործընկերների միջև, ինչի պատճառն աշխարհաքաղաքական մարտավարությունն ու եվրոպական գաղութացումն էր։ Սակայն ներկայումս ռեգիոնալացումը սկսել է աստիճանաբար վերանալ, քանի որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն ընդգրկում է աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Նախկին սոցիալիստական հանրապետությունների անցումն ազատ առևտրի խթանել է առևտուրը տարածության մեջ։ Սպասվում է, որ Ասիայի և մնացած աշխարհի միջև առևտրի դինամիկան կապահպանվի, հատկապես՝ կապված այնպիսի նոր դերակատարների հայտնվելու հետ, ինչպիսիք են Հնդկաստանն ու Բանգլադեշը։ Մյուս կողմից՝ Եվրոպայում շարունակական դանդաղ աճը կարող է սահմանափակել առևտուրը հենց Եվրոպայի ներսում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը