Բաժիններ՝

Ամերիկացի օրենսդիրները վերադարձրել են Ադրբեջանի կողմից ստացած թանկարժեք նվերները. The Hill

Ամերիկացի օրենսդիրները, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից գաղտնի ֆինանսավորած այցի ժամանակ ստացել էին նեֆրիտե ականջօղեր, մետաքսե շարֆեր, թեյի սպասքի հավաքածու, ձեռագործ գորգեր, վերադարձրել են իրենց նվերները, հայտնում է The Hill-ը:

2013թ. Բաքու կատարած այցի ժամանակ ստացած նվերները վերադարձվել են այն բանից հետո, երբ դիտորդական խումբը որոշում է կայացրել, որ ամերիկացի օրենսդիրների այցը հակասել է ԱՄՆ-ի օրենքներին:

The Hill-ը, հղում կատարելով Կոնգրեսի էթիկայի գրասենյակի (Office of Congressional Ethics  OCE) զեկույցին, նշում է, որ այդ ժամանակ Բաքվի համաժողովին մասնակցելու համար Ադրբեջան է մեկնել Կոնգրեսի 9 ներկայիս անդամ և անձնակազմի 32 անդամ, որոնցից յուրաքանչյուրը ստացել է մի քանի հազար դոլար արժողությամբ նվերներ:

Բաքվի այցից հետո որոշ օրենսդիրներ մեկնել են Թուրքիա, որտեղ ևս ստացել են նվերներ:

Կարդացեք նաև

OCE-ի զեկույցն ամերիկացի օրենսդիրների ադրբեջանական այցի մասին ներկայացվել է Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովին 2015թ. մայիսի 8-ին: Այդ մասին որոշ տեղեկություններ կարողացել էր ստանալ նաև Washington Post-ը, որը հետագայում ներկայացրել էր զեկույցի որոշ դետալներ:

Դիտորդական խումբը հայտնել է, որ Տեխասի հասարակական կազմակերպությունները կեղծ հայտարարություններ են արել՝ նշելով, որ իրենք են վճարում ուղևորության համար, այնինչ կոնգրեսականների այցի համար վճարել է Ադրբեջանի SOCAR պետական ընկերությունը, որը դա արել է հասարակական կազմակերպությունների միջոցով՝ հատկացնելով 750 հազար դոլար:

OCE-ն պարզել է, որ օրենսդիրները և նրանց օգնականները չէին կարող չիմանալ, թե ով է ֆինանսավորում ուղևորությունը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հերքում է կատարվածը՝ նշելով, թե հ/կ-ները գործում ներգրավվել են՝ օգնելու ամերիկացի օրենսդիրներին՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Մինչ զեկույցի հրապարակումը՝ 2015թ. հուլիսը, Բաքու ուղևորությանը մասնակցած Կոնգրեսի անդամները սկսել էին վերադարձնել իրենց նվերները:

Իվետ Կլարքը, Ջիմ Բրիդենսթինը, Ռուբեն Հինոջասան, Միշել Լուջան Գրիշամը վերադարձրել էին իրենց ողջ նվերները Կոնգրեսի աշխատակցին, որն այնուհետ դրանք 2015թ. հոկտեմբերին ուղարկել էր ԱՄՆ Դաշնային կառավարության ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությանը (GSA):

Դեպքերի մեծամասնության ժամանակ, երբ կոնգրեսականն էթիկայի կանոններին չհամապատասխանող նվեր է վերցնում, ունի երկու տարբերակ՝ պետք է վճարի դրա «շուկայական արժեքը», կամ նվերը վերադարձնի այն իրեն տված մարդուն կամ հաստատությանը:

Նա կարող է նաև նվերը հանձնել Կոնգրեսի աշխատակցին, ով այն այնուհետև հանձնում է Ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությանը՝ պահելու կամ վաճառքի նպատակով:

Կոնգրեսի էթիկայի կանոններն օրենսդիրներին որոշ դեպքերում թույլ են տալիս ընդունել նվերներ, որոնց արժեքը 50 դոլարից պակաս է:

Օտարերկրյա կառավարություններից և միջազգային կազմակերպություններից նվերներ նրանք կարող են վերցնել, եթե դրանց արժեքը չի գերազանցում 350 դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս