Հայաստանից աճում է գումարների ապօրինի արտահոսքը
Գումարների ապօրինի արտահոսքը ծայրահեղ բացասական ազդեցություն ունի երկրի հանրային եւ մասնավոր սեկտորների վրա, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» ընկերության վերլուծաբան Ջոզեֆ Սփանջերսը՝ մեկնաբանելով զարգացող երկրներից գումարների արտահոսքը.
«Մասնավոր սեկտորի համար դրանք պարզապես կորսված ներդրումներ են, քանի որ այդ գումարները կարող էին տնտեսության մեջ ներդրվել եւ օգուտ բերել: Դա նաեւ հարկերի կորուստ է, քանի որ երբ գումարներն ապօրինաբար դուրս են բերվում, չեն հարկվում»:
Վերլուծաբանի խոսքով, զարգացող երկրներից ապօրինաբար արտահանվող գումարների ծավալները վերջին տարիներին աճ է ապրում.
«Հայաստանի դեպքում 2013 թվականին գումարների ապօրինի արտահանումը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսը, մինչդեռ 2004-ին կազմում էր ՀՆԱ-ի 11 տոկոսը: Այսինքն, աճը գրանցվում է թե՛ գումարային եւ թե՛ տոկոսային արտահայտմամբ»:
Նշենք, որ «Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպության տվյալներով, 2013-ին Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել 1 միլիարդ 848 միլիոն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսին: Ադրբեջանից նույն թվականին դուրս է բերվել 14 միլիարդ 736 միլիոն դոլար, կամ ադրբեջանական ՀՆԱ-ի 20 տոկոսը: Ռուսաստանի Դաշնությունից 2013-ին դուրս է բերվել 120 միլիարդ 331 միլիոն դոլար, կամ երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին:
Տնտեսական հարցերով լրագրող Հայկ Գեւորգյանի խոսքով, փողերի ապօրինի արտահոսքը երկրի համար իրական վտանգ է ներկայացնում.
«Այդ ապօրինի արտահոսող գումարների ծավալն այնքան մեծ է, որ ուղղակի քայքայում է երկիրը, երկրի անվտանգության համար լրացուցիչ սպառնալիք է, եւ ի վերջո կարող է հանգեցնել անկախության կորստի»:
Լրագրողի խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց հայ հասարակությանն ավելի ուշադրությամբ վերաբերվել պետական գումարների հավաքագրման եւ ծախսման գործընթացին.
«Հասարակության կողմից կա պահանջ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ պատերազմում ավելի քիչ զոհեր տալու եւ ավելի մեծ հաջողություններ ունենալու համար բանակը պետք է շատ գումար ունենա»:
Անդրադառնալով գումարների արտահանման սխեմաներին՝ Ջոզեֆ Սփանջերսը նշում է, որ Հայաստանում այն հիմնականում արվում է ապրանքագրի կեղծման միջոցով.
«Ապրանքագրի կեղծումն առեւտրային խաբեություն է, որի ընթացքում կեղծվում է ներկրված ապրանքի գինը եւ գումարները դուրս են բերվում: Ասենք, արտերկրից բերված մեկ սուրճի բաժակը կարող է գնահատվել 100 դոլար, որից հետո այդ գումարը կարող է դուրս բերվել»:
Արդյունքում, փաստաթղթերով ավելանում են ընկերության ծախսերը եւ նվազում՝ շահույթը.
«Այսպես, օրինակ, Գանայում մենք հանդիպեցինք գարեջուր արտադրող խոշոր ընկերություն, որն ավելի քիչ հարկ էր վճարում, քան այդ ընկերության գարեջուրը սեղանիկից վաճառող մի կին ձեռներեց»:
Հայկ Գեւորգյանի խոսքով, արհեստական կերպով որպես ծախսեր ձեւակերպված այդ գումարներն այնուհետեւ օֆշորային ընկերության հաշիվների վրա են նստում.
«Այսինքն, երբ որեւէ ապրանք է ներկրվում, այդ ներկրման շղթայում մի քանի ընկերություններ են գործում. ընկերություններից մեկն օֆշորում է գրանցված: Օֆշորում այդ ընկերությունն իր վրա է վերցնում ամբողջ շահույթը եւ ազատվում շահութահարկից, որը պետք է Հայաստանում վճարեր»:
Սփանջերսի խոսքով, միեւնույն ժամանակ, զարգացած երկրներն ունեն մեղքի իրենց բաժինը.
«Ապօրինաբար արտահանվող գումարները տեղափոխվում են ոչ միայն Պանամա կամ Կայմանյան կղզիներ, այլեւ՝ Արեւմուտքի երկրներ: Այդ գումարների մեծ մասն արդյունքում նստում է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի բանկերում»:
Ինչ վերաբերում է գումարների ապօրինի արտահոսքի հետ պայքարին, ապա Հայկ Գեւորգյանի խոսքով, հայ հասարակության մեջ կա նման պահանջարկ, որը սակայն ֆորմալ ձեւակերպված չէ:
Արեւմտյան վերլուծաբանի խոսքով, գումարների ապօրինի դուրսբերման դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը երկրում գործող բոլոր ընկերությունների սեփականատերերի բացահայտումն է.
«Լավագույն միջոցներից մեկն է բոլոր ընկերությունների սեփականատերերի եւ օգտատերերի բաց հրապարակումը: Դա թույլ կտա եւ իշխանություններին, եւ լրագրողներին եւ ընդհանրապես հասարակության ցանկացած ներկայացուցչի պարզել, թե ով է ընկերությունների վերջնական սեփականատերը եւ թույլ չի տա թաքնվել անանուն ընկերությունների քողի տակ»:
Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերի» հրապարակումը ստվերային տնտեսության դեմ պայքարում կարեւոր, սակայն՝ վերջին քայլը չէ: