Մի՛ հապաղեք, դիմե՛ք Եվրոպական դատարան․ Արա Ղազարյանը՝ արցախցիներին

168amմիջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել է ՄԻԵԴ-ում միջպետական և անհատական գանգատների քննությանը։ Այս համատեքստում մասնագետը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքի հարցը, ինչպես նաև՝ խոսել «300 հազար ադրբեջանցիների» մասին ադրբեջանական մտացածին հռետորաբանության, ադրբեջանական նկրտումների ու հայկական կողմի՝ շատ հարցերում անհամարժեք արձագանքի մասին։

Արա Ղազարյանի մասնագիտական դիտարկումները՝ ստորև

  • Այո՛, տարբեր ատյաններում միջպետական գանգատներից երկկողմանի հրաժարվելու պարտավորություն կա, բայց դա չի խոչընդոտելու անհատների կողմից գանգատներ ներկայացնելուն, քանի դեռ այս երկու պետությունները չունեն փաստաթուղթ՝ նման խախտումները կանխարգելելու, բացահայտելու, կամ՝ քննելու վերաբերյալ մեխանիզմներ ստեղծելու։
  • «Խաղաղության պայմանագիր» նախագծում, որը հրապարակվել է, չկա վերադարձի մեխանիզմ, չկա կատարված հանցավոր արարքները քննելու մեխանիզմ։ Քանի դեռ այդտեղ բացակայում են այդ իրավական պաշտպանության բոլոր միջոցները, քաղաքացիները կարող են դիմել միջազգային ատյան։ Սակայն նրանք չպետք է շատ երկար սպասեն, որովհետև այստեղ նաև դատական ընդունելության չափանիշ կա։
  • Գրեթե ամեն օր աշխատանքներ տարվում են Արցախից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքի, վերադարձի իրավունքի վերաբերյալ գանգատներ ուղարկելու ուղղությամբ։
  • Մենք ունենք 9 վճիռ ընդդեմ Ադրբեջանի, որոնցից 8-ը կատարողական փուլում են․ Ադրբեջանը չի հայտարարում, որ չի կատարելու, բայց մանևրում է անընդհատ տարբեր պատճառներով, ձգձգում է և փորձում է դա կապել «խաղաղության պայմանագրի» հետ, բայց ես նշեցի՝ խաղաղության պայմանագրում մեխանիզմներ չկան։ Ունենք 22 վճիռ 2016 թվականի դեպքերով և 2022 թվականից մինչև հիմա մոտ 1000 դիմում, որոնք  ներկայացվել են Արցախից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների և վերադարձի իրավունքի հիմքով։
  • Եթե խոսում ենք 1000 գանգատի մասին, ուրեմն, մոտավորապես 3-4 000 մարդ է դիմել, բայց մենք պետք է ապահովենք 120․000 մարդու իրավունքների ուղղությամբ այդ դատական գործընթացների հարուցումը։ Այսինքն՝ առնվազն մի քանի տասնյակ հազար դիմում, հենց գույքային իրավունքի հիմքով, դեռ պետք է ուղարկվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ռեսուրսների մասին է խոսքը, որը դեռ չի արվել, որը, ես չգիտեմ՝ կհասցնե՞նք անել, թե՞ ոչ։
  • Կարևորը, որ գործը գրանցվի, իսկ դա անհատական, իրավական պրոցես է, որը պետք է արվի, և այստեղ պետք են, իհարկե, ռեսուրսներ, աշխատողներ, մասնագետներ, որ կարողանանք այդ գործերն ամբողջությամբ տանել Եվրոպական դատարան, որովհետև Եվրոպական դատարանը հուր-հավիտյան չի սպասելու։
  • Ես հիմա ուզում եմ նաև դիմել արցախցիներին՝ մի՛ հապաղեք, դիմե՛ք Եվրոպական դատարան՝ հենց թեկուզ մեր միջոցով, մի՛ կարծեք, որ դա կարող եք անել 2, 3, 4 տարի հետո․ ժամանակը գնալով նվազում է, խնդրում եմ, անպայման տե՛ր կանգնեք ձեր իրավունքին, և, նույնիսկ, եթե ձեզ ասեն, որ դա երկար պրոցես է, այո՛, ճիշտ է, այդուհանդերձ դիմեք՝ թեկուզ ձեր զավակների համար։

  • Արձագանքը համարժեք չէ, որովհետև Ադրբեջանը տեսության ներքո պսևդո գաղափար է ներկայացնում։ Երբ որ նախագահն ուղղակի ապրիորի որոշում է 300.000․ այդ ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս որոշեցիք 300.000։ Չէ՞ որ դա որոշվում է գործընթացներով, մի ամբողջ գործընթաց, որը տարիներ է տևում։ Ադրբեջանում գուցե 1000 մարդ հազիվ հավաքվի կամ 10.000 մարդ, որ Հայաստանը համարի իր հայրենիքը․ նրանց վերադարձին ես դեմ չեմ, եթե իսկապես Հայաստանը համարում են իրենց հայրենիքը, պատրաստ են ընդունել քաղաքացիություն, պատրաստ են ընդունել մշակութային ողջ ժառանգությունը, և այլն, և այլն։ Բայց այդ մարդիկ չեն խոսում Ադրբեջանում․ խոսում են միայն հանրային իշխանության ներկայացուցիչները, ովքեր ինչ-որ պսևդո ինչ-որ նախաձեռնություն են իրականացնում։ Ահա սրան Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում։ Ստիպված մասնավոր խմբերն են արձագանքում, բայց մեր ասածը այդքան լայն արձագանք չի ստանում, որովհետև մենք միայն իրավական գործընթացներով կարող ենք ելույթ ունենալ, իսկ հրապարակախոսությամբ, մեծ հաշվով, կոնկրետ ես չեմ զբաղվում։
  • Վերադարձը պետք է անհատական պրոցես լինի․ յուրաքանչյուր անձի դեպքում անհատական վարույթ է պետք, օրինակ, 80-90-ական թվականներին քաղաքացիաիրավական հարաբերություններով էր կարգավորվում․ մեծ մասամբ քաղաքացիներն իրենք էին հորիզոնական հարթության վրա պայմանավորվում, նույնիսկ տների փոխանակում է եղել։
  • Մեխանիզմները պետք է ամրագրվեն խաղաղության պայմանագրի հավելվածներում․ միայն 6-7 հավելվածներ կարող են լինել վերադարձի մասին։ Այս ամենը մենք չունենք․ դրա համար հենց այդպես ասել՝ 300.000 վերադառնանք, շատ լավ, ո՞ւր են այդ 300.000-ը, ե՞րբ են դիմել, որտե՞ղ են դիմել, արդյո՞ք նրանք իսկապես գույք թողել են, թե՞ նրանք արկածախնդիրներ են, և այլն։
  • Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի վերադարձի հարցը սկզբունքորեն չի կարող կաշկանդել ՀՀ իշխանություններին, որովհետև նրանք ՀՀ քաղաքացիներ են եղել, Արցախի բնակիչներն էթնիկ հայեր են, և Հայաստանը ընդունել է բոլորին, այսինքն՝ վերցրել իր պաշտպանության տակ, նշանակում է՝ պետք է նրանց իրավական պաշտպանությամբ նաև զբաղվել, այլ ոչ թե միայն, ասենք, սոցիալական նպաստներ, և այլն, և այլն։ Այդ առումով հասկանալի է կրկին՝ Հայաստանի արձագանքն անհամարժեք է։
  • Եթե Ադրբեջանը բարձրացնում է վերադարձի իրավունքը, Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է այդ հարցը բարձրացնի, բայց ես կարծես թե չեմ լսել այդ մասին, որ Հայաստանի կառավարությունը վերադարձի իրավունքը բարձրացնի, ընդ որում, նաև վերադարձի իրավունքը բազմաթիվ բաղադրիչներ ունի իր մեջ՝ սկսած գույքային իրավունքից, կամ եթե գույքը չկա՝ փոխհատուցում, փոխհատուցումը նաև բարոյական, ոչ միայն նյութական վնասի դիմաց պետք է արվի, այդ թվում՝ կազմակերպել փոխադարձ այցեր։ Դա կոմպլեքս միջոցառումների շարք է, որը պետք է կարգավորվի, իսկ կարգավորման համար պետք է նորմատիվ բազա, որն այս երկու պետությունները չեն ստեղծել։
  • Հայաստանը, մեծ հաշվով, զոհ է, թեև Ադրբեջանը միշտ փորձում է զոհի կերպարի մեջ մտնել, այո՛, մենք ենք տարածքները կորցրել, մենք ունենք բռնի տեղահանվածներ։

Զարուհի Դիլանյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930