Փաշինյանը ՊԱՐՏՎԱԾ Է. գնում է ծայրահեղ քայլերի. Հաջիևի այցի գաղտնիքը. Մենուա Սողոմոնյան

168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն է։

Մենուա Սողոմոնյանը հարցազրույցի սկզբում անդրադարձել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալության դրվագին։

«Անհեթեթություն է ոտքից գլուխ, ծայրից ծայր՝ սուտ, շինծու, հիմար հիմք է՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հետապնդում սկսելու համար։ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հետապնդումը շղթայի հաջորդական օղակներից մեկն է, որ իրականացնում են հայ ժողովրդի դեմ, Հայաստանի ժողովրդավարության դեմ, ազատ խոսքի դեմ, Հայաստանի ազգային-պետական շահերի դեմ։

Կարդացեք նաև

Այս իշխանությունները, տեսնում ենք, որ, ըստ էության, պարտված են․ միանձնյա կառավարություն ձևավորելով հանդերձ՝ իրենք պարտված են, որովհետև իրենք չեն լուծել իրենց քաղաքական տերերի առաջադրած խնդիրը՝ ունենալ սահմանադրական մեծամասնություն և Հայաստանին, հայ ժողովրդին պարտադրել ալիևյան Սահմանադրությունը։ Որպեսզի կարողանան այս գործընթացն ավելի հարթ անցկացնել, ընդվզումը քիչ լինի հանրային, դրա համար անհրաժեշտ են համարում խոսող մարդկանց, ազդեցիկ, կշիռ ունեցող մարդկանց մեկուսացնել։

Նույնն Արմեն Աշոտյանին է վերաբերում, նույնը վերաբերում է Ալեն Ղևոնդյանին, Թևանյան Անդրանիկին, բոլորին, ովքեր որ խոսում են, ովքեր որ դիմադրում են, դիմադրություն են ցույց տալիս։ Մեկուսացնել մարդկանց, որպեսզի խոսեն միայն իրենց հաճելի խոսողները, որ ինչ Փաշինյանը ասի՝ կրկնեն»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026թ․ հունիսի 24-ին խուզարկվել է Ա. Չալաբյանի բնակարանը։ Նա ձերբակալվել է։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որով նշել էր՝ Ա․ Չալաբյանը, լինելով «ՀայաՔվե» միավորման համակարգող, նպատակ է ունեցել խոչընդոտել 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը։ Ըստ վարույթի՝ 2026 թվականի մայիսին նա մեկնել է այլ երկիր և հանդիպումներ ունեցել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ՝ նրանց համոզելու և շահագրգռելու, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործեն այդ նպատակին հասնելու համար։

Ի դեպ, հաղորդման նկարահանումից հետո արդեն հայտնի դարձավ, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել է 2 ամսով։

Անդրադառնալով ընտրություններից հետո ադրբեջանցի պաշտոնյայի՝ Հիքմեթ Հաջիևի այցին ու հնարավոր նպատակներին և այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանի՝ «ռիսկեր կառավարելու» մտահոգություններին, հանրային-քաղաքական գործիչը հիշեցրեց «Կնքահայրը 2» ֆիլմում մի դրվագ։

«Երբ Մայքլ Կոռլեոնեի օգտին հանդես գալու համար Սիցիլիայից իրենց բարեկամներից մեկը գալիս է ու ընդամենը նստում Սենատի հատուկ հանձնաժողովում, եղբայրը տեսնում է նրա ներկայությունը և փոխում է իր ցուցմունքը, այն, ինչ նախապես պետք է խոսեր։

Հիքմեթ Հաջիևի այցը հենց նրա ներկայությունն էր Հայաստանում․ այդ օրը, եթե դուք հիշում եք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում էր 3 տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված հարցը։ Մենք տեսնում ենք, որ ընդունվում է հակաիրավական, հակասահմանադրական, հակաօրինական որոշում՝ թույլ չտալով այդ երեք տեղամասերում անցկացնել վերաքվեարկություն, որովհետև, եթե այդպես լիներ, «Բարգավաճ Հայաստան»-ը ստանալու էր իր մանդատները, և Փաշինյանը պառլամենտում զրկվելու էր պատգամավորների 3/5-ի հնարավորությունից։ Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստան գալը շատ խորհրդանշական դերակատարություն ուներ այդ հարցում»,- մանրամասնեց Մենուա Սողոմոնյանը։

Խոսելով երկրում կատարվողի հանդեպ միջազգային անհամարժեք արձագանքից՝ Մենուա Սողոմոնյանը դա պայմանավորեց պարզ հանգամանքով․ ըստ նրա՝ արտաքին ուժային կենտրոններին անհրաժեշտ է զիջող Հայաստան։

«Թույլ օղակ է անհրաժեշտ։ Այս իշխանությունները վերցրել են, հաճույքով ստանձնել են այդ դերը, զիջող Հայաստանի դերը»,- հավելեց նա։

Միջազգայնագետը վստահեցրեց նաև, որ կեղծ են դեպի Եվրոպա գնալու, ինքնիշխանության մասին հայտարարությունները։

«Երկրի ինքնիշխանությունն ուղիղ համեմատական է նրա ներքին պոտենցիալին․ ինքնիշխանությունը լիդերի աղաղակելով, գոռալով, տարբեր ճարտասան արտահայտություններով չէ, որ լինում է։ Ինքնիշխանությունը կառուցվում է քար քարի վրա դնելով, ներքին ուժը, ներուժը ավելացնելով։ Ինքնիշխանության կարևորագույն հայտանիշներից մեկը ներքին միասնականությունն է, ամուր համայնքն է, ամուր հասարակությունն է․ այն, ինչ որ մենք Հայաստանում բացարձակ չենք տեսնում։ Այսօր ժողովրդին տարբեր բանակների են բաժանել։

Եթե մենք չունենք արդյունաբերությունը որպես տնտեսության կարևորագույն հենք, ողնաշարը, եթե մենք տնտեսապես հետաքրքիր չենք ուժային կենտրոնների, նշանակում է, որ մենք ինքնիշխան չենք, փոքր պետությունը պետք է տնտեսապես հետաքրքիր լինի առաջին հերթին»,- նշեց մասնագետը։

Հստակեցմանը՝ արդյո՞ք TRIPP-ով հետաքրքիր չենք դառնում, նա արձագանքեց․ «Հետաքրքիր դառնում ենք հենց ինքնիշխանության կորստի առումով։ Այդ նախագիծը հենց ինքնիշխանության կորստի մասին է, որովհետև մեր ինքնիշխան սահմանը մենք չենք կարողանում հստակ վերահսկել, թե ով է անցնում մեր ինքնիշխան սահմանով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930