Գեյթսն ԱՄՆ Կոնգրեսին պատմել է, որ Էփշտեյնը փորձել է արտամուսնական կապերի մասին տեղեկությունով իրեն շանտաժի ենթարկել

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հայտարարել է, որ, իր կարծիքով, Ջեֆրի Էփշտեյնը փորձել է օգտագործել իր արտամուսնական կապերի մասին տեղեկությունները՝ իր վրա ճնշում գործադրելու և ազդելու համար, հաղորդում է CBS News հեռուստաալիքը։

Ըստ երեքշաբթի հրապարակված ցուցմունքների սղագրության՝ Գեյթսը հունիսի 10-ին գրեթե վեց ժամ վկայություն է տվել Էփշտեյնի գործով իշխանությունների գործողությունները և նրա հետ տարբեր անձանց ունեցած կապերը հետաքննող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեի առջև։

Գեյթսը հայտնել է, որ Էփշտեյնի հետ ծանոթացել է 2011 թվականին՝ երեք տարի անց այն բանից, երբ վերջինս Ֆլորիդա նահանգում ընդունել էր իր մեղքը անչափահասին պոռնկության մեջ ներգրավելու հետ կապված մեղադրանքներով։ Ըստ Գեյթսի՝ ինքը վերջին անգամ Էփշտեյնի հետ շփվել է 2015 թվականին՝ մարդկանց թրաֆիքինգի դաշնային մեղադրանքներով նրա ձերբակալությունից չորս տարի առաջ։

Նա ընդգծել է, որ չի իմացել Էփշտեյնի շարունակվող հանցավոր գործունեության մասին, սակայն տեղյակ է եղել նրա անցյալի քրեական գործերից։ Գեյթսը նշել է նաև, որ զարմացած է եղել, որ Էփշտեյնը գիտեր իր անձնական կյանքի մանրամասները, ներառյալ՝ երկու արտամուսնական կապերը, և փորձում էր օգտագործել այդ տեղեկությունները։

«Այդ կապերը որևէ առնչություն չունեին Էփշտեյնի հետ իմ շփումների հետ, բայց դրանք ցավ պատճառեցին իմ ընտանիքին»,- ասել է Գեյթսը՝ հավելելով, որ փետրվարին ինքն արդեն ներողություն է խնդրել իր հիմնադրամի աշխատակիցներից Էփշտեյնի հետ ունեցած շփումների համար։

Գեյթսը հայտարարել է, որ չի ենթարկվել շանտաժի, սակայն խոստովանել է, որ Էփշտեյնի նամակագրությունը մատնանշում է ճնշում գործադրելու փորձերը։

Նա միաժամանակ Էփշտեյնի հետ իր շփումներն անվանել է «դատողության լուրջ սխալ»՝ ընդգծելով, որ իրենց հանդիպումները կրել են սահմանափակ բնույթ և հիմնականում վերաբերել են բարեգործական նախաձեռնությունների քննարկմանը, որոնք այդպես էլ զարգացում չեն ունեցել։

Ըստ նրա՝ Էփշտեյնը փորձել է օգտագործել անձնական տեղեկությունը, որպեսզի ստիպի իրեն վերսկսել շփումը, սակայն այդ փորձերն անհաջող են անցել։

Գեյթսը հաստատել է նաև, որ Էփշտեյնի հետ հանդիպել է մոտ մեկ տասնյակ անգամ, ներառյալ՝ այցելությունները Նյու Յորքում և Փարիզում գտնվող նրա տներ, ինչպես նաև թռիչքը նրա ինքնաթիռով։

Լսումներից հետո արված հայտարարության մեջ նա նշել է, որ կողմ է գործի նյութերի հրապարակմանը և հույս ունի, որ իր ցուցմունքները կօգնեն արդարության հասնել զոհերի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930