Պարտքերը մարելու ժամանակը. Իշխանության համար Փաշինյանը վճարում է Հայաստանի հաշվին

Ըստ եվրոպական լրատվամիջոցների, հաջորդ շաբաթ Հայաստան է այցելելու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Եվրոպական մամուլի համաձայն, այս այցը դիտարկվում է՝ որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ ՀՀ իշխանություններին՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ քարոզչական վակխանալիա կկազմակերպեն իշխանությունները եվրոպական պաշտոնյաների այցի առիթով՝ այն ներկայացնելով որպես Նիկոլ Փաշինյանի վարած իմաստուն արտաքին քաղաքականության արտահայտություն և որպես ևս մեկ քայլ՝ ռուսական կախվածությունից փրկվելու ճանապարհին: Եվրոպացիներն, ամենայն հավանականությամբ, Երևանում նաև հնչեղ գումարային խոստումներ կտան, ինչով նույն քարոզչությունը հասարակությանը կկերակրի ևս մի քանի ամիս:

Իրականում, սակայն, ինչպես այս, այնպես էլ արդեն իսկ Հայաստան կայացած այլ այցերը վկայում են առաջիկայում սպասվող ոչ այնքան հաճելի իրադարձությունների մասին, որոնք անխուսափելիորեն պետք է հետևեին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:

Կարդացեք նաև

Ընդհանրապես, երկրում նոր իշխանության ձևավորումից/գործող իշխանության վերարտադրությունից հետո այդ իշխանության ղեկավարն է իր արտերկրյա առաջին մի քանի այցերով ցույց տալիս պետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Քաղաքական այդ ավանդույթի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ նախընտրական շրջանում հնչեցված ծրագրերը՝ հաղթող քաղաքական ուժը դարձնում է արդեն պետական քաղաքականություն, ինչի շուրջ էլ կոմունիկացվում է դաշնակից ու բարեկամ երկրների հետ: Այդ բանաձևի հիմքում էլ, իր հերթին՝ ընկած է դասական դրույթը,  որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է:

Հայաստանում դա խախտվել է ամբողջությամբ, այդ դրույթը գլխիվայր շրջվել է՝ ոչ թե պետության արտաքին քաղաքականությունն է հանդիսանում ներքինի շարունակությունը, այլ հակառակը՝ արտաքին քաղաքականությունն է ամբողջությամբ ձևավորում ներքին քաղաքականությունը, որովհետև գործող իշխանությունը վերարտադրվել է ամբողջությամբ արտաքին աջակցությամբ ու միջամտությամբ:

Բովանդակային առումով դա այն է, ինչն ընդունված է անվանել արտաքին կառավարում: Դասական պրոտեկտորատից Հայաստանը տարբերվում է նրանով, որ իշխանության փայատերերը մեկից ավելի են՝ ի դեմս հավաքական Արևմուտքի ու առանձին արևմտյան երկրների և արդեն թյուրքախոս պետությունների: Այլ հարց է, որ Ադրբեջանը հավակնում է ինչ-որ փուլում ստանձնել Հայաստանի իշխանության միակ սեփականատիրոջ դերը և այդ հարցում դեռևս միայն հաջողություններ է արձանագրում:

Պատահական չէ, որ ԱԺ ընտրություններից հետո Հայաստան այցելած առաջին օտարերկրյա պաշտոնյան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր: Վերջինս, ինչպես և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստան են գալիս ստանալու ընտրություններում ՔՊ-ի հաղթանակն ապահովելու դիմաց իրենց հասանելիք կամ իրենց խոստացված մասնաբաժինը:

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատրաստ է նրանցից յուրաքանչյուրին տալ իրենց ուզածը, այլ դա անում է մեծագույն հաճույքով՝ թքած ունենալով, որ իր այս գործողությունների արդյունքում Հայաստանից մնալու է միայն իր կրծքավանդակին փակցրած քարտեզի տնազը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930