ԱՄՆ-ն Իսրայելից չի պահանջում զորքերի դուրսբերում Հարավային Լիբանանից. Կաց
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելից չի պահանջում զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից. մի պայման, որը Լիբանանը առաջ է քաշում հրադադարի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում։ Դրա մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Թել Ավիվում տեղական առաջնորդների համաժողովի ժամանակ տված հարցազրույցում Կացը նշել է, որ Իսրայելն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը. այն չի ծրագրում դուրս բերել զորքերը։ Նրա պնդմամբ՝ այս պահին Վաշինգտոնը նույնպես համապատասխան պահանջ չի ներկայացրել։
«Մենք հայտարարել ենք, որ ամեն դեպքում չենք նահանջի, և այս պահին, ու սա դիվանագիտական ձեռքբերում է, չկա ամերիկյան պահանջ՝ Լիբանանից Իսրայելի դուրսբերման վերաբերյալ»,- ասել է Կացը։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք բանակը կկատարի՞ ԱՄՆ հնարավոր պահանջը ապագայում, նախարարն ընդգծել է, որ իրավիճակը քննարկել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիրքորոշումը հասցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ իսրայելական ուժերը Լիբանանում են՝ Իսրայելի հյուսիսի բնակիչներին պաշտպանելու համար։
Միաժամանակ, Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հանդես է եկել երկրի հարավում իսրայելական ռազմական ներկայության և լիբանանյան գործերին արտաքին միջամտության դեմ՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների ֆոնին, որտեղ քննարկվում են հնարավոր կարգավորման և «Հըզբոլլահ»-ի զինաթափման չափանիշները։
Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի ծավալուն դիվանագիտական գործընթացի ֆոնին:

