ԱՄՆ-ը ծրագրում է հավանություն տալ Թուրքիային 700 միլիոն դոլարի ավիացիոն շարժիչների վաճառքին. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է առաջ շարժվել Թուրքիային հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ավիացիոն շարժիչների վաճառքի հարցում՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսի առարկություններին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ չորս աղբյուրների։

Խոսքը General Electric ընկերության արտադրության շարժիչների մասին է, որոնք օգտագործվելու են թուրքական առաջին ազգային KAAN մարտական ինքնաթիռում։ Դա 2016 թվականին մեկնարկած պաշտպանական խոշոր նախագիծ է՝ սպառազինությունների արտասահմանյան մատակարարումներից Անկարայի կախվածությունը նվազեցնելու ջանքերի շրջանակում։

Աղբյուրներից մեկի տվյալներով՝ փաթեթի ընդհանուր արժեքը գերազանցում է 700 միլիոն դոլարը։

Չնայած առանձին օրենսդիրների, նրանց թվում՝ դեմոկրատ Գրեգորի Միքսի համաձայնության բացակայությանը, սպասվում է, որ գործարքի առաջմղման գործընթացը կավարտվի առաջիկա օրերին։ Դրանից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է պաշտոնապես ծանուցի Կոնգրեսին։

Նշվում է, որ գործարքն առաջ մղելու որոշումը դարձել է նշանակալի քաղաքական ժեստ Անկարայի հասցեին՝ հուլիսի 7–8-ը Թուրքիայի կողմից հյուրընկալվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին։

Ընդսմին, ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները մնում են լարված՝ F-35 ծրագրից Անկարայի նախկին հեռացման և ռուսական С-400 համակարգերի գնումից հետո պատժամիջոցների սահմանման պատճառով, ինչը Վաշինգտոնը համարում է սպառնալիք անվտանգությանը։

Միաժամանակ, աղբյուրներն ընդգծում են, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները ընդհանուր առմամբ ջերմ են մնում, իսկ ինքը՝ Թրամփը, պարբերաբար շեշտում է համագործակցությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930