ՊԵԿ․ հուլիսի 1-ից փոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-104-Ն օրենքը, որով փոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։
Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում պարտավորությունը չմարվի, և ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի պարտավորության գանձման, ինչպես նաև հարկ վճարողի բանկային հաշիվների դրամական միջոցների և օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։
Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, համապատասխան որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին հետևել իրենց հարկային պարտավորություններին և կատարել դրանք սահմանված ժամկետներում՝ հարկադիր միջոցառումները բացառելու համար։

