Ոստիկանների գործողություններին համարժեք գնատական տրվե՞լ է. պարզաբանում է փաստաբանը

Հունիսի  23-ին  Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում ոստիկանության 1 ծառայողի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, 1 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 7 ծառայողի՝ «խիստ նկատողություն»:

168.am-ը ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա համարժե՞ք գնահատական էր ոստիկանների գործողություններին: «Վերջին ժամանակներում ուսումնասիրելով մամուլում հնչեցված տեսակետները՝ ցանկանում եմ լրացնել, որ պետք է տարանջատվի, թե կոնկրետ որ ոստիկանին ինչ գործողության համար են ենթարկել կարգապահական պատասխանատվության, և ըստ այդմ, նոր ասվի՝ ճիշտ է դա, թե սխալ, որովհետև բացառված չէ, որ ոստիկանության աշխատողներից մեկը կատարած լիներ քրեորեն պատժելի հանցագործություն, մյուսը՝ զանցանք, մյուսն ընդհանրապես գործած լիներ օրենքի սահմաններում: Այսինքն՝ պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչի համար են կարգապահական պատասխանատվության ենթարկել, ինչպես նաև չպետք է շփոթել. չի կարող անձը քրեորեն պատժելի արարք կատարել և դրա համար իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկեն: Սրանք լրիվ տարբեր գործընթացներ են»,- ի պատասխան ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հարցին՝ արդյոք ոստիկանությունը կարո՞ղ էր ճիշտ գնահատական տալ իր ծառայողների գործողություններին, փաստաբանը պատասխանեց, որ գոյություն ունի համապատասխան մարմին, որը քննություն է կատարում՝ պարզելու համար՝ արդյոք ոստիկանի գործողություններում կարգապահական խախտում կա, թե ոչ: «Ես մի օրինակ բերեմ, որ ավելի պատկերավոր լինի: Հնարավոր է երկու փաստաբաններից մեկը կատարի գողություն, մյուսը՝ ոտնահարի իր վստահորդի շահերը, նրա շահերին հակառակ գործողություն կատարի: Եթե հայատարվում է, որ փաստաբաններից մեկի նկատմամբ վարույթ է սկսվել, և պետք է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել, դա չի նշանակում, որ մյուս փաստաբանին չպետք է քրեական պատասխանատվության ենթարկել: Փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապական պատասխանատվության ենթարկելու խնդիրը ևս դրված է Փաստաբանների պալատի վրա: Այդ կերպ ոստիկանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պարտականությունը դրված է ոստիկանության վրա, դատախազինը՝ դատախազության և այլն: Պարզապես չպետք է խառնել այն մարդամց, ովքեր թույլ են տվել կարգապահական զանցանքներ այն անձանց հետ, ում գործողություններում առկա է քրեորեն պատժելի արարք»,- ասաց փաստաբանը: Մեր հարցին՝ արդյոք հունիսի 23-ին քրեորեն պատժելի արարք գործած ոստիկաններ կայի՞ն՝ դատելով հրապարակված տեսանյութերից, փաստաբանը դրական պատասխան տվեց:

«Նույն անձը կարող է կատարել շարունակական մի քանի գործողություն, որոնցից մեկը կամ մի քանիսը լինեն քրեորեն պատժելի արարքներ, իսկ մյուս գործողությունների համար անձը ենթակա լինի կարգապահական պատասխանատվության: Այսինքն՝ եթե տվյալ անձին կարգապահական պատասխանատվության են ենթարկել իքս գործողություն կատարելու համար, բացառված չէ, որ իգրեկ գործողության համար ենթարկեին քրեական պատասխանատվության: Այստեղ մեր հասարակությունը պարզապես պետք է հետամուտ և պահանջատեր լինի, որպեսզի այն ոստիկանները, որոնք, օրինակ, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ենթարկվեն քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համապատասխան մասով»,- եզրափակեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս