Գյումրու նախկին գործարանային հանրակացարանում ամեն պահ համաճարակ կարող է բռնկվել (լուսանկարներ)
«Շիրակ կենտրոնը» ամիսներ առաջ անդրադարձել էր Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում տիրող հագահիգենիկ վիճակին, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Այդ մասին հնչեցրած ահազանգը մեծ արձագանք գտավ հանրապետությունում: «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի հետքերով հանրակացարան այցելեցին և տիրող իրավիճակը լուսաբանեցին բազմաթիվ ԶԼՄ-ներ:
Բարձրացված աղմուկից հետո այն հայտնվեց ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ Գյումրու կենտրոնական մասում գտնվող, կիսափլված ու կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ այդ հանրակացարանում, ամռան գալուն պես, առավել պայթունավտանգ է դառնում համաճարակների բռնկման վտանգը:
Այսօր մեր հերթական այցելության ժամանակ տեղեկացանք, որ կրկին մաշկային հիվանդությամբ, իր երկու մանկահասակ երեխաների հետ միասին, հիվանդանոց էին տեղափոխվել բազմազավակ ընտանիքներից մեկի մայրը: Ստորև ներկայացնում ենք լուսանկարային ռեպորտաժ Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանից: