«Այս պայմաններում բացառում եմ, որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը». Ռուբեն Սաֆրաստյան
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որտեղ նշել է, որ ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։
«Մենք կը յիշենք Ա. Համաշխարհային պատերազմի տարիներուն մեր ժողովուրդի կրած կորուստները, տեղահանութիւնը, տարագրութիւնը եւ այն անչափելի ցաւը, որ սերունդէ սերունդ փոխանցուած է։ Բայց այս յիշատակումը միայն անցեալի մռայլ էջերուն մէջ փակուելու համար չէ։ Այս յիշատակումը նաեւ կոչ մըն է՝ իմաստաւորելու մեր ապրածը եւ ուղղուելու դէպի ապագայ։
Այս հողերուն վրայ, ուր դարեր շարունակ տարբեր ժողովուրդներ կողք կողքի ապրած են, խաղաղ համակեցութեան աւանդը ծանր հարուած ստացած է այդ տարիներուն։ Սակայն նոյն այս աշխարհագրութիւնը մեզ կը յիշեցնէ նաեւ անխուսափելի ճշմարտութիւն մը՝ որ ժողովուրդները դատապարտուած չեն յաւերժ հակադրութեան, այլ կոչուած են համակեցութեան, երկխօսութեան եւ փոխադարձ ըմբռնման»,- իր ուղերձում նշել է Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
1915 թվականին՝ 111 տարի առաջ Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մինչև այսօր Թուրքիան չի ճանաչել և ընդունել։ Տարբեր ժամանակներում նա տարբեր պատրվակներ է առաջ քաշել՝ պատմական ճշմարտության հետ չառնչվելու համար։ Այդ պատրվակներից ամենատարածվածն այն է, որ Թուրքիան առաջարկում է այդ ամենը թողնել «պատմաբանների ուսումնասիրությանը»։
Ի՞նչ պայմաններում Թուրքիան կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը, այսօր Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունն այս ուղղությամբ ինչպիսի՞ն է։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Թուրքիան՝ որպես պետություն, երբեք մոտ չի եղել Հայոց ցեղասպանության ճանաչման, և կարծում է՝ երկար ժամանակ մոտ չի էլ լինելու։
«Կար մի ժամանակ, երբ մի խումբ էր ստեղծվել Թուրքիայում՝ մտավորականներ, ուսանողներ, գիտնականներ, որոնք Հայոց ցեղասպանության մասին խոսում էին այն լեզվով, որը տարբերվում էր պաշտոնականից, քանի որ պաշտոնական լեզուն առհասարակ մերժում է Հայոց ցեղասպանության փաստը։ Նրանք փորձում էին այլ ուղիներ գտնել Հայոց ցեղասպանության հարցը դիտարկելու համար, բայց այդ ամենը տևեց մի քանի տարի։ Երբ Թուրքիայում մեծացան բռնաճնշումներն այլախոհության նկատմամբ, այդ խմբում ներգրավված մարդկանց մի մասը մեծ հավանականությամբ լքեց Թուրքիան, իսկ մյուսներն էլ, որոնք մնացին, այս թեմայով այլևս չեն արտահայտվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ մեր զրուցակցի, այս պահին Թուրքիայում այլ տեսակետ՝ կապված Հայոց ցեղասպանության փաստի հետ, պաշտոնական մակարդակում հրապարակայնորեն գոյություն չունի։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայի կողմից այս գործընթացի վերաբերյալ հռետորաբանությունը որոշ առումով փոխվել է, ավելի դրական է դարձել։ Մյուս կողմից էլ տեսանելի է, որ տեխնիկական բնույթի խնդիրներ են, Թուրքիայի կողմից իրական քայլեր չեն արվում։
«Այս պայմաններում բացառում եմ, որ Թուրքիան կարող է փոխել իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Եթե մի պահ պատկերացնենք, որ ապագայում հայ-թուրքական հարաբերությունները գոնե դիվանագիտական առումով կկարգավորվեն, և Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, և այլն, չեմ կարծում, որ նույնիսկ այդ պայմաններում Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ»,- շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հարցին՝ այս պայմաններում ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի կողմից տարվող քաղաքականությունը, թուրքագետը պատասխանեց՝ երբ փորձում են Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ դիտարկել՝ պատմական տեսակետից, արձանագրում են, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու տեսակետից որևէ նախապայման առաջ չի քաշել, այսինքն՝ Հայաստանը երբեք չի պահանջել, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և միայն դրանից հետո Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի։
«Տասնամյակներ շարունակ սա եղել է ՀՀ քաղաքականությունը, հիմա դժվար է ասել՝ սա ճի՞շտ է, թե՞ սխալ, կարելի է այս հարցը քննարկել։ Համոզված եմ՝ Հայաստանը հետագայում ևս որևէ խոչընդոտ չի առաջացնի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համատեքստում ՝Հայոց ցեղասպանության խնդիրն առաջ քաշելով, այսինքն՝ պահանջ չի դնի Թուրքիայի առաջ, որ Թուրքիան ցեղասպանությունը դատապարտի, դրանից հետո միայն Հայաստանը հարաբերություններ հաստատի։
Կարծում եմ՝ սա առաջին հերթին Թուրքիայի համար է անհրաժեշտ, ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ անկախ Հայաստանի հետ հարաբերություններից, որպեսզի կարողանա ավելի դինամիկ զարգանա՝ որպես հասարակություն։ Տեսեք, Գերմանիան այդ խնդիրը լուծեց և ինչպես է զարգանում, և զարգանում է ոչ միայն տնտեսական առումով, այլև որպես հասարակություն»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա հույս ունի, որ Թուրքիայում կգա ժամանակ, երբ թուրք հասարակությունը կհասկանա, որ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, ոչ թե նույնացնում է անցյալի հանցագործության հետ, այլ ապագայի համար ճանապարհ է բացում։
«20-րդ դարում հայտնի թուրք գրող կար՝ Նազըմ Հիքմեթ, որը համարվում է թուրքական գրականության կարևոր դեմքերից։ Նա մի վեպ ունի՝ «Ռոմանտիկա», այդ վեպի հերոսը հետևյալ կերպ է արտահայտվում՝ «հայերի կոտորածը մեր ճակատի վրա մի մեծ սև բիծ է, եթե մենք ուզում ենք առաջ գնալ, պետք է այդ բիծը մաքրենք» ։ Կարծում եմ՝ սա պետք է դիտարկել թուրքական հասարակության հասունության խնդիր»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։



