«Բնականաբար, Հանրային հեռուստաընկերությունը պետք է հպանցիկ ամեն ինչ ցույց տար, այստեղ Վեհափառ Հայրապետի խոսքն էր կարևոր». Տեր Պսակ քահանա Մկրտչյան
Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Անմար կրակի մոտ Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ մատուցեց։
Հանրային հեռուստաընկերությունը, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ուղիղ եթեր է ապահովում, Վեհափառ Հայրապետի կողմից մատուցվող բարեխոսական կարգը մի քանի վայրկյան ուղիղ եթեր տվեց, այն էլ՝ առանց ձայնի։ Հուշահամալիրում աշխատող լրատվամիջոցները միայն ուղիղ միացմամբ կարողացան փոխանցել Վեհափառի ամբողջական ելույթը։
Ժողովրդի հարկերի հաշվին սնվող Հանրային հեռուստաընկերությունը ինչո՞ւ պետք է ուղիղ եթեր չտա նաև Վեհափառի աղոթքը։
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Պսակ քահանա Մկրտչյանի խոսքով՝ ժողովուրդը հարկատուն է, և Հանրային հեռուստաընկերությունն էլ գոյատևում է հարկերի հաշվին։
«Ժողովուրդն իր արդար ձայնը պետք է բարձրացնի, ժողովրդի այն հատվածը, որն իրեն համարում է Հայ Առաքելական եկեղեցու անդամ, զավակ, պետք է իր արդարացի ձայնը բարձրացնեն և ասեն, որ համահավասար իրավունքներ կան, և եկեղեցու հետ կապված Վեհափառ հայրապետի խոսքը պետք է բարձրաձայնվի, որովհետև դա մեր հավատացելոց, հավատացյալ զավակների իրավունքների ցանկությունն է՝ լսել իրենց եկեղեցու հովվապետի խոսքը։ Կարծում եմ՝ սա արդարացի պահանջ է, և որևէ մեկը չի կարող ասել, թե դա ապօրինի, ոչ օրինական պահանջ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Քահանայի կարծիքով՝ Հանրային հեռուստաընկերության գործելաոճը տեղավորվում է հակաեկեղեցական արշավի մեջ, իրենց կողմից տրամաբանական էր։
«Վստահ եմ, որ Վեհափառի խոսքը եղել է ու պիտի մշտապես լինի հայրենատիրության, հայրենապահանջության, ազգապահպանության, արժեքների մեծարման, Արցախի հարցի հետ կապված, մեր քույր և եղբայրների բռնի տեղահանման, մշակութային կոթողների հետ կապված։ Բնականաբար, Հանրային հեռուստաընկերությունն այստեղ կապ չունի, քանի որ սպասարկում է այլ օրակարգ։ Բնականաբար, պետք է հպանցիկ ամեն ինչ ցույց տար, կադրերով անցներ, և վստահ եմ, որ այստեղ Վեհափառ Հայրապետի խոսքն էր կարևոր, քան թե ուղղակի կադրերի ցուցադրումը»,- ընդգծեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։



