«Եթե ձեզ համար նորություն է, ինձ համար 20 տարի է՝ նորություն չէ. երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի». Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի աղմկահարույց հայտարարության մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թոռնիկների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որի ժամանակ լրագրողները հնարավորություն ունեցան Երրորդ նախագահին մի քանի հարց ուղղելու։
Մասնավորապես՝ 168.am-ը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ օրվա իշխանությունը չի վիրավորվում, որ Ադրբեջանն օկուպացված Արցախում ոչնչացնում է հայկական հուշարձանները, բայց վիրավորվում է, երբ ջահերով երթի ժամանակ Երևանում այրում են Թուրքիայի դրոշը։
Պատասխանելով, Սերժ Սարգսյանն ասաց.
«Իրենց քաղաքականությունն է ախր, դա նորություն չէ, մի քանի օր առաջ էր չէ՞, երբ հարցրեցիք, թե ինչ-որ միջոցներ կձեռնարկե՞ն՝ կապված Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման հետ, ես պատասխանեցի՝ ոչ, այսինքն՝ ակնհայտ բաներ են»։
Հարցին՝ այս քայլով իշխանությունը ցանկանում է մոռացությա՞ն մատնել Արցախը, մշակութային հուշարձանները, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ-ոք չի կարող մոռացության մատնել։
«Բառիս բուն իմաստով եմ ասում։ Այն, որ իրենք ուզում են մոռանալ, դա իրենց գործն է, բայց անհնար է, նորից եմ կրկնում՝ ոչ-ոք չի կարող մոռացության մատնել։
Ապրիլի 24-ը միշտ ինձ համար այլ օր է եղել, ոչ թե սովորական առօրեական օր»,-հավելեց Երրորդ նախագահը։
Լրագրողները մեջբերեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե՝ իր կողմից սխալ է եղել Սերժ Սարգսյանին իրեն փոխարինող ընտրելը, Սերժ Սարգսյանն արձագանքեց.
«Եթե ձեզ համար դա նորություն էր, ինձ համար նորություն չէր, ես գրեթե 2 տասնամյակ է, որ այդ նույն բառերը տարբեր աղբյուրներից լսել եմ, երեկ էլ սկզբանղբյուրից լսեցի՝ ինձ համար նորություն չէ։
Մեր կողմից ես չեմ տեսնում հակամարտություն, հակադրություն, մենք դրա կողմնակիցը չենք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



